Նոյեմբերի 9–ը ոմանց համար դասեր քաղելու օր է, ոմանց նրանց համար հասկանալու, որ այն, ինչ արել կամ չես արել տարիների ընթացքում բումերանգի նման վերադառնալու հետևանք ունի, ինչպես նաև հիշելու այս օրը, թե ինչ ստորագրվեց, ինչ պայմաններում։ ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին, «Եռաբլուր» պանթենում լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։
«Ես, օրինակ, չեմ կարողանում երբեք այս օրը մոռանալ այն համատեքստում, որ դրանից հետո հնչող իշխանության հայտարարությունները, թե հնարավոր էր այս դադարը տեղի ունենար ավելի վաղ, քան նոյեմբերի 9-ին և հետևաբար կունենայինք ավելի քիչ զոհեր, սակայն դա տեղի չի ունեցել ինչ-որ արդարացումների բացատրությունների համատեքստում, սա ինձ համար ամենացավոտն է։
Այն, ինչ արեց այս իշխանությունը այդ օրերին և դրանից հետո ուղղակի համեմատության եզր չունի, որովհետև տրված էր ժամանակ Արցախի առնվազն մի կտոր հայկական պահելու, որոշ ժամանակ վերակազմակերպվելու, կազդուրվելու և բարոյահոգեբանական այդ վիճակից դուրս գալու և կարողանալու այդ հինգ տարիների ընթացքում այնպիսի իրավիճակի բերել Հայաստանը և ընդհանուր դիվանագիտությունը, որպեսզի կարողանանք այդ կտոր Արցախը հայկական պահել։
Կներեք, հուզվում եմ, որովհետև ամեն անգամ նորից վերապրում եմ։ Նոյեմբերի 9–ից հետո էլ մենք չենք կարողացել վերաիմաստավորել պատահածը ու այսօր էլ չի ստացվում։ Հետևաբար, այս դառը օրը ինձ համար շատ ցավալի օր է, և ամեն անգամ նորից մտորելու, թե ինչ պիտի այլ կերպ անենք, որ երբևէ նման հանգրվանի չգանք այլևս»,–ասաց նա։
Նրա խոսքոբ, այն իշխանությունը, որ մինչ այսօր Հայաստանի ղեկին է, այլ բան քան, Հայաստանի կործանում, չի կարող անել, չի անում. «Այն քայլերը, որ հաջորդաբար իրականացրեց, դա ուղիղ տանում է դեպի հայոց պետականության վերացման։
Արցախցիների իրավիճակը գնալով վատթարանում է, և դա հնարավորություն չի տալիս մնալու թեկուզ Հայաստանում։ Երբ այս իշխանությունը վերարտադրվում է ամեն անգամ, ես հասկանում եմ, որ մեր պետականության կորուստին մի օրով ավելի ենք մոտենում, բայց դա իհարկե հնարավոր է կասեցնել»։ Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հայ գերիներին մինչ օրս պահում Բաքվում, Թանդիլյանը պատասխանեց. «Նպատակը հայ ժողովրդին պատժելն է, հայ ժողովրդին ասել՝ ներողություն խնդրիր, Հայաստանի իշխանությանը տրորել, ոտնատակ անել, իսկ քանի որ իշխանություններն անինքնասիրության և անարժանապատվության սիմվոլ են մեր հասարակությունում, դա դարձնել մեզ ներկայացնողներ։
Ադրբեջանը Հայաստանին չի դիտարկում որպես գործընկեր, ում հետ ինքը խաղաղություն է կնքում, նա Հայաստանը դարձնում է մի տարածք, որից ինքը կորզելու է ամեն բան ժամանակի ընթացքում՝ կախված իրավիճակից։ Նա ընդհանրապես չի ուզում գերիների մասով որևէ գործողություն անել։ Դա մեր նսեմացման, ստորացման ակտ է, և նա պահելու է այնքան, որքան այս իշխանությունները լինեն ղեկին։ Ինչ–որ մարդիկ ինչ որ փուլերում կգան, բայց ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք ուղղակի շանս չունի վերադառնալու, որովհետև այդ մարդիկ մեր պայքարի, Արցախի ինքնորոշման իրավունքի, հայ ժողովրդի 30-ամյա պայքարի սիմվոլներ են նաև Ադրբեջանի աչքում»։