Երևանում դանակահարության հետևանքով մահացած 29-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ըստ ոստիկանության՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացու մասին ահազանգ է ստացվել։ Կտրող-ծակող առարկայով ստացած վնասվածքներով 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նոյեմբերի 8-ին մահացել է։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները հայտնաբերել են դեպքի առնչությամբ կասկածվողին՝ 2001 թվականին ծնված երիտասարդի։ Նա ձերբակալվել է։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կասկածվողն ու տուժողը միմյանց չեն ճանաչել և նախկինում չեն հանդիպել։ Հայտնի է նաև, որ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Սպանվածն Էրիկ Կակոյանն է՝ ABC Media-ի նախկին աշխատակիցը։ Էրիկը նոր էր նշանվել։
Էրիկ Կակոյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց։