Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների ամիսներ տևած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հայտնաբերվել և ձերբակալվել է սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը, որը նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն․ հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունը։
«Հիշեցնենք, որ 37-ամյա տղամարդը հետախուզվում էր սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու ու կրելու մեղադրանքներով։ Նա մեղադրվում է նաև 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար։
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։
Դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին դեռևս հուլիսին»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային Ղարաբաղը։
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ագրեսիվ պատերազմներին մասնակցած զինվորականներին՝ Ալիևն ընդգծել է նրանց դերը տարածաշրջանի օկուպացման գործում։
Նա հատուկ շեշտել է, որ «հենց նրանք» են օկուպացրել Ղարաբաղը։
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Էդուարդ Աղաջանյանը, Աննա Գրիգորյանը, Լուսինե Բադալյանը, Քրիստինե Վարդանյանը, Նելլի Բավեյանը և Նարեկ Բաբայանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին, բարձր գնահատել երկու երկրների միջև առկա դարավոր բարիդրացիական հարաբերությունները։
Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան կապերը վերջին շրջանում դինամիկ զարգանում են, ինչը տարածաշրջանային համագործակցության ու հարաբերությունների զարգացման լավ օրինակ է։ Պատգամավորը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։Կողմերը փաստել են տնտեսական, էներգետիկ, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում կապերի ակտիվ զարգացումն ու ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի հարավում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իրանական կազմակերպությունների զգալի ներգրավվածությանը։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են, որ հարաբերությունների զարգացման գործում ակտիվ փոխայցերն ունեն ուրույն դերակատարում ու քննարկվել երկկողմ այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։ Բանկի տաղավարում այցելուները ծանոթացան բիզնես վարկավորման և վերաֆինանսավորման պայմաններին, ինչպես նաև POS տերմինալներով ու վճարման հղումներով շուրջօրյա վճարումներ ընդունելու հնարավորություններին։
Յունիբանկի Բիզնես վարկավորման վերլուծության և աջակցության վարչության պետ Արտակ Սիմոնյանն առանձնացրեց մինչև 15 մլն դրամի «Միկրո Էքսպրես» անգրավ բիզնես վարկը։ Վարկը նախահաստատվում է ընդամենը 5 րոպեում։ Ձեռնարկատերերը կարող են գործող բիզնես վարկը վերաֆինանսավորել Յունիբանկում՝ սկսած 8,5% տոկոսադրույքով և մինչև 10 տարի ժամկետով։ Հնարավոր է նաև ստանալ մինչև 50% հավելյալ ֆինանսավորում։ Բանկը ներկայացրեց նաև «Պարզեցված» բիզնես վարկը, որը տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության։
Յունիբանկի Կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման դեպարտամենտի տնօրեն Ռոմիկ Հովակիմյանը ներկայացրեց POS տերմինալի և ՀԴՄ-ի գործառույթները համատեղող սարքը։ Դրա միջոցով ձեռնարկությունները կարող են ընդունել քարտային վճարումներ և տրամադրել ՀԴՄ կտրոններ։
Բանկը ներկայացրեց նաև UniLink ծառայությունը, որը ձեռնարկություններին թույլ է տալիս առցանց ընդունել քարտային վճարումներ՝ առանց սեփական կայքի կամ բջջային հավելվածի։ Վաճառողը ստեղծում է վճարման հղում և ուղարկում այն հաճախորդին SMS-ով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցով կամ հաղորդագրությունների հավելվածով։ Հաճախորդը բացում է հղումը, մուտքագրում քարտի տվյալներն ու վճարում առցանց։ UniLink-ով կարելի է վճարումներ ընդունել հեռավար և սոցիալական ցանցերով վաճառքների, առաքման ծառայությունների և նախնական պատվերների համար, ինչպես նաև ստանալ վճարումներ ներկայացված հաշիվներով։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծեց ֆինանսական աջակցության դերը մարզի ձեռնարկությունների զարգացման գործում։ «Վստահորեն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հաջողված բիզնեսի հետևում կանգնած է իր բանկը»,– նշեց մարզպետը։
Էքսպոյին հաջորդեց «Հայաստանի տնտեսությունը՝ Երևանից դուրս» խորագրով համաժողովը։ Մասնակիցները քննարկեցին մարզերի տնտեսական զարգացման հեռանկարները, գործարար միջավայրի բարելավման հնարավորություններն ու ներդրումների խթանմանն ուղղված նախաձեռնությունները։
Երևանում խցանումների խնդիրը հնարավոր չէ լուծել առանց ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումների։ Այս մասին նոյեմբերի 9-ին Ազգային ժողովում՝ 2027 թվականի պետական բյուջեի…
Իրանը Թեհրանում Ադրբեջանի դեսպանին կանչել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Ադրբեջանում Իրանի 14 քաղաքացու անցանկալի անձ հայտարարելու հետ։ Mehr գործակալության հաղորդմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
Բաղային Ադրբեջանի քայլը որակել է «ոչ բարեկամական»՝ նշելով, որ Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան Բաքվի այդ որոշման:
Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացիների անցանկալի անձ էր հայտարարել և արգելել նրանց մուտքը երկիր:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր… Ըստ հայտարարության առաջին կետի՝ հաստատվում էր ամբողջական հրադադար և կողմերը պետք է կանգ առնեին իրենց դիրքերում: Դա տեղի չունեցավ: Հայկական կողմը, տարբեր պատճառներով, հեռացավ հրադադարի պահին առկա իր դիրքերից, իսկ 2022թ և 2023թ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություններ: Օկուպացվեցին ՀՀ տարածքները և հայ ժողովուրդն ամբողջովին զրկվեց մի քանի հազարամյա հայկական Արցախից: Երկրորդ կետի համաձայն, մինչ նոյեմբերի 20-ը Աղդամի շրջանը վերադարձվեց Ադրբեջանին: Երրորդ և չորրորդ կետերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ զորակազմերը, որոնք, 5 տարին մեկ ժամկետի երկարաձգման իրավունքով, պետք է մնային Արցախում: Զուգահեռաբար հայկական զինված ուժերը դուրս եկան՝ պաշտպանությունը թողնելով Արցախի փոքրաթիվ ՊԲ-ի և աշխարհազորի վրա: Չնայած խաղաղարար առաքելության առկայությանը՝ Ադրբեջանը ոչ միայն փակեց Արցախը սնող ճանապարհը այլ նաև լայնածավալ հարձակում իրականացրեց բոլոր ուղղություններով: Ըստ ՌԴ մեկնաբանության՝ խաղաղարար առաքելությունն անհնարին դարձավ, երբ Նիկոլ Փաշինյանը, 2022թ, հոկտեմբերի 6-ին, Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Համարվում էր, որ այդ կերպ խաթարվել էր խաղաղապահ առաքելության իրավասությունների ողջ տրամաբանությունը: Հինգերորդ կետով նախատեսվող վերահսկողության կենտրոնի փոխարեն՝ ավելի ամրացվեց Թուրքիայի ներկայությունն ու դերակատարումը տարածաշրջանում: Աղդամում՝ հրադադարի պահպանման վերահսկողության նպատակով, չգիտես ինչու, ստեղծվեց ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն: Վեցերորդ կետով, մինչ նոյեմբերի 25-ը Ադրբեջանին վերադարձվեց Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը՝ (բացառությամբ միջանցքի) մինչև դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, պետք է մնար ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո: Սակայն 2022թ, դեկտեմբերի 12-ից ( Էմանուիլ Մակրոնի և Շառլ Միշելի քավորությամբ արված Պրահայի հայտարարությունից երկու ամիս անց) Լաչինի միջանցքը փակվեց: Եվ ժամանակավորապես բացվեց միայն Արցախն ամբողջովին հայաթափելու նպատակով: Ադրբեջանը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Սակայն դա տեղի չունեցավ, իսկ նոր երթուղու պլանը, երեք տարվա ընթացքում համաձայնեցնելու փոխարեն, կարճ ժամանակ հետո ուղղակի պարտադրվեց անցնել նոր ճանապահին և հանձնել Բերձորն ու Աղավնոն: Յոթերորդ կետով արցախցիների ճնշող մեծամասնությունը (անգամ օկուպացված Հադրութի ու Շուշիի բնակիչները) վերադարձան Լեռնային Ղարաբաղ: Սակայն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ի հեճուկս իր ստանձնած վերահսկողության, անգամ բլոկադայի դաժան ժամանակահատվածում ոչինչ չարեց: Ութերորդ կետով պետք է իրականացվեր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում: Հայաստանը բոլորին տվեց, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Եվ առ այսօր պահում է պատանդի կարգավիճակում: Իններորդ կետի պահանջները դարձան Նիկոլի կառավարության անկանոն վայրիվերումների և աշխարհաքաղաքական առևտրի առանցքը: Այս կետի «տերերը» փոխվեցին նոր «տերերով», և այն դարձավ շահագրգիռ կողմերի համար տեսանելի ու անտեսանելի «կռվախնձոր»: Փաշինյանի կառավարությունն այսօր Սյունիքն է կանգնեցրել լրջագույն մարտահրավերի առջև: Ապաշրջափակումն ու «խաղաղության խաչմերուկն» այսօրվա տեսքով՝ կամ պարզապես չի կայանա և կհետաձգվի անորոշ ժակետով: Կամ Հայաստանի հարավը կվերածի զուտ թուրք-ադրբեջանական ճսնապարհի: Կամ էլ՝ վատթարագույն զարգացումներով այն կարող է դառնալ տարածաշրջանային նոր բախման պատճառ: Ահա, թե ընդամենը վեց տարում, ռեգիոնալ դերակատար և անվտանգային գործոն հանդիսացող Հայաստանը, «դըմփ դընփ հու»-ի արդյունքում՝ ինչից ինչ դարձավ: 2020թ. նոյեմբերի 9-ի իջնող վարագույրը տարեցտարի ավելի ծանրացավ արժանապատվորեն ձեռքբերված հաղթանակների ու համազգային նպատակների վրա: Հ.Գ. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը: Միայն կիսագրագետներն ու անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը»: