Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ


Աշխարհ


Եգիպտոսում երկաթուղային վթար է տեղի ունեցել։ 

Գիզայի բուրգերից 40 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Այյատ քաղաքում գնացքի չորս վագոն դուրս է եկել ռելսերից։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել երկու գնացքների բախման հետևանքով։ Նախ ռելսերից դուրս է եկել Կահիրե-Ասուան երթուղով ընթացող գնացքի վագոններից մեկը, որից հետո Ֆայում ուղղվող մեկ այլ գնացք բախվել է առաջին գնացքի հետին հատվածին։

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են շտապօգնության 12 խմբեր. փլատակներից դուրս բերված մոտ 150 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ։ Տուժածների և զոհերի ստույգ թիվը դեռ ճշտվում է։



Չինական հրթիռը ուղեծիր է դուրս բերել SatNet ինտերնետային արբանյակների խումբ

«Չանչժեն-12» («Մեծ արշավ-12») կրող հրթիռը երկուշաբթի հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել SatNet-ի ինը արբանյակներից բաղկացած հերթական խմբաքանակը՝ համաշխարհային ինտերնետային ծածկույթ ապահովող արբանյակային համախումբ ստեղծելու նպատակով, հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիան (CASC)։

Հրթիռն արձակվել է Հայնան կղզում գտնվող Վենչան տիեզերակայանից՝ Պեկինի ժամանակով ժամը 04:24-ին։ Արբանյակները հաջողությամբ դուրս են եկել նախատեսված ցածր մերձերկրյա ուղեծիր։

Արձակումն իրականացվել է SatNet ազգային արբանյակային ինտերնետային համակարգի ստեղծման ծրագրի շրջանակում, որի նպատակն է ապահովել համաշխարհային լայնաշերտ ինտերնետային ծածկույթ, աջակցել երկրի զարգացող թվային տնտեսությանը, բավարարել ազգային անվտանգության և միջազգային կապի կարիքները։ Տիեզերական սարքերի այս խումբն արդեն 29-րդն է։

Չինական պետական SatNet համախմբի արբանյակները, որոնք կառավարվում են China Satellite Network Group ընկերության կողմից, տեղակայվում են ցածր մերձերկրյա ուղեծրում։ Նախատեսվում է, որ ապագայում համախումբը բաղկացած կլինի 13 հազար սարքից։

Շանհայի տիեզերական թռիչքների տեխնոլոգիաների ակադեմիայի (SAST) մշակած՝ 62 մ երկարությամբ և 3,8 մ տրամագծով «Չանչժեն-12» միջին դասի հեղուկ վառելիքով հրթիռը կարող է ցածր մերձերկրյա ուղեծիր դուրս բերել 12 տոննա օգտակար բեռ, իսկ 700 կմ բարձրությամբ արևահամաժամանակյա ուղեծիր՝ 6 տոննա։ Չինական այս նոր հրթիռի առաջին արձակումն իրականացվել է 2024 թվականի նոյեմբերի վերջին։

Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)

Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում

Կրակովի Գլխավոր շուկայի հրապարակում շաբաթ օրը հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է լեհական Polsat հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

«Լեհաստանի 24-ամյա քաղաքացին հոսպիտալացվել էր՝ նրան վնասազերծելու գործողության ընթացքում հրազենային վիրավորում ստանալուց հետո»,- հայտնում է հեռուստաալիքը։

Նշենք, որ նոյեմբերի 7-ի երեկոյան, տղամարդը մեքենայից կրակ է բացել Կրակովի Գլխավոր շուկայի հրապարակի տարածքում գտնվող անցորդների ուղղությամբ։ Զոհվել է վեց մարդ, ևս 16-ը վիրավորվել են։

Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։ Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։ Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։

Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։ Նա ձերբակալվել է։

Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. Զուրաբյան

Արցախը ոչնչացրած, Հայաստանին միայն պարտություններ և աղետներ բերած մամլյուքների այս կլիկը Հայաստանի «անկախության թշնամի» է հայտարարում Հայաստանի անկախությունը հաստատած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գրառմանը։

Նա մասնավորապես, նշել է. «Իրականում, անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում: Էն վիճակի են հասցրել երկիրը, որ նրա փրկությունը այլևս տեսնում են բացառապես Ադրբեջանի թելադրանքով նոր սահմանադրություն ընդունելու մեջ` հրաժարվելով Անկախության հռչակագրից:

Լսե´ք, դուք որ ձեզ հայտարարում եք Հայաստանի անկախության պաշտպան, դա մոտավորապես նույքան զավեշտալի է, որքան, ասենք, եթե Հիտլերն իրեն հայտարարեր հրեա ժողովրդի անվտանգության երաշխավոր»։

«Այս իշխանությունները, իրոք, թող չգան Եռաբլուր»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

«Այս իշխանությունները, իրոք, թող չգան Եռաբլուր»․ Մետաքսե Հակոբյան

«Այս իշխանությունները, իրոք, թող չգան Եռաբլուր, որովհետև ես հիշում եմ իրենց վերջին այցելությունը՝ բերանները մինչև ականջները բաց, երջանիկ, առանց որևէ մեղքի, պատասխանատվության զգացման»,- ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ այսօր ՀՀ իշխանությունները չեն այցելում պանթեոն։ «Իրենք թող չգան, որովհետև իրենք հանցագործ են և պատճառն են ու մեղավորը, որ մենք այսքան զոհեր ունենք…»,- շարունակել է նա:

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով ավարտվեց 44-օրյա պատերազմը։

TRIPP-ը Հարավային Կովկասում առաջ է մղում ԱՄՆ-ի ռազմավարական շահերը․ դեսպան

TRIPP նախագիծը նոր առևտրային հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների համար և առաջ է մղում Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը։ Այս մասին…

Ծովինարում 20 սմ ձյուն է եկել (վիդեո)

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում տեղացել է շուրջ 20 սմ բարձրությամբ ձյուն: Սա համապատասխանում է Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 7-9-ին դիտվող ցիկլոնի և ջերմաստիճանի կտրուկ նվազման կանխատեսումներին, ինչի հետևանքով լեռնային բարձրադիր շրջաններում անձրևը փոխարինվել է առատ ձյունով:

Այս պահին մարզում պահպանվում է ցածր ջերմաստիճանային ֆոն (շուրջ -3 °C) և թույլ ձյան տեղումներ: Առատ տեղումների պատճառով հանրապետության լեռնային գոտիներում սպասվում է նաև բուք և ճանապարհների մերկասառույց:

Հայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացվի մինչև Բրյուսելին պաշտոնական հայտ ներկայացնելը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը պետք է հանրաքվեով արտահայտի իր դիրքորոշումը հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։ Պանկինը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ-ին անդամակցելու նախաձեռնությունը՝ այն հակադրելով ԵԱՏՄ-ից ստացվող տնտեսական օգուտներին։

Նա նաև հիշեցրել է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների հայտարարության շրջանակում պատրաստված զեկույցը, որը ներկայացնում է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր տնտեսական հետևանքները։