ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը


Հարեվաններ


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
 
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։



Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին


Աշխարհ


Կանադայի արդյունաբերության նախարար Մելանի Ժոլին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Օնտարիո լիճը «Ամերիկա» վերանվանելու առաջարկին։

«Մենք միշտ այն կանվանենք Օնտարիո լիճ»,- երեքշաբթի՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ժոլին՝ հավելելով, որ Կանադան «կգործի ռազմավարական մոտեցումներով և կհակազդի», քանի դեռ շարունակվում են այդ «խարդավանքները»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերից մեկը՝ Կանադայի Օնտարիո նահանգի և ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի միջև գտնվող Օնտարիո լիճը «Ամերիկա» վերանվանելու հնարավորությունը։

Թրամփի առաջարկը հնչել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային լարվածության սրման ֆոնին։ Օգոստոսի 22-ից ԱՄՆ-ը 50% մաքսատուրք է սահմանել կանադական շուրջ 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ։

Ի պատասխան՝ Կանադան օգոստոսի 25-ին հայտարարել է ԱՄՆ-ից ներմուծվող ավելի քան 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ մինչև 50% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նոր մաքսատուրքերը կգործեն սեպտեմբերի 8-ից։



ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով


Աշխարհ


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում չի հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆի հետ: «Արմենպրեսի» փոխանցմամբ, այդ մասին  «Ինտերֆաքս»-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի հետ հանդիպումներ չկան», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը պլանավորում է ԿՀՎ-ի ղեկավարին ընդունել Կրեմլում։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ռեթքլիֆի այցը կապված է երկու երկրների հատուկ ծառայությունների միջև շփումների հետ։



Գաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը Մոսկվա


Աշխարհ


Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի այցելել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուղղակիորեն չի հաստատել կամ հերքել այս լուրերը, սակայն նշել է, որ խոսքը «հատուկ ծառայությունների միջև շփումների» մասին է: Նա նաև ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը Ռեթքլիֆի հետ որևէ հանդիպում չի ունեցել և չի պլանավորել:

ԿՀՎ-ն և Սպիտակ տունը հրաժարվել են մեկնաբանություններից, իսկ ամերիկյան պատվիրակության կազմն ու այցի հստակ նպատակները մնում են անհայտ:

Լրատվամիջոցները նկատում են, որ սա ամերիկյան հետախուզության ղեկավարի առաջին հայտնի այցն է Մոսկվա 2021 թվականի նոյեմբերից ի վեր, երբ ԿՀՎ նախկին տնօրեն Ուիլյամ Բըրնսը հանդիպել էր Պուտինի հետ՝ Ուկրաինա ներխուժումից ամիսներ առաջ:

Այս այցի նախաշեմին Միացյալ Նահանգները խնդրել էր Ուկրաինային մի քանի օրով զերծ մնալ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի հյուսիսային շրջանների ուղղությամբ հարվածներից, ինչին ուկրաինական կողմը համաձայնել էր: Թռիչքների հետագծի համաձայն՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Ռիգայի վրայով և չորեքշաբթի օրն արդեն լքել է Ռուսաստանի տարածքը:



Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները


Սպորտ


ՀՖՖ մրցավար Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի F խմբի նախնական փուլի հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։
 
Խմբում ընդգրկված են իռլանդական «Բլու Մեջիք Դուբլինը», անգլիկական «Լոնդոն Ջենեսիսը», հյուսիսիռլանդական «Սպարտա Բելֆաստը» և հունական «Դուկաս» թիմերը։
 
Խաղերը կկայանան օգոստոսի 25-29-ը, Հունաստանում։  



ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ


Տեսանյութեր


Օգոստոսի 25-ին ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՆԳՆ ոստիկանության ծառայության կազմակերպումն էր։

Կամո Ցուցուլյանը հանձնարարել է սեպտեմբերի 1-ից հանրապետության ուսումնական հաստատություններում և հարակից տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ներգրավելով Ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ծառայողներին։ Նրա խոսքով՝ չպետք է սահմանափակվել միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ, այլև իրականացնել նաև շրջիկ ծառայություն։

Կամո Ցուցուլյանը նշել է, որ խցանումների կանխման, երթևեկության անխափան կազմակերպման և անչափահասների անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ուժեղացնել հսկողությունը սպասարկվող տարածքներում։
Ընդգծվել է անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը՝ ուշադրության կենտրոնում պահելով անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ հնարավոր իրավախախտումների կանխարգելումը։

Կամո Ցուցուլյանը նշել է, որ պետք է հետևողականորեն պահպանել ծառայողական կարգապահությունը՝ ընդգծելով Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարների անձնական պատասխանատվությունը ծառայության պատշաճ կազմակերպման գործում։

Խորհրդակցության ավարտին Կամո Ցուցուլյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ։





Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում


Հայաստան


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 26-ին՝ ժամը 11:30-17:00-ն, կդադարեցվի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել


Աշխարհ


Ամերիկացի զինվորականներն օգոստոսի 25-ին Կարիբյան ծովում հերթական հարվածն են հասցրել ենթադրաբար թմրանյութեր փոխադրող նավին:

ԱՄՆ զինուժից տեղեկացրել են, որ հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ։ «Հաստատված հետախուզական տվյալները  վկայել են, որ նավն օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», – նշվում է հրապարակնան մեջ։

Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 2025 թվականի աշնանից ի վեր թմրանյութեր ետղափոխելու մեջ կասկածվող նավերին ԱՄՆ զինված ուժերի հարվածների զոհ է դարձել ավելի քան 220 մարդ։



Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից


Աշխարհ


Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 7-ից կվերսկսվեն Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանատնից հայտնել են, որ չվերթի գործարկումը դեսպան Նիկոլա Նիկոլովի ջանքերի և «GullivAir» ավիաընկերությունը ներկայացնող կապիտան Յանկո Իվանովի բացառիկ աջակցության արդյունքն է։

«Սույն չվերթն անմիջական շփումների նոր հնարավորություններ է ստեղծում Բուլղարիայի և Հայաստանի քաղաքացիների միջև, ինչպես նաև բիզնեսի, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նախաձեռնությունների ու ծրագրերի ոլորտներում՝ երկկողմ համագործակցության զարգացման համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Դեսպան Նիկոլովն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել բուլղարական կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների աշխուժացման հարցում ցուցաբերած ըմբռնման և աջակցության համար։

«Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը կարևոր քայլ է երկու ժողովուրդների միջև շփումների խորացման ուղղությամբ և նոր հնարավորություններ է բացում երկկողմ երկխոսության զարգացման ու ամրապնդման համար»,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ 



Արսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետ


Սպորտ


Տեղեկացնում ենք, որ «Սյունիք» ՖԱ-ի հետ պայմանագիր է կնքել 24-ամյա պաշտպան Արսեն Գալստյանը։

 

Գորիսում ծնված ֆուտբոլիստը հանդես է գալիս աջ և ձախ եզրային պաշտպանի դիրքերում։ Իր կարիերայի ընթացքում Գալստյանը ներկայացրել է «ԲԿՄԱ», «Նոա», «Ալաշկերտ» և «Վան» ֆուտբոլային ակումբները։

 

Բարի գալուստ «Սյունիք» ՖԱ, Արսե՛ն։ Մաղթում ենք հաջող մրցաշրջան, կայուն ելույթներ, ամուր պաշտպանություն և բազմաթիվ հաղթանակներ՝ «Սյունիք» ՖԱ-ի կազմում։