Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ


ՆԳՆ դիտարկում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը։ Խցանումները բոլոր խոշոր քաղաքների համար լոկալ ճգնաժամեր են, որոնք խաթարում են քաղաքային կյանքի ռիթմը։ Երևանում, ի թիվս այլ գործոնների, դրանց առաջացման հիմնական պատճառներից են տրանսպորտային միջոցների շարունակական աճն ու երթևեկության կանոնների ոչ պատշաճ պահպանումը։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ «Պետք է տարանջատել իրական խցանումները մեծ հոսքերով պայմանավորված՝ ինտենսիվ երթևեկությունից։ Որպես խցանում անհրաժեշտ է դիտարկել այն դեպքերը, երբ ճանապարհների հատվող մասը, օրինակ՝ խաչմերուկն ամբողջությամբ փակվում է, և որևէ կողմից այլևս հնարավոր չի լինում իրականացնել երթևեկություն»։

Իսկ այն դեպքերում, երբ երթևեկությունը չի ընդհատվում, այլ պարզապես դանդաղում է՝ պայմանավորված տվյալ ժամի կամ այլ հանգամանքներով հոսքերի մեծացմամբ, իրավիճակը պետք է գնահատել որպես ինտենսիվ երթևեկություն։

«Պետք է երկու մասի բաժանել խցանումները․ խցանումներ, որոնք առաջանում են որոշակի իրավիճակներով պայմանավորված, օրինակ՝ ՃՏՊ-ներ կամ ճանապարհային շինարարական աշխատանքներ և խցանումներ, որոնք առաջանում են վարորդների գործողությունների հետևանքով»,-նշում է Արման Չիլինգարյանը։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ վարորդները հաճախ չեն պահպանում ճանապարհային երթևեկության կանոնները․ երբեմն նույնիսկ կանաչ ազդանշանի դեպքում մուտք են գործում ծանրաբեռնված խաչմերուկ, ինչի հետևանքով չեն հասցնում ժամանակին ազատել ճանապարհը և առաջացնում են խցանում։ Հոսքերի դանդաղեցմանը նպաստում են նաև վերադասավորումները, երբ վարորդները մեկ գոտուց մյուսին անցնելիս ստիպված շղթայական արգելակում են, ինչն էլ հանգեցնում է երթևեկության հապաղման և խցանումների։

«Մեր կողմից առաջին հերթին միջոցներ են ձեռնարկվում ոչ ստանդարտ իրավիճակներով պայմանավորված խցանումները կամ հապաղումները կանխարգելելու ուղղությամբ։ Ուսումնասիրվում են ՃՏՊ-ների հանգամանքները, մասնավորապես՝ նույն տեղում նույն պատճառով տեղի ունեցող պատահարներն են դուրս բերվում և այդ ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ»,-ներկայացնում է Արման Չիլինգարյանը։

Արման Չիլինգարյանն ընդգծում է, որ մայրաքաղաքի մի շարք հատվածներում տեղադրվել են կանգնակներ, միաժամանակ քաղաքապետարանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որպեսզի ճանապարհաշինարարական աշխատանքները կատարվեն հիմնականում գիշերային ժամերին կամ այն օրերին, երբ երթևեկությունը ծանրաբեռնված չէ։ «Ինչ վերաբերում է վարորդների գործողություններով պայմանավորված խցանումների կամ հապաղումների կանխարգելմանը, ապա մեր կողմից ուսումնասիրվում է լուսացույցի թույլատրվող ազդանշանով խաչմերուկ մուտք գործող վարորդներին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ուսումնասիրում ենք նաև այն հնարավորությունը, երբ ինտենսիվ երթևեկության պայմաններում աջ ու ձախ անհարկի վերադասավորումներ անող վարորդների մասով պատասխանատվություն կիրառելու հնարավորության և ազատ գոտին չարաշահող ու այլ տրանսպորտային միջոցների հարկադրելու հետ կապված պատասխանատվության միջոցներ նախատեսելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորության հարցը»,-հավելում է Պարեկային ծառայության պետի տեղակալը։

Խցանումների կանխման առաջնային շահառուն հենց վարորդն է, և ի վերջո նրա գիտակցված ու պատասխանատու վարքագծից է կախված, թե որքանով կիրառելի կդառնան պատասխանատվության միջոցները։ ՆԳՆ ոստիկանության նպատակը ոչ թե վարչական միջոցների կիրառումն է, այլ երթևեկության անվտանգությանն ուղղված վարքագծի փոփոխության խթանումն ու քաղաքի ազատ ու անխափան շարժի ապահովումը։

radararmenia.am


Հայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անել


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին և Ղազախստանի պատվիրակության այցին։ Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի թիկունքում կամ ի հեճուկս ՌԴ-ի որևէ բան չի պատրաստվում անել։

«Ներկայումս ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական վերափոխման (տրանսֆորմացիայի) փուլում. այդ գործընթացը գնահատում եմ դրական։ Մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու։ Համենայնդեպս, այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են և բաց, շարունակելու ենք աշխատանքները։ Իսկ Ղազախստանն օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է՝ մասնավորապես դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով. «Նրանք նաև փորձում են հասկանալ, թե «Խաղաղության խաչմերուկով» տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում և ինչպես է դա անդրադառնալու իրենց վրա»,- նշել է վարչապետը։



Սփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվում


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Սփյուռքից Հայաստան կատարվող ներդրումների էական ակտիվացում է նկատվում։

«Երեկ Կոտայքի մարզ կատարած մեր շրջայցի ընթացքում տեսանք, որ, օրինակ, Ֆանտան գյուղի ջերմատներից մեկը կրկին Սփյուռքի գործարարների ներդրում է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանում իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագիրը՝ Firebird-ը, նույնպես Սփյուռքի գործարարների, մասնագետների և ներդրողների ջանքերով է կյանքի կոչվում։

Նրա խոսքով՝ Երևանում շրջայցերի ժամանակ հանդիպել են տասնյակ սփյուռքահայերի, որոնք անվերապահ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը։ «Կան խմբեր, ակումբներ, որոնք իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսելու իրավունքը։ Ուզում եմ պաշտոնապես ասել, որ այդ մարդիկ ընդհանրապես Սփյուռքը չեն։ Իրենք Սփյուռքում այլևս ճնշող փոքրամասնություն են և լուսանցքային կազմակերպություններ»,- ասել է վարչապետը։



ՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքով


Քաղաքականություն


ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշեւը ապրիլի 9-ին հյուրընալվել են ՀՀ ԿԸՀ-ում։

Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից։



Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասին


Քաղաքականություն


Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պաշտոնապես հայտարարել է, որ Բեյրութում իրականացված օդային հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղար և խորհրդական Ալի Յուսուֆ Հարշին։ Թիրախային հարվածն իրականացվել է Լիբանանի մայրաքաղաքի Թալլեթ Խայաթ թաղամասում՝ խմբավորման հիմնական հենակետ համարվող Դահիե թաղամասից դուրս։ 

Ըստ զինվորականների՝ Հարշին ոչ միայն Քասեմի վստահելի անձն էր, այլև նրա զարմիկը, ով առանցքային դեր էր խաղում առաջնորդի գրասենյակի և անվտանգության կառավարման գործում։

Զուգահեռաբար, Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Լիտանի գետի վրայով անցնող երկու «կենտրոնական» անցումների։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ այդ ուղիներն օգտագործվում էին «Հեզբոլլահի» կողմից հազարավոր միավոր զենքեր, հրթիռներ և արձակման կայանքներ Հարավային Լիբանան տեղափոխելու համար։



Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է


Հայաստան


Մարտի 3-ին՝ ժամը 12․37-ին, ցուցադրաբար անտեսելով իրավական նորմերը, «ԲՄՎ»-ի վարորդը դրիֆթ էր կատարել մայրաքաղաքի Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և պարեկների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ իր մեքենայով դրիֆթը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Մշակույթ


Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ մույթների նորոգումը, ինչպես նաև ամրացման և բարեկարգման մնացած աշխատանքներն ավարտական փուլում են և ընթանում են ըստ նախագծի։ Նախարարը հերթական անգամ ընդգծել է աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման խնդիրը։




Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը


Աշխարհ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային զարգացումները և Իրանում հրադադարը: 

Էրդողանն այն բնութագրել է որպես կրիտիկական հնարավորություն, որը պետք է ողջամտորեն օգտագործել կայուն խաղաղության համաձայնագրի ապահովման և այդ գործընթացը խափանելու ցանկացած փորձ կանխելու համար:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի՛ և կընդլայնի աջակցությունը դիվանագիտական նախաձեռնություններին՝ սերտորեն համագործակցելով Պակիստանի և այլ բարեկամ երկրների հետ՝ կայուն կարգավորման հասնելու համար:

Թուրքիայի նախագահն Իրանի շուրջ իրավիճակը քննարկել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, շնորհակալություն հայտնել վերջինիս այդ գործընթացում ունեցած դերի համար: