ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է

Թբիլիսիում՝ Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող պետական գույքն աճուրդում վաճառվել է 34 մլն 810 հազար լարիով, ինչը 21 մլն լարիով ավելի է մեկնարկային գնից։

Նշված շենքում մինչև անցյալ տարի տեղակայված էր ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության տեղեկատվական կենտրոնի գրասենյակը, որը լուծարվել էր 2025 թվականին։

Աճուրդն ավարտվել է օգոստոսի 13-ին։ Կառույցը գտնվում է Թբիլիսիի Շալվա Դադիանիի փողոց N2 / Կոտե Աբխազի փողոց N1 հասցեում և ներառում է 478 քմ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս ու դրա վրա գտնվող շենք-շինությունը։ Գույքի վաճառքը ենթադրում է նաև ներդրումային պարտավորություններ։
«Պետական գույքի ազգային գործակալության» վաճառքի հանած օբյեկտի մեկնարկային գինը 14 մլն 80 հազար լարի էր։
Շենքն ունի մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Գույքի մասնավորեցման պայմանն է առավելագույնը 4 տարվա ընթացքում առնվազն 5 մլն լարիի ներդրում անելը և տարածքում բիզնես-օբյեկտի (հյուրանոց, գրասենյակ, առևտրի կամ սննդի սրահ) գործարկումը։

«Գույքի մասնավորեցման պայմանների համաձայն՝ առուվաճառքի համապատասխան պայմանագրի կնքումից հետո՝ ոչ ավելի, քան 48 ամսվա ընթացքում, անձամբ կամ երրորդ անձանց միջոցով, մասնավորեցվող անշարժ գույքում առևտրային/բիզնես գործունեություն ծավալելու նպատակով պետք է ստեղծվեն և սկսեն գործել գրասենյակային տարածքներ, միջազգային օպերատոր ընկերության (կամ դրանց մասնաճյուղերի) ցանցային հյուրանոց(ներ), առևտրի կամ սննդի օբյեկտ(ներ) (բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների առօրյա առևտրի կետերի)», — նշված է աճուրդի վերաբերյալ տեղեկության մեջ։

Սեփականատերը նաև պարտավոր է առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո ոչ ավելի, քան 1 ամսվա ընթացքում Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կամ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կնքել մասնավորեցվող անշարժ գույքի՝ որպես հուշարձանի պահպանման ու խնամքի պայմանագիր։

Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները՝ Իրանի դեմ պատերազմում, ըստ Վենսի

Միացյալ Նահանգների համար Իրանի դեմ պատերազմում ներկայումս գլխավոր առաջնահերթություն է հանդիսանում ոչ թե միջուկային ծրագիրը, այլ ամերիկացի սպառողների համար վառելիքի գների նվազեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իր հերթին, Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտարարել է, որ անխուսափելի են նոր սանկցիաները Իրանի դեմ, որոնք միտված են լինելու տնտեսապես թուլացնելու Թեհրանին։ Այս մասին հայտնում է Agence France Presse պարբերականը։

Հոդվածում ասված է, որ այն, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նման մեկնաբանություններ են անում, վկայում է այն մասին, որ Թեհրանը շատ լուրջ լծակ է ստացել, փակելով Հորմուզի նեղուցը։ Ամենայն հավանականությամբ Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը, որի անթույլատրելիության մասին մշտապես խոսում է նախագահ Թրամփը, արդեն երկրորդ պլան է գնացել՝ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովման համեմատ։

Թիկնիզյանը հեռանում է Ցրվենայից․ հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան հայ պաշտպանը

Թիկնիզյանը հեռանում է Ցրվենայից․ հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան հայ պաշտպանը

Լեհաստանում բացվել է 55,6 մետր բարձրությամբ Սուրբ Կույս Մարիամի արձանը. այն անվանում են ամենաբարձրը Եվրոպայում

Լեհաստանի Կոնոտոպե գյուղում, որտեղ բնակվում է 150-ից պակաս մարդ, շաբաթ օրը հանդիսավորությամբ բացվել է 55,6 մետր բարձրությամբ Սուրբ Կույս Մարիամի հսկայական արձանը, հայտնում է Associated Press-ը։

Հուշարձանը, որը համարվում է Եվրոպայում նմանատիպ ամենաբարձր կառույցը, ֆինանսավորել է երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկը։

Քանդակային ամբողջ կոմպոզիցիայի բարձրությունը կազմում է 55,6 մետր՝ ներառյալ թագի տեսքով 15-մետրանոց պատվանդանը։ Այսպիսով, արձանը բարձրությամբ գերազանցում է Ռիո դե Ժանեյրոյի հայտնի Քրիստոս Փրկչի արձանին, որը պատվանդանի հետ միասին հասնում է մոտ 38 մետրի։ Այն նաև ավելի բարձր է Լեհաստանի Սվեբոձին քաղաքում գտնվող Քրիստոս Թագավորի արձանից, որը հիմքի հետ միասին բարձրանում է մոտ 52 մետր։

Միևնույն ժամանակ, աշխարհում գոյություն ունեն Սուրբ Կույս Մարիամի ավելի բարձր արձաններ։ Օրինակ՝ Ֆիլիպիններում գտնվող հուշարձանը հասնում է մոտ 98 մետրի։ Սակայն լեհական արձանը համարվում է ամենամեծը Եվրոպայում։

Հուշարձանը պատվիրել են տեղի միլիոնատերեր Ռոման և Գրաժինա Կարկոշիկները, որոնք ապրում են Կոնոտոպեից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող պալատում։ Ռոման Կարկոշիկը հարստացել է ձեռնարկատիրական գործունեության և Վարշավայի ֆոնդային բորսայում ներդրումների շնորհիվ։

Ամուսինները հայտարարել են, որ արձանը Աստծուն ուղղված իրենց երախտագիտության արտահայտությունն է։ Նրանց վկայությամբ, կառուցման գաղափարը ծագել է Ռոման Կարկոշիկի հիվանդությունից հետո։

Պատվանդանի ներսում կառուցվել է դիտահարթակ։ Տեղական իշխանությունները հույս ունեն, որ հուշարձանը դեպի փոքր գյուղ կգրավի ուխտավորների և զբոսաշրջիկների ու կդառնա կրոնական զբոսաշրջության նոր կենտրոն։

Լեհաստանը մնում է Եվրոպայի ամենակաթոլիկ երկրներից մեկը, թեև վերջին տարիներին եկեղեցու ազդեցությունը հասարակական կյանքի վրա աստիճանաբար նվազում է, հատկապես երիտասարդության և խոշոր քաղաքների բնակիչների շրջանում։ Գյուղական վայրերում և ավագ սերնդի շրջանում Կաթոլիկ եկեղեցին դեռևս զգալի ազդեցություն է պահպանում։

Ազնավուրի «Les plus belles chansons» ալբոմը ոսկե հավաստագիր է ստացել Ֆրանսիայում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» ալբոմը Ֆրանսիայում պաշտոնապես արժանացել է ոսկե կարգավիճակի․ Ֆրանսիայի Ձայնագրության ազգային սինդիկատի տվյալներով՝ ժողովածուի համարժեք վաճառքների թիվը գերազանցել է 50 հազարի նշագիծը։

2025 թվականի սեպտեմբերի 26-ին թողարկված այս ամենավաճառված ժողովածուն ներառում է երգչի լավագույն ու սիրված ստեղծագործությունները, այդ թվում՝ «La Bohème», «Emmenez-moi» և «Hier encore» անմահ հիթերը, ինչպես նաև Դալիդայի ու Ռեյ Չարլզի հետ համատեղ ձայնագրված հազվագյուտ դուետները։

Թամարա Քալանթարյան

Նիկոլենց ձիով քայլը – Հրապարակ

Նոր սահմանադրության նախագծի տեքստը, ըստ պաշտոնյաների, պետք է հրապարակվեր այս տարվա մարտին: Այնուհետեւ ժամկետը երկարաձգվեց մինչեւ տարեվերջ, ինչը պայմանավորված էր հասարակության արձագանքի անորոշության առումով վախով, քանի որ դժվար էր ընկալելը, թե ինչպիսի բնույթ կկրի այն: Նախագիծը կհրապարակվի այն ժամանակ, երբ Նիկոլը վստահ լինի, որ ԱԺ-ում «մարդագողությունը» հաջողություն է ունենալու, որովհետեւ հրապարակումից հետո անորոշ երկար ժամանակ հարցը բաց պահելը բացասաբար է ազդելու դրսում իր հեղինակության վրա, ինչը, բնականաբար, իրեն ձեռք չի տալիս: Հետաձգումն էլ վկայում է այն մասին, որ իրավապահները դեռեւս չեն կարողացել գտնել «մարդագողության» համար հարմար մի քանի հոգու:

Մի փոքր շեղվեմ թեմայից: Չգիտեի, որ «սրիկայաբար» բառը խորհրդարանում բարեվարքության այն ծայրահեղ խախտումն էր, որը կարող է հանգեցնել Էդգար Ղազարյանի կողմից մանդատ վայր դնելու հարց քննարկելուն: Փաստորեն, այսօր մենք ապրում ենք գերբարեկրթության ժամանակաշրջանում, բայց դրա առումով մինչեւ այս պահը տեղյակ չենք եղել: Բայց ինձ զարմացնում է ոչ թե Նիկոլենց, այլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի արձագանքը: Հարց է ծագում, թե 9-րդ գումարման ԱԺ-ն իսկապե՞ս միտք ունի վերածվելու բարեվարքության բաստիոնի: Ու, որքան էլ զարմանալի հնչի, դրան հավատո՞ւմ է արդյոք Նարեկ Կարապետյանը, որը, ինչպես երեւաց, որոշել է համապատասխան վերաբերմունք ցույց տալ «սրիկայաբար» բառի արտասանմանը: Այլապես ինքը կպատասխաներ, որ ոչ մի խնդիր չի տեսնում դրանում՝ հաշվի առնելով նախընտրական շրջանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, նույն Ռուբինյանի եւ այլ ՔՊ-ականների օգտագործած բառամթերքը:

Իսկ հիմա ասեմ այն, հանուն ինչի կատարվեց այս շեղումը սահմանադրության նախագծի թեմայից: Հեռու լինելով դավադրապաշտությունից՝ չեմ կարող չենթադրել, որ այդ հարցում առկա է մի քանի քայլանի կոմբինացիա: Բնականաբար, մշակված Նիկոլենց կամ հենց անձամբ Նիկոլի կողմից: Որովհետեւ ողջ քարոզարշավը քաղաքական կոռեկտությունից կիլոմետրերով հեռու անցկացրած Նիկոլը միանգամից չէր կարող վերափոխվեր 180 աստիճանով, հատկապես որ չկարողացավ հասնել իր գերնպատակին՝ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ունենալուն: Ուրեմն չէր կարող լինել նաեւ որեւէ հիմք, որպեսզի փողոցային բառապաշարը վերափոխվեր քաղաքակրթականի: Ասվածը նշանակում է, որ որոշում է ընդունվել ինչ-ինչ նպատակով ԱԺ-ում ձեւավորել կեղծ բարեվարքության մթնոլորտ: Մնում է հարցը, թե ինչ նպատակով:

Ահա, այստեղ էլ օգնության է գալու թեմայից մի փոքր շեղվելը: Այդ կեղծ մթնոլորտը պետք է լիներ այն պատրանքային իրականությունը, որը պետք է պարուրեր Նարեկ Կարապետյանին: Այս մի քանի ամիսը բավարար էր, որպեսզի գիտակցեի, թե ինչպիսի բարեկիրթ ու փափուկ բնավորության տեր անձ է նա: Չխաբվենք թեկնածուների մասնակցությամբ կլոր սեղանի շուրջ նրա, այսպես կոչված, տղամարդկային ելույթին: Վստահ եմ, որ մի քանի րոպե այդպես խոսելու համար նա պարապել է բավական երկար ժամանակ: Ես դա բացասական առումով չեմ ասում, ընդամենը արձանագրում եմ այդ անձի խառնվածքը: Եվ այդպիսի ղեկավարի պարագայում Նիկոլենց կողմից պետք է օգտագործվեր Էդգար Ղազարյանի բարձրաձայնած «սրիկայաբար» բառը, ինչը հանգեցնելու է եթե ոչ մանդատի կորստի, ապա առնվազն խմբակցության ներսում տհաճ խոսակցության, ինչն արդեն ճեղք է դառնալու ընդհանրապես ընդդիմության մեջ եւ ինչը վաղ թե ուշ կարող է մեծանալ, ավելի ճիշտ՝ Նիկոլն ամեն ինչ անելու է, որպեսզի այն մեծանա: Իսկ դրանից հետո մի քանի հոգի խմբակցությունից դուրս հանելը կլինի արդեն տեխնիկայի հարց, ինչին հիանալի տիրապետում է Նիկոլը՝ ձեռքում ունենալով անհրաժեշտ բոլոր լծակները:

Կարող է հարց առաջանալ հոդվածի վերնագրի առումով, թե Նիկոլը որտեղից իմանար, որ Էդգար Ղազարյանի առումով կարող էր ծագել նման խնդիր: Նիկոլը, իհարկե, չէր իմանում՝ ինքը ո՛չ Նոստրադամուս (1503-1566) էր, ո՛չ Էդգար Քեյսի (1877-1945) եւ ո՛չ էլ Վանգա (1911-1996) եւ ո՛չ էլ մեկ այլ պայծառատես: Նա պրակտիկ քաղաքական գործիչ է ու, ըստ այդմ, Էդգարին մղեց իրենից դուրս գալուն: Մղեց 2024-ին հայ սակրավորի վերաբերյալ՝ համատեքստից դուրս հանած նրա արտահայտության շուրջ պատմություն սարքելով: Եվ կարթը գործեց, եւ ոչ միայն Էդգարի, այլեւ դրանից առաջ Նարեկ Կարապետյանի առումով, որն Էդգար Ղազարյանի վրա հարձակման ընթացքում ոչ թե պաշտպանեց իր ղեկավարած խմբակցության անդամին, այլ խոստացավ քննարկել հարցը: Այնինչ, ընդամենը պետք է պատասխաներ, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, ու կպատասխանի ճշտելուց հետո:

ՀԳ. Անկեղծ ասած, ես էլ էի մոռացել, թե ինչի մասին է խոսքը, քանի որ իշխանության կողմից Էդգար Ղազարյանին մեղսագրվող խոսքի բովանդակությունը բացարձակ հարիր չէ նրա էությանը: Դիմեցի ԱԲ-ին, ու պարզվեց իշխանական մեղադրանքի մանիպուլյացիոն մեխանիզմը: Մի խոսքով, Էդգարին «փչացնելու» (ներողություն եմ խնդրում նրանից այդ բառն օգտագործելու համար) ձիով քայլը կատարեց իր դերը: Թե ինչով կավարտվի այդ պատմությունը՝ դժվարանում եմ պատկերացնել:

ՔՊ-ական Մհեր Ախտոյանի մորը ոստիկանները տարել են Մերձավան. ի՞նչ է կատարվել․ «Հրապարակ»

ՔՊ-ական Մհեր Ախտոյանի մորը ոստիկանները տարել են Մերձավան. ի՞նչ է կատարվել․ «Հրապարակ»

NYT․ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան փորձում են թույլ չտալ, որ Թրամփն ու Պուտինը Ուկրաինայի հարցով գործարք կնքեն առանց Եվրոպայի մասնակցության

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան փորձում են Ուկրաինայի հարցով բանակցությունների միասնական եվրոպական ձևաչափ ձևավորել՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Եվրոպային դուրս թողնել Ռուսաստանի հետ ապագա պայմանավորվածություններից, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով, Փարիզն ու Բեռլինն արդեն գլխավորել են միասնական եվրոպական դիրքորոշման մշակման աշխատանքը։ Լոնդոնը քննարկումներին մասնակցում է ավելի զգուշավոր, քանի որ մտավախություն ունի Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների բարդացման վերաբերյալ։

Եվրոպական երկրները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ կայանան, դրանցում, ամենայն հավանականությամբ, առանցքային դեր կխաղա ԱՄՆ-ն։ Միաժամանակ եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ համաձայնությունն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները չափազանց մեծ նշանակություն ունեն Եվրոպայի անվտանգության համար, որպեսզի դրանք ամբողջությամբ հանձնվեն միայն Վաշինգտոնին։

Եվրոպական երկրների գլխավոր խնդիրը բանակցություններին մասնակցություն ապահովելն է և թույլ չտալը, որ ռուս-ամերիկյան գործարք կնքվի առանց Եվրոպայի շահերը հաշվի առնելու։ Միաժամանակ Բրյուսելում ընդգծում են, որ տարբեր դիվանագիտական նախաձեռնությունները չպետք է մրցեն միմյանց հետ։

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, որոնք հայտնի են որպես E3, իրենց դիտարկում են որպես Ուկրաինայի աջակցությանը միտված եվրոպական բանակցային խմբի կորիզ։ Այս երեք երկրները նաև «ցանկացողների կոալիցիայի» հիմնական մասնակիցներն են, որը զբաղվում է Կիևի համար ապագա ռազմական և պաշտպանական երաշխիքների տարբերակների մշակմամբ։

Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյաները անհրաժեշտ են համարում քննարկմանը ներգրավել Լեհաստանին, Իտալիային և Հյուսիսային Եվրոպայի երկրներին, իսկ Եվրամիությունը պետք է տեղեկացված լինի և հետագայում անմիջականորեն ներգրավվի գործընթացում։ Որոշ պետություններ, առաջին հերթին Բալթյան երկրներն ու Հունգարիան, լիովին չեն վստահում Ֆրանսիային և Գերմանիային համաեվրոպական շահերը ներկայացնելու հարցում։

Եվրոպական երկրները նաև մտահոգված են Մոսկվայի՝ լուրջ բանակցությունների պատրաստակամության նշանների բացակայությամբ։ Ինչպես նշվում է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել առնվազն Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու վրա։

Եվրոպացի առաջնորդների՝ Մոսկվայի հետ ինքնուրույն կապեր հաստատելու փորձերը առայժմ տեսանելի արդյունքներ չեն տվել։ Հունիսին Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ, որը համակարգում է ուկրաինական ուղղությունը։ Զուգահեռաբար Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան փորձում էր ռուսաստանյան ներկայացուցիչների հետ բացել առանձին դիվանագիտական ալիք։

Սակայն ռուսաստանյան կողմը քննադատաբար է արձագանքել այս նախաձեռնություններին։ Գալուզինը հայտարարել է, որ երեք եվրոպական երկրները «մղում են Ուկրաինային՝ շարունակելու պատերազմը Ռուսաստանի դեմ»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, հայտարարել է, որ «երբ բանակցությունները սկսվեն, եվրոպացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան գործում են Ուկրաինայի ուղղակի խնդրանքով։ Ըստ նրա, երեք երկրների համագործակցությունը տրամաբանական է, քանի որ դրանք խոշոր եվրոպական պետություններ են և զգալի ներդրում ունեն Կիևի ռազմական աջակցության գործում։

«Մենք կորոշենք, թե ով կներկայացնի Եվրամիությունը, երբ սկսվեն բանակցությունները», — ասել է Մերցը։

Եվրոպացի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ Մոսկվայի հետ հաղորդակցության սեփական ուղիղ ալիքի բացակայությունը կարող է թուլացնել Եվրոպայի դիրքերը։ Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Մարկ Լեոնարդը նման ալիքների բացակայությունը 2022 թվականին հակամարտության սկսվելուց հետո անվանել է «գրեթե հանցավոր պարտականությունների չկատարում»։

Միաժամանակ գերմանացի անվտանգության հարցերով փորձագետ Նորբերտ Ռյոթգենը կարծում է, որ Մոսկվան առայժմ շահագրգռված է Արևմուտքը պառակտելու մեջ և ձգտում է Եվրոպայի հետ փոխգործակցել Վաշինգտոնի միջոցով։

Եվրոպացի դիվանագետները նաև չեն ցանկանում, որ կրկնվի ամերիկյան 28 կետից բաղկացած կարգավորման ծրագրի հետ կապված իրավիճակը, որը Վաշինգտոնն ու Մոսկվան 2025 թվականին քննարկում էին առանց եվրոպական երկրների լիարժեք մասնակցության։ Գերմանացի նախկին դիվանագետ Հանս-Դիտեր Լուկասը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է կրկին հայտնվի «իրադարձությունների հետևում»։

«Եվրոպացիներն ունեն հաղթաթղթեր, բայց մենք պետք է դրանք խելամտորեն խաղարկենք», — ասել է նա։

Всё хорошо, прекрасная маркиза – Հրապարակ

Երբ լսում եմ Նիկոլ Փաշինյանին` կառավարության նիստ լինի, դրան հաջորդած բրիֆինգ, թե որևէ այլ առիթ, ամեն անգամ հիշում եմ «Всё хорошо, прекрасная маркиза» Ուտյոսովի հայտնի երգը (ի դեպ, սա ֆրանսիական երգի թարգմանություն է):

Փաշինյանը ծառայի դերում է, մեր ժողովուրդը` մարքիզայի: Երգի մեջ, եթե հիշում եք, ծառան մարքիզային փորձում է ներկայացնել, որ ամեն ինչ հրաշալի է, հետո ի՞նչ որ ձին է սատկել, ձիանոցն ու տունն են հրդեհվել, ամուսինը սնանկացրել է իրեն ու ինքնասպան եղել, այդ փոքրիկ «տհաճ անակնկալներից» բացի` ամեն ինչ հրաշալի է:
Մեր «երգում» ժողովրդի «ծառան» ամեն օր մեզ ասում է` ոչինչ, որ հազարներով զոհեր ու վիրավորներ ենք տվել, Արցախն ենք հանձնել, թշնամու զորքը մեր տարածքում դիրքավորվել է, թշնամուն առանց մի կրակոցի ամբողջական շրջաններ ու միջպետական ճանապարհ ենք նվիրել, գյուղերի միջով պատ ենք շարել, վարելահողերը հանձնել, ականազերծել անվտանգության գոտին ու զիջել թշնամուն, իսկ հիմա արդեն ադրբեջանցի չափագրողներն անարգել մտնում են մեր երկիր ու սահման են գծում, էլեկտրական սյուների տեղորոշում անում, որ մեր ատոմակայանը փակեն ու ստիպեն իրենցից հոսանք գնել:

Ոչինչ, որ Ալիևը մեզ ստիպում է Սահմանադրություն փոխել, Անկախության հռչակագրից հրաժարվել ու պարբերաբար հայտարարում է, որ չկա Հայաստան, այլ կա «Արևմտյան Ադրբեջան»…
Всё хорошо, прекрасная маркиза, ոչինչ, որ քննարկվում է Տիգրանաշենը և Հայաստանից նոր կտորներ ագրեսորին հանձնելու հարցը, և մեր «խաղաղասեր» հարևանն ուզում է դեպի Վրաստան գնացող մեր միջպետական ճանապարհն էլ զավթել (իսկ սրանք ոչ թե դիմադրում են, այլ ահռելի գումարներ են հատկացրել ու շտապ -շտապ շրջանցող ճանապարհ են կառուցում):

Մյուս ոլորտներում էլ` всё хорошо, прекрасная маркиза, հետո ի՞նչ, որ Հայաստանից արդեն քանի ամիս է գյուղմթերք, ծաղիկ, ձուկ չի արտահանվում Ռուսաստան և լիքը մարդ կոցրել է եկամտի միակ աղբյուրը: Իսկ այլ շուկաներ հայկական ապրանքների համար բացելը դժվար գործ է և այս իշխանության խելքի բանը չի:
Հետո ի՞նչ, որ շուտով կարող է ԵԱՏՄ շուկան լրիվ փակվի մեզ համար, կամ թռիչքները` Ռուսաստանից Հայաստան չեղարկվեն, կամ` գազի գինը թանկանա, կամ` հայերին դեպորտ անեն:

Հետո ի՞նչ, որ Ծառուկյանի բիզնեսները խլելուց հետո ոչ մի ներդնող այլևս Հայաստան ոտք չի դնի: Իսկ եթե Ռուսաստանի հետ ավելի լարվեցին հարաբերությունները` զբոսաշրջիկների հոսքն էլ խիստ կնվազի:
Հետո ի՞նչ, որ բուհ դիմողների քանակը 8 տարում 2 անգամ կրճատվել է, ծնելիությունն ընկել է, երեխաների նկատմամբ սեռական և այլ բռնության դեպքերն ու թմրամոլությունն աճել է, բանակում խաղաղ պայմաններում ինքնասպանություններն են շատացել…

Էս բոլորը մանրուքներ են, прекрасная маркиза, ամեն ինչ հրաշալի է, քանի դեռ…ինքը նստած է այդ աթոռին, վայելում ու տնօրինում է բյուջեն, որը մեր բոլորիս հարկերից է ձևավորվում, քանի դեռ բացարձակ կամայականորեն մարդ է նշանակում ու ազատում, ճակատագրեր տնօրինում, արտոնություններ բաշխում…անգամ «արդարադատությունն» ինքն է իրականացնում…

Չէ որ ոչ ձեռքը բռնող կա, ոչ որևէ կառույցից պատժվելու վախ ունի (անգամ Աստծու դատաստանից), ոչ հասարակական վերաբերմունքից է զգուշանում, ոչ մարդկային տարրական ամոթ ու պարկեշտություն ունի, ոչ հայրենիքի համար ցավ ու ափսոսանք է զգում…

Կիևում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգն ու տարածաշրջանային հարցեր

Օգոստոսի 15-ին ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին…