Քննարկվել են Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման ինստիտուտի ստեղծման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Մյունխենում հանդիպել է Ֆրանսիայի CEA-Leti հետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Սեբաստիան Դովեի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման ինստիտուտի ստեղծման հեռանկարները, դրա գործունեության հնարավոր մոդելը, անհրաժեշտ ենթակառուցվածքները և միջազգային գործընկերների ներգրավման հնարավորությունները։

Նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է կիսահաղորդիչների հետազոտության և չիպերի նախագծման ոլորտում Հայաստանի փորձն ու ներուժը՝ ընդգծելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև տեղական մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը։

Քննարկման առանցքում եղել է կիսահաղորդչային ամբողջական էկոհամակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որը կմիավորի հետազոտությունն ու տեխնոլոգիական մշակումները, չիպերի նախագծումը և արդյունաբերության պահանջարկը՝ ապահովելով գիտահետազոտական կառույցների, բուհերի, ինժեներների և միջազգային ընկերությունների համագործակցությունը։

Միջազգային փորձի ուսումնասիրման համատեքստում անդրադարձ է կատարվել Իտալիայի Chips-IT կազմակերպության օրինակին, որը համագործակցում է համալսարանների հետ։ Քննարկվել են նաև Հայաստանում նմանատիպ կառույցի հնարավոր նախնական մասշտաբը, կազմակերպական մոդելը, ֆինանսավորման մեխանիզմները և անհրաժեշտ տեխնոլոգիական գործիքներին հասանելիության ապահովման հարցերը։ Մասնավորապես, ընդգծվել է չիպերի նախագծման համար անհրաժեշտ EDA գործիքների հասանելիության կարևորությունը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև մարդկային կապիտալի զարգացմանը՝ մասնագետների վերապատրաստման, միջազգային հետազոտական կենտրոնների հետ փոխանակման ծրագրերի, փորձագիտական ներգրավվածության և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։

Կողմերը քննարկել են CEA-Leti-ի հնարավոր ներգրավվածության ձևաչափերը Հայաստանում, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվության, մասնագետների վերապատրաստման, միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման և համատեղ հետազոտական նախաձեռնությունների ուղղություններով։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները նախաձեռնության հայեցակարգի, կենտրոնի գործունեության նախնական մոդելի, անհրաժեշտ ռեսուրսների և հնարավոր միջազգային գործընկերությունների ուղղությամբ։

Պետական պաշտոնյաների վարձատրության փոփոխությունների քննարկումը հետաձգվել է երկու ամսով

Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով՝ լրամշակման նպատակով։  

Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը։

Նա տեղեկացրել է, որ փաթեթը լրամշակելու համար լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն է առաջացել։ Կառավարությունից հանձնաժողովին հայտնել են, որ նախագծի հեղինակը չի մասնակցելու այդ օրվա քննարկմանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախագծի քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվում է»,- հայտարարել է Ջուլհակյանը։

Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ երբ նախագիծը պատրաստ լինի օրակարգում ընդգրկվելու և քննարկվելու, այդ մասին լրացուցիչ կտեղեկացվեն հանրությունն ու հանձնաժողովը։

Փաթեթը ներառում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի և ևս 20 օրենսդրական ակտերի փոփոխություններ։

ՀԱՊԿ-ը ոչ թե հեռացրեց, այլ հեռացավ տարածաշրջանից. Հայաստանը շահեց

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի
է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստը, որտեղ,
համաձայն որոշման, Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից և իր ներկայացուցիչներին
պատասխանատու պաշտոններում նշանակելու հնարավորությունից։

Համաձայն հիմնավորման՝ այդ որոշման
պատճառ է դարձել այն, որ  Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել  իր
պարտավորությունները: Սակայն այս որոշումից հետո անգամ չեն դադարում Մոսկվայից և Բելառուսից
հնչող սպառնալից հայտարարությունները։

Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության
խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հայաստանը շատ բան կկորցնի,
եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Իսկ Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը
հայտարարել է, որ նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպության փակ և գաղտնի բնույթ կրող փաստաթղթերին։

Նշենք նաև, որ դեռևս նախորդ շաբաթ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները
սպառված են»։

Քաղաքագետ Առնոլդ Բլեյանի խոսքով՝
ցանկալի կլիներ, որ Հայաստանին ընդհանրապես հեռացնեին ՀԱՊԿ-ի կազմից, ցավոք դա տեղի
չունեցավ, բայց սպասելի էր, որ այդ կառույցից արձագանք պետք է լիներ, և փաստորեն որոշեցին
մեզ հետզհետե հեռացնել ՀԱՊԿ-ից։

«Ինչպես մենք ասում էինք՝ ոչ
թե մենք ենք հեռանում ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռանում տարածաշրջանից։ Իրականում դա
մի կառույց է, որտեղից մենք վաղուց պետք է դե յուրե դուրս եկած լինեինք, այնուամենայնիվ
ցանկալի է իհարկե, որ իրենք հեռացնեն մեզ, բայց տեսնենք, թե որը առաջինը կլինի։ Ի դեպ,
Ուզբեկստանը նման գործելաոճ էր որդեգրել, երբ իրեն ստիպված հեռացրին ՀԱՊԿ-ից։ Տարբերությունն
այն էր, որ Ուզբեկստանը պարզապես խոչընդոտում էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ չէր
միանում փաստաթղթերի ստորագրմանը, ի տարբերություն Հայաստանի։ Եվ ստիպված նրան հեռացրին»,-
ասաց քաղաքագետը։

Մեկնաբանելով Վալենտինա Մատվիենկոյի
հայտարարությունը՝ Առնոլդ Բլեյանն  ասաց, որ
մենք տուժում էինք, երբ այդ կառույցում էինք, և փաստացի մենք տուժեցինք, որովհետև այդ
կառույցը ոչ միայն  ռազմական օգնություն չցուցաբերեց
Հայաստանին 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, առավել ևս 2022 թվականի
սեպտեմբերին, այլև նույնիսկ քաղաքական աջակցություն չհայտնեցին հօգուտ Հայաստանի, դեռ
ավելին՝ եկան Հայաստան, ուսումնասիրեցին և պարզեցին, որ չգիտեն՝ Ջերմուկի տարածքները
արդյոք ՀՀ տարա՞ծք են, թե՞ Ադրբեջանի Հանրապետության տարածք, քանի որ սահմանը հստակեցված
չէ։ Քաղաքագետի խոսքով՝ ի տարբերություն դրան՝ եվրադիտորդները եկան, գտան սահմանը,
տեղակայվեցին և առայսօր տեղակայված են։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի
ֆեյսբուքյան ռուսերեն գրառմանը՝ ՀԱՊԿ-ում մեզ ձայնից զրկելու վերաբերյալ,  Առնոլդ Բլեյանն ասաց
․ «Այո, ճիշտ է ասում։ Մենք
ՀԱՊԿ-ի անդամ էինք և օգուտ չտեսանք։ Ընդ որում, երբ ես ասում եմ ՀԱՊԿ, նաև նկատի ունեմ
Հայաստան
–Ռուսաստան 1997 թվականի փոխօգնության պայմանագիրը, որով նույնպես
մենք դիմել էինք ՌԴ-ին, որպեսզի իրենք երկկողմ ձևաչափով, ըստ այդ պայմանագրի և ռազմաբազայի
դրույթների, գան և պաշտպանեն ՀՀ տարածքը, որի համար մենք վճարում ենք այդ ռազմաբազային։
Այսինքն՝ իրենք նույնիսկ պայմանագիր են խախտել։ Մենք իրենց վճարում ենք, որպեսզի իրենք
ապահովեն մեր անվտանգությունը, մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանային
անխախտելիությունը, և իրենք թերացել են»,- նշեց Առնոլդ Բլեյանը։         

Ի հավելումն նա ասաց, որ հայ-ռուսական
հարաբերությունները նույնպես պետք է վերանայման ենթարկվեն և դրանք վերանայվում են,
այդ թվում՝ ռազմաբազայի կտրվածքով։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

 

Մեր թիմը հայտնի է իր բազմակարծությամբ. Հակոբյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Մեր թիմը հայտնի է իր բազմակարծությամբ. Հակոբյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերազմը կվերսկսվի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման դեպքում պատերազմը կվերսկսվի։Այս մասին նա հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։

«Եվրոպացիները գիտեն, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայումն անընդունելի է»,- ընդգծել է Պուտինը։

Նրա խոսքով՝ օտարերկրյա զորքերի տեղակայումը կնշանակի պատերազմի շարունակություն։ Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է համաձայնագիր կնքել Եվրոպայում անվտանգության համակարգի վերաբերյալ, սակայն եվրոպական երկրները մերժում են այդ առաջարկը։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի ԱՄՆ-ն համագործակցի Եվրոպայի հետ, և եվրոպական երկրներն իրենք որոշեն՝ ցանկանում են խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ։

Անդրադառնալով Ուկրաինայի հետ սահմանազատման հարցին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի համար կա միայն մեկ սահմանազատման գիծ՝ պետական սահմանը։

Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում հաստատել մշտական խաղաղություն։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահն առաջարկել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպել՝ Ալեշկիի օրինակով։

Փաշինյանն ու Էստոնիայի վարչապետը անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը

Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Քրիստեն Միխալի հանդիպումը: Հայտնում են Կառավարությունից:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ինտենսիվ բնույթը՝ նշելով, որ վերջին ժամանակահատվածում երկկողմ բարձր մակարդակի շփումները դարձել են պարբերական: Կողմերը վստահություն են հայտնել, որ դա կնպաստի տարբեր ոլորտներում Հայաստան-Էստոնիա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: 

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

 

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և Քուշներին

Կրեմլում ընթանում է Պուտինի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆի հետ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինն ընդգծել է Ալեշկիի շուրջ Ուկրաինայի հետ մարդասիրական համագործակցության կարևորությունը:

TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Ազգային ժողովն ընդունեց ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է TRIPP ընկերության ստեղծման համար օրենսդրական փոփոխություններ կատարել:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում նոյեմբերի 12-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին:

Նյու Յորքում եռահարկ շենք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ

Նյու
Յորքի Բրուքլինի Ֆլեթբուշ թաղամասում եռահարկ շենք է փլուզվել։ Պատահարի հետևանքով
զոհվել է 2, վնասվածք ստացել 10-ից ավելի մարդ, հայտնել է քաղաքապետ Զոհրան
Մամդանին:

Նյու
Յորքի հրշեջ ծառայության տվյալներով՝ տուժածների ընդհանուր թիվը հասել է 19-ի, այդ
թվում՝ յոթ երեխա։ Փլուզման պատճառը պարզվում է։

 

 

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։

«Մեզ ձայնից զրկել են այնտեղ, որտեղ բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդի՝  նոյեմբերի 11-ին կայացած նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի, ինչպես նաև քվոտային պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու իրավունքից։ Որոշման պատճառը Հայաստանի կողմից ՀԱՊԿ աշխատանքներին տևական ժամանակ չմասնակցելն ու անդամավճարները չվճարելն է։

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի վճարում անդամավճարները։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր հետաքրքրությունները սպառված է համարում։