Նեթանյահուի հեռացող կառավարությունը նոր հարվածներ հասցնելու համար ընդդիմության համաձայնության կարիքը չունի. Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ վարչապետ Բինյամին Նեթանյահուի հեռացող իշխող կոալիցիան ռազմական գործողությունները վերսկսելու մասին որոշումներ ընդունելու համար ընդդիմության համաձայնության կարիքը չունի։ Նրա հայտարարությունը հնչել է զսպվածության կոչերի ֆոնին։

«Մեզ պետք չէ ընդդիմության կամ որևէ իրավական մարմնի հավանությունը, որպեսզի բանակը հարվածներ հասցնի իր գործողությունների ցանկացած ուղղությամբ»,- X սոցիալական ցանցում գրել է Կացը։

Ընդ որում, նա ուղղակիորեն չի հիշատակել Իրանը։

«Իսրայելի անվտանգության ապահովումը չի դադարեցվում և չի սպասում զուգահեռ ընթացող քաղաքական գործընթացներին»,- հավելել է նախարարը։

Նրա գնահատմամբ՝ «ուղղակի և անմիջական սպառնալիքի» բացակայության պայմաններում ուժի կիրառումը կարող է «աղետալի հետևանքներ ունենալ իսրայելական ժողովրդավարության և քաղաքացիների վստահության համար»։

Անցյալ ամիս նախընտրական քարոզարշավի ընթացքում Նեթանյահուն բազմիցս սպառնացել է վերսկսել Իրանի հետ պատերազմը։

Ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գադի Այզենկոտն ավելի վաղ վարչապետի պարտականությունները կատարող Նեթանյահուին կոչ էր արել զսպվածություն ցուցաբերել, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Հինգշաբթի Նեթանյահուն համաձայնել է հանդիպել Այզենկոտի հետ՝ ազգային անվտանգության հարցերը քննարկելու համար։

Միրզոյանը և Բայրամովը կարճատև զրույց են ունեցել

Դիտել Reel-ը

Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Եվրոպացիները կմիանան Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին. Ուիթքոֆ

Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին։ Դրա մասին նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հաղորդում է Reuters-ը։

«Եվրոպացիները կմիանան հաջորդ հանդիպմանը։ Մենք դա շատ կարևոր պահ ենք համարում, քանի որ նրանք մեր գործընկերներն են, և մեզ համար կարևոր է, որ նրանք մասնակցեն»,- ասել է Ուիթքոֆը։

Մոսկվայում բանակցություններից հետո Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները պետք է մեկնեին Դուբլին, որտեղ նախատեսում էին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Եվրոպայի ներկայացուցիչների ներգրավումը բանակցային գործընթացում կարող է կարևոր փոփոխություն դառնալ պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերում։ Այս շաբաթվա սկզբին Աբու Դաբիում անցկացվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները։ Կողմերը հայտնել են որոշակի առաջընթացի մասին, սակայն էական տարաձայնությունները, դրանց թվում՝ տարածքային հարցերի շուրջ, պահպանվում են։

Քուշները, որը նույնպես մասնակցել է Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ամերիկյան կողմը եվրոպացիների դիրքորոշման մեջ «մեծ փոփոխություններ» է նկատել և ակնկալում է, որ բանակցային ձևաչափի ընդլայնումը չի խոչընդոտի խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։

Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Եվրոպայի հետ երկխոսությունից, սակայն եվրոպական երկրներին մեղադրել է Ռուսաստանի հետ շփումները դադարեցնելու մեջ։ Նա զգուշացրել է նաև, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։

Ռուսաստանի նախագահը Վաշինգտոնին կոչ է արել աշխատել եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի նրանք հստակեցնեն, թե ինչ են ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ուկրաինայում։

Դիվանագիտական շփումների ֆոնին Զելենսկին հայտնել է ուկրաինացի զինվորականների կողմից օգտագործվող Starshield արբանյակային կապի աշխատանքի նոր սահմանափակումների մասին։ Ըստ նրա՝ խափանումներն ընդգրկել են ռազմաճակատի ամբողջ գիծը և բարդացրել ռուսական ռեակտիվ անօդաչուների դեմ ուկրաինական կալանիչ անօդաչուների կիրառումը։

Օդում կախված «ձգտումներ»՝ անվտանգության փոխարեն

«Կասկած չկա, որ իշխանական քարոզչամեքենան փորձելու է որպես դիվանագիտական մեծ հաջողություն ներկայացնել այսօր Դուբլինում Եվրոպական Քաղաքական համայնքի շրջանակներում անցկացված Հայաստանին նվիրված սեմինարը և այդ արդյունքում ընդունված հայտարարությունը։

Բայց եթե մի կողմ դնենք կեղծ պաթոսն ու ուշադիր կարդանք տողատակերը, պարզ կդառնա, որ սա ընդամենը հերթական դատարկ խոսքերի և Փաշինյանի վտանգավոր արկածախնդրության նոր ապացույցն է»,- գրել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։

Նա նշել է․

«Մինչ մի քանի եվրոպացի պաշտոնյաները կշոյեն Փաշինյանի գլուխը գագաթնաժողովի միջանցքներում, այս քաղաքականության ծանր հաշիվը փակելու ենք մենք՝ շարքային հայաստանցիներս։

Ահա մի քանի փաստ, թե ինչ է իրականում թաքնված այս թղթի հետևում.

Դատարկ աթոռներ՝ «եվրոպական մեծ աջակցության» փոխարեն։

Այնքան խոսեցին «դեպի Եվրոպա շրջադարձից», բայց իրականում ԵՄ 27 երկրների առաջնորդների մեծ մասը նույնիսկ չէր էլ բարեհաճել գալ այդ հանդիպմանը (ներկա էին ընդամենը 3-ը, մեկ այլ 3 էլ աջակցել են) ։ Ստացվում է՝ մենք քանդում ենք մեր ավանդական կապերը՝ ընդամենը մի քանի եվրոպացի պաշտոնյայի ժպիտին արժանանալու համար։

Լռություն՝ մեր Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին։

Հայտարարության մեջ ողջունում են Ադրբեջանի հետ բանակցությունները, բայց ոչ մի բառ չկա այն մասին, որ Բաքուն բացահայտ պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը։ Չխոսելով սրա մասին և գովելով դրան պատրաստ իշխանությանը՝ Եվրոպան փաստացի կանաչ լույս է վառում մեր ներքին գործերին ու ինքնիշխանությանը միջամտելու և Ալիևի նկրտումների համար։

«Խաղաղություն»՝ միայն մեր զիջումների հաշվին։

Տեքստում որևէ բառ չկա Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի, Բաքվում պահվող մեր գերիների կամ Հայաստանի օկուպացված տարածքների մասին։ Այն, ինչ Բրյուսելն ու Փաշինյանն անվանում են «խաղաղություն», իրականում Բաքվի ու Անկարայի թելադրած պայմանների անվերապահ կատարումն է։

Երկակի ստանդարտներ՝ ընտրությունների հարցում։

Ասում են՝ 5 ամիս առաջվա ընտրություններն անցան ռուսական միջամտության պայմաններում։ Բայց ինչո՞ւ են լռում, որ հենց իրենք՝ արևմտյան առաջնորդներն էին ընտրություններից առաջ գալիս Հայաստան, գումարներ խոստանում ու բացահայտ աջակցում իշխանությանը՝ ինչը նույնիսկ օտարերկրյա դիտորդներն արձանագրեցին որպես անհավասար պայմանների ստեղծում։ Էլ չխոսենք վարչական ռեսուրսի չարաշահման ու ընդդիմության հանդեպ ճնշումների և հետապնդումների մասին, որոնց վրա Եվրոպան պարզապես աչք է փակում։

Տնտեսական փակուղու սպառնալիք՝ առանց ելքի։

Հենց իրենք են գրել, որ Ռուսաստանը փակել է մեր ապրանքների ճանապարհն ու սպառնում է գազի հարցով։ Իսկ ի՞նչ են առաջարկում դրա դիմաց՝ ընդամենը 5 մլն € արճողությամբ եվրոպական մաքսատուրքերի զեղչե՞ր։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր արտադրանքը մի գիշերում չի կարող մտնել խիստ ստանդարտներով եվրոպական շուկա։ Իսկ ձմեռը դռան շեմին է, ու կառավարությունը չունի գազի մատչելի այլընտրանք։ Ավելին, չկա անգամ որևէ հստակ խոստում կամ պարտավորություն՝ կոմպենսացնելու Հայաստանի ծանր և անխուսափելի տնտեսայան և սոցիալական վնասները։

Օդում կախված «ձգտումներ»՝ անվտանգության փոխարեն։

«Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով»՝ սահման չես պահի։ Փաշինյանը քանդում է մեր անվտանգային համակարգը՝ դրա դիմաց ստանալով միայն սիրուն ձևակերպումներով թղթեր, որոնք որևէ իրավական ուժ չունեն։

Հայաստանը չպետք է շարունակի ծառայել որպես Ռուսաստանի և Արևմուտքի բախման պոլիգոն։ Մեզ պետք է իշխանություն, որը կվարի խելացի, հավասարակշռված քաղաքականություն, կպաշտպանի մեր Սահմանադրությունն ու քաղաքացիներին, ոչ թե կսակարկի մեր արժանապատվությունը՝ եվրոպական մի քանի մայրաքաղաքների ծափահարությունների դիմաց։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ»։

Ստեփանավանում մանդատները բաշխվեցին


2026 թ. հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ Ստեփանավան համայնքի ավագանու 21 մանդատները բաշխվել են երեք քաղաքական ուժի միջև. «Գործարար» կուսակց…

Արամ Ա–ն և ՀԲԸՄ նախագահը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակն ու իշխանություն-եկեղեցի հարաբերությունները

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հանդիպում է տեղի ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Հայկական բարեգործական ընդհանուր միության երկարամյա նախագահ, այժմ՝ պատվավոր նախագահ Պերճ Սեդրակյանի միջև։

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին իրավիճակին, իշխանություն-եկեղեցի հարաբերություններին և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող խնդիրներին։

Ալեն Սիմոնյանը Դուբլինում ջերմ զրուցում է Հիքմեթ Հաջիևի հետ

Ալեն Սիմոնյանը Դուբլինում ջերմ զրուցում է Հիքմեթ Հաջիևի հետ

Դուբլինում շփումներ են ունեցել նաև ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
     Ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Թուրքիայում S-70 ռազմական ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում S-70 ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Կործանման պատճառը դեռևս հայտնի չէ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Թուրքական Yeni Şafak պարբերականի տվյալներով՝ հղում անելով İHA գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել Յեշիլյուրթ շրջանում։ Կործանման վայր են ուղարկվել հրշեջ և բժշկական խմբեր։

Ինչպես հայտնել են նախարարությունից, փրկարար ծառայությունները հասել են ուղղաթիռի կործանման վայր և սկսել աշխատանքները։ Հնարավոր տուժածների և միջադեպի հանգամանքների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ռուսական 10 խոշորագույն նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցների մասին

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական տասը խոշորագույն նավթարդյունահանող ընկերությունների դեմ, Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Էնդի Բերնհեմը, հաղորդում է PA Media-ն։

Նա շուրջ 50 երկրների ղեկավարներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ հասնելու համար նրան, որ Մոսկվան լրջորեն վերաբերվի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։

Սահմանափակումների նոր փաթեթն ուղղված է նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։ Այն ներառում է պատժամիջոցներ ռուսական նավթն ապօրինաբար փոխադրող ռուսական ստվերային նավատորմի նավերի, «Սլավնեֆտ» նավթային ընկերության, ինչպես նաև «Վոստոկ Օյլ»՝ «Ռոսնեֆտի» արկտիկական առաջատար նավթագազային նախագծի դեմ։

«Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններն առաջ են շարժվել, բայց հիմա ինքնահանգստացման ժամանակը չէ։ Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ հասնելու լիակատար և անհապաղ հրադադարի համաձայնության»,- հայտարարել է Բերնհեմը։

Ըստ նրա՝ նոր պատժամիջոցները պետք է ուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի նավթային եկամուտների վրա և նպաստեն պատերազմի ավարտին։ Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել բանակցությունների ձեռք բերած թափը և գտնել ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի անվտանգության ապահովման ուղին։

Հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, Բերնհեմը կմասնակցի Ուկրաինայի հարցով նիստին, որը կհամանախագահի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Առաջնորդները կքննարկեն հետագա քայլերը Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ վերջերս անցկացված բանակցություններից հետո, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Զելենսկին ավելի վաղ ընդգծել էր խաղաղ գործընթացին Եվրոպայի մասնակցության անհրաժեշտությունը։

Բերնհեմը մտադիր է հայտարարել, որ Մեծ Բրիտանիան ողջունում է բանակցություններում առաջընթացը, սակայն Եվրոպան պետք է դրանցում լիարժեք դեր ունենա և միաժամանակ շարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ ձգտելով հասնել այնպիսի համաձայնությունների, որոնք կամրապնդեն եվրոպական անվտանգությունը։

Գագաթնաժողովի շրջանակում վարչապետը նախատեսում է նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ պաշտպանության և անվտանգության հարցերով կլոր սեղան անցկացնել։ Մասնակիցները կքննարկեն աճող հիբրիդային սպառնալիքները։

Բացի դրանից, ըստ բրիտանական վարչապետի գրասենյակի՝ Բերնհեմը հանդիպումը կօգտագործի Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև նոր հարաբերությունների գաղափարն առաջ մղելու համար։ Հարցն արդիական կլինի նաև հաջորդ շաբաթ Բրյուսելում անցկացվելիք Մեծ Բրիտանիա–ԵՄ գագաթնաժողովում։