Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ երկրից մեկնելուն և արտերկրում հավատացյալների հետ հանդիպելուն խոչընդոտելու փորձերի մեջ։ Այս մասին նա հայտարարել է Գարեգին Բ-ի գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ հավատացյալներին ուղղված ուղերձում։

«Այսօր Հայաստանի իշխանությունները, որոնք Եկեղեցու հալածանքի քաղաքականություն են վարում, մեզ զրկել են այս օրվա ուրախությունը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կիսելու հնարավորությունից»,- ասել է արքեպիսկոպոսը։

Ըստ նրա, կաթողիկոսը պետք է ներկա լիներ հանդիսավոր միջոցառմանը, հավատացյալներին փոխանցեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական պատգամը։

Սակայն, ինչպես նշել է արքեպիսկոպոսը, իշխանությունները փորձում են խոչընդոտել նրա մեկնումը Հայաստանից։

«Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանություններն ապօրինի և անհիմն մեղադրանքների միջոցով փորձում են խոչընդոտել Նորին Սրբության՝ Հայաստանի սահմաններից դուրս գալուն և աշխարհի տարբեր երկրներում ապրող իր հոգևոր զավակներին այցելելուն», — հայտարարել է նա։

Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ, չնայած առաջացող դժվարություններին, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակելու է համախմբել հավատացյալներին։

«Ինչ փորձություններ էլ բաժին ընկնեն Եկեղեցուն, ինչ խոչընդոտներ էլ առաջանան նրա ճանապարհին, այդ ամենն անցողիկ է։ Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են, իսկ Եկեղեցին շարունակում է իր զավակներին համախմբել Աստծո խոսքի շուրջ», — ասել է Ներսիսյանը։

Նա նաև հավատացյալներին կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար՝ մաղթելով նրան հոգևոր ամրություն, ուժ և Աստծո օգնությունը հայրապետական ծառայության մեջ։ Ուղերձի ավարտին արքեպիսկոպոսը եկեղեցու հետևորդներին կոչ է արել վերահաստատել իրենց հավատարմությունը Հայրենիքին, Հայ Առաքելական Եեկեղեցուն և նախնիների ժառանգությանը։

ՌԴ դեսպանը Հայաստանին կոչ է արել հստակեցնել ինտեգրացիոն ուղղությունը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։

Ըստ նրա, հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ Հայաստանի որոշումը կազդի նաև երկու երկրների տնտեսական համագործակցության վրա։

«Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց, իհարկե, այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։

Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանը հայտարարել է ազգային անվտանգության ապահովման համակարգի վերանայման մասին, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և արտաքին քաղաքական ու արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղեգիծ է որդեգրել։ 2025 թվականին երկիրը նաև օրենք է ընդունել Եվրոպական միությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին։

Կոպիրկինը նշել է, որ ռուսաստանյան կողմը բացահայտ հայտարարում է, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր ինտեգրացիոն ուղղությունը։

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին


ԱԼԻԵՎԻ ՄԱՄԼՅՈւՔՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՊԱՇՊԱՆՈւԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ Արցախը ոչնչացրած, Հայաստանին միայն պարտություններ և աղետներ բերած մամլյուքների այս կլիկը Հայաս…

Թրամփը խիստ անհավանական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ հավանական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե կողմերն առաջընթաց գրանցեն Իրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցություններում։ Միաժամանակ ամերիկյան զինված ուժերը պատրաստ են նոր հարվածների, իսկ Վաշինգտոնն արդեն որոշել է Իրանի տարածքում հնարավոր թիրախները՝ ներառյալ էլեկտրակայաններն ու կամուրջները։ Այս մասին Թրամփը հայտարարել է CNN-ին տված հեռախոսային հարցազրույցում։

«Պատասխանն այն է, որ խիստ անհավանական է, որ դրա անհրաժեշտությունը կառաջանա։ Սա սնանկ երկիր է։ Հենց նոր տվյալներ են հրապարակվել, դուք տեսել եք՝ այս տարի գնաճը կազմել է 301%։ Խիստ անհավանական է, որ դրա կարիքը կլինի։ Բայց եթե անհրաժեշտ լինի, ես դա կանեմ», — ասել է ԱՄՆ նախագահը՝ 20 րոպեանոց զրույցի ընթացքում հինգ անգամ կրկնելով պատերազմի վերսկսման քիչ հավանական լինելու մասին միտքը։

Թրամփը նշել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված է նրանից, թե արդյոք Թեհրանը կհամաձայնի «շատ խիստ համաձայնագրի»։ Նա պնդում է, որ ամերիկյան հարվածները լուրջ ռազմական և տնտեսական վնաս են հասցրել Իրանին, իսկ երկրի ֆինանսական վիճակը շարունակում է վատթարանալ։

Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պահպանում է ռազմական գործողությունը վերսկսելու հնարավորությունը։ Ըստ նրա, տարածաշրջանում գտնվում են ամերիկյան երեք ավիակիրներ, որոնք լիովին պատրաստ են մարտական գործողությունների։

«Մենք պատրաստ ենք։ Ես այստեղ երեք ավիակիր ունեմ։ Եվս մեկը հենց նոր է ժամանել։ Մենք երեքն ունենք։ Դրանք լիովին մարտական պատրաստության մեջ են», — հայտարարել է Թրամփը։

Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից


Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ե…

Հայերին աջակցություն հայտնած դեմոկրատ սենատոր Էլ-Սայեդը հայտարարել է Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Միչիգանից ԱՄՆ նորընտիր սենատոր, դեմոկրատ Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու նահանգի բնակիչների շահերից բխող համատեղ աշխատանքը՝ չնայած նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած փոխադարձ վիրավորանքներին։

«Ես երբեք չեմ հանդիպել այդ մարդուն։ Նա Միացյալ Նահանգների նախագահն է, իսկ ես՝ Միչիգան նահանգից ԱՄՆ նորընտիր սենատորը։ Ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ, ինչպես նաև ցանկացած այլ մարդու, որը կօգնի առաջ մղել այն նպատակները, որոնց համար առաջադրվել եմ՝ քաղաքականությունն ազատել փողի ազդեցությունից, ավելացնել քաղաքացիների եկամուտները և ընդունել համընդհանուր բժշկական ապահովագրության մասին օրենք», — կիրակի օրը ABC հեռուստաընկերության This Week հաղորդման եթերում հայտարարել է Էլ-Սայեդը։

Նրա կարծիքով, եթե Թրամփը լուրջ է տրամադրված, իրենք կարող են համագործակցել այս հարցերը լուծելու համար։

«Բայց եթե նա պատրաստվում է շարունակել խաբել մարդկանց, ապա Սպիտակ տունը ղեկավարելու համար կնշանակի Սթիվեն Միլերի նման մարդկանց։ Իսկ դրանից հետո ինքն է որոշելու, թե որ ուղղությամբ շարժվի», — հավելել է սենատորը։

Միջանկյալ ընտրություններին ընդառաջ Թրամփը բազմիցս քննադատել է Էլ-Սայեդին՝ անդրադառնալով նաև նրա մուսուլմանական դավանանքին։ Ի պատասխան՝ անցած շաբաթ ընտրություններում տարած հաղթանակից հետո դեմոկրատը ԱՄՆ նախագահին անվանել է «անլուրջ հիմար», իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ «վախկոտ»։

Միաժամանակ Էլ-Սայեդը հստակեցրել է, որ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու կոնկրետ ծրագրեր առայժմ չկան։

Խոսելով Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերի հետ հարաբերությունների մասին՝ նորընտիր սենատորը նշել է, որ իրենց հաջողվել է ընդհանուր լեզու գտնել և համագործակցել՝ ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար։ Սակայն նա չի բացառել, որ հաջորդ տարի Սենատի ղեկավարի պաշտոնում կաջակցի մեկ այլ թեկնածուի։

«Ինձ համար հարցն այն է, թե ով է ցանկանում դառնալ այն առաջնորդը, որը կապահովի ընտրություններում մեր ստացած մանդատի իրագործումը։ Ես ուզում եմ տեսնել, թե էլ ովքեր են հավակնելու այդ պաշտոնին», — ասել է Էլ-Սայեդը։

Նա նաև հիշատակել է սենատոր Քրիս Վան Հոլենին՝ հայտարարելով, որ վաղուց մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում նրա թեկնածությանը, թեև, ըատ Էլ-Սայեդի, Վան Հոլենը կարող է այլ քաղաքական նպատակներ ունենալ։

Ո՞ր բանջարեղենն է համարվում առողջ սննդակարգի «արքան»


Դդմիկը կրում է դիետիկ սննդի «արքայի» տիտղոսը, քանի որ այն սննդակարգում ներառված հիմնական բանջարեղենն է, որը պայքարում է ավելորդ քաշի դեմ։ Այս մասին «Ռիա Նովո…

«Ալիևի մամլյուքները` Հայաստանի անկախության պաշտպանության գործին». Լևոն Զուրաբյան

«Ալիևի մամլյուքները` Հայաստանի անկախության պաշտպանության գործին». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԼԻԵՎԻ ՄԱՄԼՅՈւՔՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿՍԽՈւԹՅԱՆ ՊԱՇՊԱՆՈւԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ
     Արցախը ոչնչացրած, Հայաստանին միայն պարտություններ և աղետներ բերած մամլյուքների այս կլիկը Հայաստանի «անկախության թշնամի» է հայտարարում Հայաստանի անկախությունը հաստատած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
     Իրականում, անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենքակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում: Էն վիճակի են հասցրել երկիրը, որ նրա փրկությունը այլևս տեսնում են բացառապես Ադրբեջանի թելադրանքով նոր սահմանադրություն ընդունելու մեջ` հրաժարվելով Անկախության հռչակագրից:
     Արա, դուք որ ձեզ հայտարարում եք Հայաստանի անկախության պաշտպան, դա մոտավորապես նույքան զարմանալի է, որքան, ասենք, եթե Հիթլերն իրեն հայտարարեր հրեա ժողովրդի անվտանգության երաշխավոր»:

Բեռլինում տղամարդը Բունդեսթագի շենքի մոտ իջեցրել է Գերմանիայի դրոշը և այն փոխարինել պաղեստինյան դրոշով

Բեռլինում 22-ամյա տղամարդը Ռայխստագի շենքի առջև գտնվող դրոշաձողից իջեցրել է Գերմանիայի դրոշը և այն փոխարինել պաղեստինյան դրոշով, հայտնում է DW-ն։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11։30-ի սահմաններում։ Իրավապահ մարմինների տվյալներով, տղամարդը դրոշաձողը բարձրանալու համար օգտվել է լեռնագնացության հանդերձանքից, ապա Գերմանիայի դրոշը նետել գետնին։

Այնուհետև նա ինքնուրույն իջել է, և ոստիկանությունը նրան բերման է ենթարկել։ Իրավապահ մարմինների տվյալներով, նրան օգնել են ևս երկու տղամարդ՝ 20 և 32 տարեկան։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պետության և դրա խորհրդանիշների անարգման, պետական գույքը վնասելու և ապօրինի ներթափանցման կասկածանքով։

Պաղեստինյան դրոշն իջեցվել է հրշեջ ծառայության աջակցությամբ։

Բարձրացման մեխանիզմի ճոպանի վնասման պատճառով չի հաջողվել Գերմանիայի դրոշն անմիջապես վերադարձնել իր տեղը։

Ռայխստագի շենքը Բունդեսթագի՝ Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի նստավայրն է։ Շենքի առջև տեղադրված Գերմանիայի մեծ դրոշը հայտնի է որպես «Միասնության դրոշ»։ Այն խորհրդանշում է 1990 թվականին Գերմանիայի վերամիավորումը։

Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին

Հոկտեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացած 3-ամյա աղջնակի մայրը պնդում է, որ բժիշկները անհրաժեշտ հետազոտություններ չեն իրականացրել և պատշաճ ուշադրություն չեն դարձրել երեխայի առողջական վիճակի վերաբերյալ իրենց ներկայացրած գանգատներին։

Կնոջ խոսքով՝ չնայած բարձր ջերմությանը, թուլությանը՝ բժիշկները սկզբում երեխայի վիճակը կապել են սեզոնային վիրուսային վարակի հետ, ավելի ուշ բժշկական փաստաթղթերում մահվան պատճառ է նշվել մենինգիտը։ Մայրը պահանջում է դեպքի հանգամանքների համակողմանի քննություն։

NEWS.am-ի հետ հարցազրույցում աղջնակի մայրը` Աստղիկ Գևորգյանը, պատմել է, որ ողբերգությունից երկու-երեք շաբաթ առաջ դուստրը հիվանդացել էր․ բարձր ջերմություն ուներ, կոկորդը կարմրած էր։ Պոլիկլինիկա դիմելուց հետո երեխային հակաբիոտիկներ էին նշանակել։ Բուժման արդյունքում ջերմությունն իջել էր, կոկորդի կարմրությունն անցել։

Սակայն գիշերը երեխայի ջերմությունը կրկին բարձրացել է։ Ծնողները սկզբում ենթադրել են, որ դա կարող է կապված լինել ատամների ծկթման հետ, սակայն բժշկի զննումից հետո նրանց խորհուրդ է տրվել երեխային տեղափոխել հիվանդանոց՝ ավելի մանրամասն հետազոտությունների համար։ Մոր խոսքով՝ բժիշկը նաև նկատել էր երեխայի արտահայտված թուլությունը։

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:30-16:00-ի սահմաններում, աղջնակին տեղափոխել են հիվանդանոց։ Զննման պահին նրա ջերմությունը մոտ 39.8 աստիճան է եղել։ Բժիշկը նկատել է կոկորդի թեթև կարմրություն, որից հետո երեխային ջերմիջեցնող դեղորայք են տվել։

«Ես բժշկին ասացի, որ ջերմությունը կարող էինք իջեցնել նաև տանը, քանի որ անհրաժեշտ բոլոր դեղերն ունեինք։ Բայց որոշեցի մնալ հիվանդանոցում՝ հույս ունենալով, որ երեխային ավելի մանրամասն կհետազոտեն և կպարզեն նրա վիճակի պատճառը»,- պատմել է Աստղիկը։

Կնոջ խոսքով՝ երեխայի կողքին սկզբում մնացել է տատիկը, իսկ ինքը գնացել է տուն՝ անհրաժեշտ իրերն ու սնունդը բերելու։ Սակայն վերադառնալուց հետո մայրն ու ամուսինը մինչև գիշերվա ժամը 4-ը սպասել են հիվանդանոցի մուտքի մոտ՝ հույս ունենալով, որ իրենց կկանչեն։

Ժամը 23:30-ի սահմաններում Աստղիկը հեռախոսով խոսել է դստեր հետ։ Նրա խոսքով՝ այդ պահին երեխայի վիճակն արդեն որոշակիորեն լավացել էր, ջերմությունն իջել էր։ Աղջնակը մորն ասել էր, որ երկու օրից տուն կվերադառնա։

Սակայն առավոտյան ընտանիքին հայտնել են, որ երեխային թոքերի հետազոտության նպատակով ռենտգեն հետազոտության են տարել։ Ավելի ուշ, մոր խոսքով, բժիշկը տեղեկացրել է, որ թոքերի հետ կապված լուրջ խնդիր չկա, առկա է միայն բրոնխների թեթև ախտահարում, իսկ արյան անալիզը ցույց է տվել վիրուսային վարակի առկայություն։

Աստղիկը պնդում է, որ այդ ընթացքում դստեր վիճակը շարունակել է վատանալ, մինչդեռ բժիշկները շարունակել են հանգստացնել հարազատներին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ կլինի։

Մայրը շեշտում է, որ հենց սկզբից բժշկական անձնակազմին տեղեկացրել է երեխայի բոլոր գանգատների մասին։ Մասնավորապես, աղջնակը բողոքել է աջ այտի և ականջի ցավից։ Ծնողները բժիշկների ուշադրությունն են հրավիրել նաև բարձր ջերմության և երեխայի արտահայտված թուլության վրա։

«Մենք հենց սկզբից բժշկին ներկայացրել ենք բոլոր ախտանշանները։ Ասել ենք, որ երեխայի աջ այտն ու ականջն են ցավում, որ բարձր ջերմություն ունի։ Բայց բժիշկը գրեթե անմիջապես որոշել է, որ դա սեզոնային վիրուսներից մեկն է, մինչդեռ երեխան դեռ լիարժեք հետազոտություն չէր անցել»,- հայտարարել է կինը։

Աստղիկի պնդմամբ՝ հիվանդանոցում երեխայից արյան անալիզ են վերցրել և ռենտգեն հետազոտություն իրականացրել, սակայն այլ հետազոտություններ չեն կատարվել։ Մեզի անալիզ հանձնելու անհրաժեշտության մասին իրեն հայտնել են ավելի ուշ՝ բժշկի հետ կրկին խոսելուց հետո։

Մոր խոսքով՝ երբ երեխային բերել են մեզի անալիզ հանձնելու, նրա վիճակն արդեն ծայրահեղ ծանր է եղել։ Այդ պահին աղջնակի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Աստղիկը պնդում է, որ երեխան արդեն չէր արձագանքում։

Ինչպես պատմել է կինը, բժշկական փաստաթղթերում մահվան պատճառ է նշվել մենինգիտը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, մինչ այդ բժիշկներից ոչ ոք ընտանիքին չէր հայտնել այդ հիվանդության կասկածի առկայության մասին կամ չէր բացատրել, թե ինչ կարող էր լինել երեխայի վիճակի վատթարացման պատճառը։

«Ինձ ոչ ոք չի ասել, որ իմ երեխան մենինգիտ ունի։ Ոչ ոք չի բացատրել, թե ինչու է ջերմությունը բարձրացել և ինչ է կատարվում նրա օրգանիզմում։ Եթե մեզ տեղեկացնեին նման խնդրի մասին, գոնե կհասկանայինք, թե ինչի հետ գործ ունենք։ Բայց նման բան չի եղել»,- նշել է մայրը։

Աստղիկը տեղի ունեցածը կապում է բժշկական անձնակազմի անուշադրության և երեխային ժամանակին անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու հետ։ Նա պահանջում է բժիշկների գործողությունների մանրակրկիտ քննություն և դստեր մահվան բոլոր հանգամանքների պարզաբանում։

«Ես շատ հույս ունեմ, որ այս գործով լուրջ քննություն կիրականացվի։ Պետք է հասնել նրան, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, և մյուս ծնողներն էլ չհայտնվեն նույն իրավիճակում»,- ասել է մայրը։