Լեհաստանը դիվերսիաների դեմ պայքարի գործողություն է սկսել Կալինինգրադի մարզի հետ սահմանին

Լեհաստանը ուժեր է կենտրոնացրել Կալինինգրադի մարզի հետ սահմանին՝ դիվերսիաների դեմ պայքարի գործողություն իրականացնելու համար, RMF FM-ի եթերում հայտնել է հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար Մարեկ Բորոնը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի վերջին իշխանությունները Ռազմական հետախուզության ծառայությունից և դաշնակից երկրների համանման գերատեսչություններից նախազգուշացումներ են ստացել Ռուսաստանի կողմից հնարավոր սադրանքների, այդ թվում՝ զինված խմբերի ներթափանցման փորձերի մասին։ Այդ կապակցությամբ որոշվել է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։

Գործողությունն ընդգրկում է Վարմիա-Մազուրյան և Պոդլյասկի վոյևոդությունները։ Այն իրականացնում է ոստիկանությունը՝ բանակի, սահմանապահ ծառայության և հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Մասնավորապես, սահմանամերձ շրջաններ են ուղարկվել ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումներ։ Գործողությունները համակարգելու համար ոստիկանության գլխավոր վարչությունում հատուկ շտաբ է ստեղծվել։

«Սա անմիջականորեն կապված է մեր երկրում տեղի ունեցող դիվերսիաների և սաբոտաժի գործողությունների, ինչպես նաև արևելյան հատուկ ծառայությունների հիբրիդային հանցավոր գործողությունների հետ… Մենք պետք է սահմանամերձ շրջանների բնակիչներին և այնտեղ գտնվող օբյեկտները պաշտպանենք ցանկացած իրավիճակից, որը կարող է սպառնալիք ներկայացնել», — ընդգծել է Բորոնը։

Զուգահեռաբար Լեհաստանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Կալինինգրադի մարզի հետ սահմանին։ Այդ նպատակով մինչև 2026 թվականի վերջը կստեղծվի Վարմիա-Մազուրյան բրիգադը, որի հիմնական խնդիրը կլինի սահմանի պաշտպանությունը ռուսական հնարավոր ներխուժման դեպքում։

Տարածքային պաշտպանության բրիգադի հրամանատար Ցեզարի Կիշկովյակը պարզաբանել է, որ ստորաբաժանումը կհետևի Սուվալկի միջանցքի մերձակայքում տիրող իրավիճակին։ Այն լեհ-լիտվական սահմանի՝ ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող, 100 կմ-ից փոքր-ինչ ավելի երկարությամբ հատված է։ Այն Բալթյան երկրները կապում է Դաշինքի մնացած տարածքի հետ և միաժամանակ Բելառուսը բաժանում Կալինինգրադի մարզից։ Սպասվում է, որ նոր բրիգադը լիակատար մարտական պատրաստվածության կհասնի երկու տարվա ընթացքում։ Այժմ ընթանում է դրա կազմում ընդգրկվելիք զինծառայողների վերազինումը։

Հոկտեմբերի 7-ին Լիտվան զինվորականներ է ուղարկել Կալինինգրադի մարզի հետ սահման։ Իշխանությունները պարզաբանել են, որ դա արվել է «Ռուսաստանում հնարավոր զորահավաքի կապակցությամբ ագրեսիվ տրամադրված օտարերկրացիների հոսքի» ավելացման վտանգի պատճառով։ Որոշումն ընդունվել է Բելառուսի հետ Լատվիայի սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ 20 մարդ զինված անձանց ուղեկցությամբ փորձել էր ապօրինի ներթափանցել Եվրամիություն։ Լիտվական լրացուցիչ ուժերը Կալինինգրադի մարզի մերձակայքում կմնան առնվազն մինչև նոյեմբերի կեսը։

Այս տարի ՔԿՀ-ներում ունեցել ենք 3 մահ, ինչը դրական ցուցանիշ է. վախով եմ այս մասին խոսում. Գալյան

03.11.2026

Հասարակություն

Այս տարի ՔԿՀ-ներում ունեցել ենք 3 մահ, ինչը դրական ցուցանիշ է. վախով եմ այս մասին խոսում. Գալյան

Ռուսաստանից Հայաստան կանխիկ ռուբլի հնարավոր կլինի բերել սահմանափակ քանակով

Ռուսաստանը սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ը հորդորում է՝ Ռուսաստանից կանխիկ գումարի արտահանում պլանավորող քաղաքացիներին և տնտեսվարողներին նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին ու դրանցով նախատեսված բացառություններին։

«Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և
Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան կանխիկ ռուբլու արտահանմանը»,- ասված է հաղորագրությունում։

ՊԵԿ հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ ֆիզիկական անձանց արգելվում է արտահանել 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին արգելվում է կանխիկ ռուբլի արտահանել՝ անկախ գումարի չափից, բացառությամբ սահմանված հատուկ դեպքերի։

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին։

Պահանջում են Վասակ Դարբինյանի ու Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը․ մանրամասներ


«Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց՝ պահանջելով խորհրդի նախագահ Վասակ Դարբինյ…

30 մարդը 2 օրում 5 մլն-ի ի՞նչ է կերել, և ինչքա՞ն հոնորար է ստացել «Վարչաբենդի» թմբկահարը․ Ղազարյանի հարցերը՝ Մակունցին 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանում 2027-ի բյուջեի քննարկման ժամանակ հարց ուներ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։

«Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բնակվում է Կոնդի ամառանոցներում ու պարբերաբար ներկայացնում է իր առօրյան, ինչից կարելի է ենթադրել, որ ապրում է բավական համեստ կյանքով․ կուկուռուզ, պեռաշկի, թթու լավաշ։ Կասե՞ք՝ Կոնդի ամառանոցային տնտեսության վրա տարեկան որքա՞ն գումար է ծախսվում, որ իմանանք, թե  ի՞նչ արժի վարչապետի մեկ օրվա կյանքը»,- հարց տվեց Ղազարյանը։

Նա հարցրեց նաև «Վարչաբենդի» ֆինանսավորման մասին․ «Վարչապետն իր մասնակցությամբ հիմնադրել է վոկալ-գործիքային համույթ, էդ համույթի անդամները պետբյուջեից հոնորար ստացե՞լ են․ ինձ հատկապես հետաքրքիր է թմբկահարի հոնորարը»։

Ղազարյանին հետաքրքիր էր նաև, թե 30 մարդը 2 օրում 5 մլն դրամի ի՞նչ է կերել։ Բանն այն է, որ մամուլը գրել էր, որ Փաշինյանի՝ ժամանակներ առաջ նախաձեռնած հեծանվային մարաթոնի վրա ծախսվել է 5 մլն դրամ։

«Բացի այդ,- շարունակեց ընդդիմադիրը,- ըստ նախագծի՝ տոների և հիշատակի օրերի վերաբերյալ օրենքով նախատեսված է գումար հատկացնել միայն «Քաղաքացու օր» և «Մեր ժամանակների հերոսը» նախագծերի համար, մինչդեռ «Մեր ժամանակների հերոսը» տոն չէ, նման տոն չկա պետական տոնացույցում։ Այսինքն, ըստ բյուջեի, դուք չեք նախատեսում, որ մեր երկրում պետք է նշվեն, Անկախության, Առաջին հանրապետության, Շուշիի ազատագրման, Երկրապահի, Հաղթանակի տոները»։

Ի պատասխան Մակունցն ասաց, որ նախագծում ներկայացրել են այն տոները, որոնք իրականացնելու է վարչապետի աշխատակազմը, մյուս տոներն իրականացնելու են գերատեսչությունները՝ նախագահական, ԿԳՄՍ նախարարություն և այլն։

«Ինչ վերաբերում է մյուս հարցերին, որ բացվածք են ենթադրում, պետք է խնդրեմ՝ հարցում ուղարկեք»,- մանրամասնեց Լիլիթ Մակունցը։

 

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը նախանշում է «Երևանյան ուղին»՝ բնության պահպանությանն ուղղված գլոբալ գործողություններն արագացնելու նպատակով

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը նախանշում է «Երևանյան ուղին»՝ բնության պահպանությանն ուղղված գլոբալ գործողություններն արագացնելու նպատակով

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունն ամփոփել է Երևանում կայացած ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքները: 

Քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ համաշխարհային նպատակների իրականացման ճանապարհի կեսին երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ընդունելով շուրջ 50 որոշում, որոնք ուղղված են գիտական հիմքերի ամրապնդմանը, իրականացմանն աջակցելուն և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների արագացմանը։

Հաղորդագրության մեջ նշված է.

«2026 թվականի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովն ավարտեց իր աշխատանքները՝ ընդունելով որոշումների համապարփակ փաթեթ, որը նպաստում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) շրջանակում գիտական, տեխնիկական և իրականացմանն առնչվող հարցերի շուրջ աշխատանքների առաջմղմանը։

Համաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը «Երևանյան ուղի» նախաձեռնության (Yerevan Pathway) ընդունումն է։ Այն համաձայնեցված արձագանքն է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման ուղղությամբ գրանցված հավաքական առաջընթացի առաջին գնահատման արդյունքներին։

Համաժողովի շրջանակում տեղի ունեցան Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17), ինչպես նաև Կենսաանվտանգության մասին Կարթագենայի արձանագրության և Գենետիկական ռեսուրսների հասանելիության ու դրանց օգտագործումից բխող օգուտների արդարացի և հավասար բաշխման մասին Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպումները։

COP17-ի շրջանակում իրականացված գլոբալ գնահատումը նպատակ ուներ ամփոփելու արձանագրված առաջընթացը և հիմնված է «Կենսաբազմազանության ոլորտում գործողությունների վիճակի մասին» (State of Biodiversity Action) զեկույցում ներկայացված և համադրված փաստական տվյալների վրա։ Զեկույցը հրապարակվել է համաժողովից կարճ ժամանակ առաջ։

Գնահատելով գլոբալ առաջընթացը՝ զեկույցը եզրակացրել է, որ աշխարհը դեռևս շեղված է Շրջանակով սահմանված 23 թիրախներին մինչև 2030 թվականը հասնելու ուղուց։

«Երևանյան ուղին» սահմանում է այս եզրակացություններին ուղղված համատեղ արձագանքը՝ նախանշելով մինչև 2030 թվականը գործողությունների առաջնահերթությունները և այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է էապես արագացնել առաջընթացը։

Դրանց թվում են բնությանը վնաս հասցնող սուբսիդիաների և խթանների վերանայումը, զարգացող երկրներին ցուցաբերվող ֆինանսական, գիտական և տեխնիկական աջակցության ընդլայնումը, ազգային բյուջեների և տնտեսական որոշումների համապատասխանեցումը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև իրականացման, մշտադիտարկման, հաշվետվողականության և վերանայման մեխանիզմների ամրապնդումը։

Համաժողովը մեկտեղեց բանակցությունների արդյունքում համաձայնեցված որոշումները, ֆինանսավորման նոր պարտավորություններն ու նախաձեռնությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի և հասարակության տարբեր շրջանակների գործողությունները։ Դրանով իսկ այն նպաստեց իրականացման խոչընդոտների հաղթահարմանը, բնության պահպանության ֆինանսավորման բացը կրճատելու նպատակով անհրաժեշտ ռեսուրսների մոբիլիզացմանը և այն նախադրյալների ամրապնդմանը, որոնք անհրաժեշտ են գլոբալ մակարդակով ստանձնած հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածելու համար։

«Այս երկու շաբաթների ընթացքում մենք ցույց տվեցինք, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները, հանձնառությունները վերածել որոշումների, իսկ համագործակցության միջոցով հասնել շոշափելի արդյունքների, – նշել է COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, – ընդունելով «Երևանյան ուղին»՝ մենք վերահաստատում ենք մեր հավաքական վճռականությունը՝ արձագանքելու մեր ժամանակների ամենահրատապ մարտահրավերներից մեկին։ Այն սահմանում է համատեղ գործողությունների առաջնահերթությունները՝ ազգային ծրագրերի իրականացումից և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայից մինչև գիտական ներուժի, մշտադիտարկման համակարգերի և հասարակության բոլոր հատվածների մասնակցության ամրապնդում»։

COP17-ի ընթացքում բանակցությունների արդյունքում համաձայնեցվեցին նաև մի շարք որոշումներ կենսաբազմազանության պահպանությանն առնչվող կարևոր գիտական հարցերի վերաբերյալ։ Դրանք ներառում էին պահպանվող տարածքների և անտառային կենսաբազմազանության, վայրի բնության կայուն կառավարման, ինվազիվ օտարածին տեսակների, գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմների ռիսկերի գնահատման, ծովային և ափամերձ կենսաբազմազանության, սինթետիկ կենսաբանության, ինչպես նաև կենսաբազմազանության՝ տարբեր ոլորտներում ինտեգրման հարցերը։

«Առաջիկա չորս տարիները պետք է բնութագրվեն գործողությունների արագացմամբ և մեր քայլերի համապատասխանեցմամբ այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակն ընդունելիս, – նշել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, – մենք գիտենք, թե ինչ պետք է փոխվի։ Մենք չենք կարող պահպանել բնությունը՝ միաժամանակ շարունակելով ֆինանսավորել դրա ոչնչացումը։ Անհրաժեշտ ռեսուրսները պետք է հասնեն այն երկրներին և համայնքներին, որոնք ունեն դրանց կարիքը։ Կենսաբազմազանության պահպանության խնդիրները պետք է ներառվեն նաև առօրյա տնտեսական որոշումների կայացման գործընթացում։ Ի վերջո, իրական արդյունքը կգնահատվի ոչ թե նրանով, թե ինչի շուրջ են կառավարությունները համաձայնության եկել Երևանում, այլ նրանով, թե ինչ կփոխեն իրենց երկրներ վերադառնալուց հետո»։

Ֆինանսավորման բացերը, բնությանը վնաս հասցնող խթանները, տեխնոլոգիաների, տվյալների և գիտելիքի սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի և հասարակության տարբեր հատվածների ոչ բավարար ներգրավվածությունը շարունակում են մնալ իրականացման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտները։ Համաժողովի ընթացքում ընդունվեցին որոշումներ, ստանձնվեցին պարտավորություններ և նախաձեռնվեցին միջոցառումներ՝ այդ խոչընդոտները հաղթահարելու նպատակով։ Դրանց թվում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կենսաբազմազանության վերաբերյալ կրթության զարգացմանը։

Բուռն բանակցությունների արդյունքում ձեռք բերված կարևոր համաձայնություններից էր Կողմերի համաձայնությունը՝ Հոդված 8(j)-ի վերաբերյալ նոր մշտական օժանդակ մարմնի գործունեության կանոնների շուրջ։ Այդ մարմինը պաշտոնապես անվանվեց «Սևանի ուղեցույց» (Sevan Guidelines)։ Սա նշանակալի քայլ է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների դերի ամրապնդման ուղղությամբ՝ կենսաբազմազանության ոլորտում գլոբալ քաղաքականության և գործողությունների ձևավորման գործընթացում։

Համաժողովի ընթացքում հայտարարված ֆինանսական աջակցության նոր միջոցների և նախաձեռնությունների թվում էր կենսաբազմազանության պահպանության համար շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման ներգրավումը։ Այդ գումարը ներառում է՝

  • 560 միլիոն ԱՄՆ դոլար՝ Շրջակա միջավայրի գլոբալ հիմնադրամի (GEF) իններորդ համալրման և դրա՝ Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի հիմնադրամի միջոցով։
  • 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ Տեսակների վերականգնման դաշինքի (Species Recovery Alliance) միջոցով։
  • Ավելի քան 330 միլիոն ԱՄՆ դոլար՝ «Արժևորել բնությունը» հիմնադրամի (Value Nature Fund) միջոցով, որի նպատակն է մասնավոր կապիտալը ուղղել բնության պահպանությանն ու վերականգնմանը։

Այլ նախաձեռնությունների թվում էին՝ նախագահության գլխավորությամբ իրականացվող՝ բնությանը վնաս հասցնող խթանների բարեփոխմանն ուղղված աշխատանքները, Ասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ գործարկված կենսաբազմազանության պահպանության նոր պարտատոմսը և ներդրումային ինկուբատորը, բնապահպանական օրենսդրության կիրարկումն ուժեղացնելու նպատակով անտառների վերաբերյալ շրջանակային օրենքի առաջարկվող մոդելը, ինչպես նաև բնության վիճակի գնահատման նոր ցուցանիշներն ու չափորոշիչները, որոնք կոչված են բարելավելու կենսաբազմազանության մշտադիտարկումն ու հաշվետվողականությունը։

«Աշխարհն արդեն համաձայնեցրել է բնության պահպանությանն ուղղված գլոբալ գործողությունների ծրագիրը, – նշել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը, – կողմերի այս համաժողովի հիմնական նպատակը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումն արագացնելն էր և սահմանված թիրախները վճռական, իրական և շոշափելի գործողությունների վերածելը։

Երևանում մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, թե ինչպես է հաղթանակում բնապահպանական բազմակողմ համագործակցությունը։ Երկրները համախմբվեցին, փոխզիջման ոգով գտան ընդհանուր եզրեր և հնարավորություն տվեցին համաձայնության գալու կարևոր որոշումների շուրջ, որոնք կնպաստեն մարդկանց և մոլորակի համար իրական առաջընթացի ապահովմանը»։

Աշխարհի կենսաբազմազանության պահպանության 23 գլոբալ թիրախներին հասնելու համար մնացել է չորս տարի, և այժմ ուշադրության կենտրոնում են Երևանում ընդունված որոշումների իրականացումն ու ստանձնած հանձնառությունների կատարումը։

«Երևանյան ուղին» կուղղորդի մինչև 2030 թվականն ազգային մակարդակով իրականացվելիք ջանքերը։ Առաջընթացը կգնահատվի քաղաքականությունների փոփոխությունների, անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման, ինչպես նաև բնության և մարդկանց համար ապահովված չափելի դրական արդյունքների հիման վրա»:

Նոյեմբեր 03, 2026 at 11:52

«Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)

«Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ». Էդգար Ղազարյան

«Բաքվի բանտերում գտնվում են ՀՀ քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի դատական համակարգի որոշումներով ներկայացվել են մեղադրանքներ, որոնք վերաբերելի են ՀՀ հազարավոր քաղաքացիների»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: «Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ, երբ Ադրբեջանի գործողությունների նկատմամբ մեր իշխանությունների կողմից համարժեք քայլ չի իրականացվում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով. «Դուք երբևէ Ադրբեջանի նախարարի հետ շփումներ ունեցե՞լ եք՝ քննարկելու իրենց երկրում պահվող մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր»:

Գալյանն ասաց, որ սա այն հարցն է, որտեղ աշխատում է պետությունը և պետական ինստիտուտները. «Դա մի հարց է, որով մենք զբաղվում ենք ամեն օր, մենք ասելով՝ նկատի ունեմ պատկան համապատասխան մարմինները»: