Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի ճանապարհին բացահայտել է փաստեր, որոնցով չկիսվել չի կարող:

Հակոբյանի խոսքով՝ իրավիճակը շատ ավելի ծանր է, խորքային, շատ ավելի վատ, քան կարող էին պատկերացնել անգամ ամենահոռետեսները:

«ՔՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՍՎԻ։

Ձեր պատմությունը կարող է ուժ տալ մեկ ուրիշ կնոջ՝ այլևս չլռելու և օգնություն խնդրելու։

Մի՛ լռիր։ Մի՛ հանդուրժիր։ Խոսի՛ր։ Զանգահարեք՝ 077 566 119 / 044 444 119»,- տեսանյութին կից հայտնել է Աննա Հակոբյանը:

Ուկրաինան 1000 կմ հեռավորության վրա հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանի Սամարայի մարզի Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին, որը, նրա խոսքով, գտնվում է ռազմաճակատից շուրջ 1000 կմ հեռավորության վրա։

«Մեկ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները հարված են հասցրել Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է առաջնագծից 1000 կմ հեռավորության վրա։ Արտահանման շնորհիվ այն միլիոնավոր դոլարներ էր ապահովում ռազմական մեքենայի համար»,– գրել է Զելենսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Նրա փոխանցմամբ՝ ուկրաինական ուժերը հարվածել են նաև Սամարայի շրջանում գտնվող լոգիստիկ հանգույցին, ինչպես նաև ռազմական օբյեկտների են թիրախավորել Սև ծովի ջրատարածքում։

Զելենսկին հայտնել է, որ օկուպացված Ղրիմի «Սակի» օդանավակայանում ոչնչացվել է ռուսական Су-24М ինքնաթիռ և չորս միավոր տեխնիկա։ Բրյանսկի շրջանում, ըստ նրա, ոչնչացվել են նաև անօդաչու թռչող սարքերի կառավարման կայանքներ։

Ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքների դեմ ուկրաինական հարվածները վերջին շրջանում հաճախակիացել են։ Օգոստոսի 8-ին Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին Սամարայի մարզի Սիզրանի և Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների մասին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Նովոկույբիշևի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Տեղեկությունը և հարվածների հետևանքով հասցված վնասի չափը դեռևս անկախ աղբյուրներով ամբողջությամբ չեն հաստատվել։

Ոստիկանն ու նրա 2 ազգականը ձերբակալվել են, նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել, ստել, թե բռնության է ենթարկվել

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ishkhanutyun.am, այնուհետև՝ armlur.am լրատվական կայքերի կողմից հրապարակված և տարբեր կայքերում տարածվող տեղեկատվությունը, թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից:

«2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:

Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:

Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Հրապարակման բովանդակության մեջ տեղ գտած անհիմն շահարկումների կապակցությամբ հարկ է փաստել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված պաշտպանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է հայտարարություններ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ, որից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որոնցով ևս հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:

Այսպիսով, լրատվական կայքի կողմից կատարված հրապարակումը նպատակ է հետապնդում հանրության մեջ խեղաթյուրել վարույթի փաստական հանգամանքները և միջամտել նախաքննության բնականոն ընթացքին:

Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times

Հայաստանում խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը նոր լիցք է հաղորդում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ուշադրության կենտրոնում է TRIPP շրջանակային ծրագիրը, որը Հայաստանը կդարձնի դարպաս Կասպից ծովի և Եվրոպայի միջև: Այդ մասին նշված է The Washington Times թերթում վերլուծաբան Դարեն Սփինքի հեղինակած սյունակի մեջ:

Նրա կարծիքով՝ TRIPP-ը Հայաստանին առաջարկում է զգալի առավելություններ. այն դեպի ծով ելք չունենալը կվերածի տնտեսական ակտիվի՝ ներգրավելով ներդրումներ և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Այն նաև կօգնի պահպանել խաղաղությունը և կամրապնդի Ամերիկայի դերը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում: Հեղինակի խոսքով՝ TRIPP-ը նաև առևտրային հնարավորություններ կստեղծի ամերիկյան ընկերությունների համար, քանի որ Հարավային Կովկասով նոր տրանսպորտային ուղիներ են անցնելու։

Միևնույն ժամանակ, հեղինակն ընգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը չի կարող հիմնված լինել միայն առևտրային երթուղիների վրա. դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը Ադրբեջանում դեռևս պահվող 19 հայ գերիների վերադարձն է: Նա նշում է, որ շատերի կարծիքով՝ գերիներին չվերադարձնելն ազդակ է, որ պատերազմն ամբողջությամբ չի ավարտվել: Իսկ գերիների վերադարձը կնպաստեր խաղաղության գործընթացին:

Հեղինակն առաջարկում է, որ հայ գերիների ազատ արձակման հարցում, ինչպես և հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի: Նրա խոսքով՝ հատկապես ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ Ամերիկայի հայ համայնքը, որի թիվը գնահատվում է ավելի քան 1 միլիոն, ուշադիր հետևում է իրենց մտահոգությունների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշմանը:

Թարգմանությունը` 1lurer

Վարչաֆեստի մրցութային համարներից առաջ համերգային ծրագիր. ներկա է վարչապետ Փաշինյանը

Վարչաֆեստի մրցութային համարներից առաջ համերգային ծրագիր. ներկա է վարչապետ Փաշինյանը

Ուկրաինան հարվածել է նաև Ozon-ի լոգիստիկ կենտրոնին

Ռուսաստանի Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում անօդաչու սարքերի զանգվածային հարձակման է ենթարկվել Ozon ընկերության լոգիստիկ համալիրը։ Պահեստում բռնկված խոշոր հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 500 աշխատակից, իսկ կենտրոնի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է 4 մարդ։ Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է թեթև, իսկ 1 քաղաքացի ծանր վիճակում է․ տարհանման ընթացքում նա ցած է նետվել երկրորդ հարկի պատուհանից և այժմ վիրահատվում է։

Տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ գիշերը մարզի երկնքում խոցվել է մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թիրախավորել էին Սամարայի ռազմավարական օբյեկտները։

Անսպառ էներգիա, խաղեր ու անմոռանալի հույզեր Սևանի ափին․ «Վարչաֆեստ»՝ օր 2

Սևանա լճի ափին կայացած «Վարչաֆեստ» փառատոնը վերածվել է իսկական էներգիայի, սպորտի և վառ հույզերի տոնի։ Փառատոնի կազմակերպիչները «Ֆեյսբուք»-ում կիսվել են տոնական մթնոլորտի դրվագներով:

Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեն վայելելու ոչ միայն որակյալ երաժշտություն, այլև ներգրավվելու տարաբնույթ ակտիվություններում, սպորտային խաղերում:

«Անսպառ էներգիա, խաղեր ու անմոռանալի հույզեր Սևանի ափին։ «Վարչաֆեստ»-ում երաժշտությունից զատ վայելեցինք տարաբնույթ ակտիվություններ, սպորտային խաղեր ու լցվեցինք վառ հիշողություններով։ Մեզ հետ միասին վերապրեք այս գեղեցիկ պահերը, որ անցկացրինք միասին»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակման մեջ։

Գերմանիան 50 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը խոստացել է 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Վադեֆուլն այդ մասին հայտարարել է Կիևում՝ իր ուկրաինացի գործընկերոջ՝ Անդրեյ Սիբիհայի հետ մամուլի ասուլիսում։

«Մենք կհատկացնենք 50 միլիոն եվրո. այս միջոցները կուղղվեն ՄԱԿ-ի կազմակերպություններին, որոնք շտապ աջակցություն են ցուցաբերում առաջնագծում գտնվող մարդկանց, օրինակ՝ տների վերանորոգմամբ և ջեռուցման սարքերի մատակարարմամբ»,-ասել է Վադեֆուլը։

Օգոստոսի 22-ին  Վադեֆուլը անսպասելի այցով ժամանել է Կիև։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ օրակարգում են Ուկրաինայի օգնությունը և երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհի կամ հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարել 112։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության 2-րդ փուլը․ ով է նոր առաջատարը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների երկրորդ նախնական քվեարկությունը։ Նախնական տվյալներով՝ առավելագույն ձայներ է հավաքել Գայանայի ներկայացուցիչ Քերոլայն Ռոդրիգես-Բիրքեթը։

Ռոդրիգես-Բիրքեթի օգտին քվեարկել է ԱԽ 8 անդամ, 3-ը դեմ են արտահայտվել, իսկ 4-ը՝ ձեռնպահ։ Առաջատարների ցանկում են հայտնվել նաև ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ղեկավար Ռեբեկա Գրինսպանը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին․ նրանցից յուրաքանչյուրը ստացել է 7-ական «կողմ» ձայն։

Գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Հատկանշական է, որ պաշտոնին հավակնող ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ավելի վաղ հայտարարել էր, թե ՄԱԿ-ն աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը և «դանդաղ մահանում»։