Իսպանիայում այրել են Նեթանյահուի խրտվիլակը

Իսրայելը բողոք է հղել Իսպանիայի Էլ Բուրգո քաղաքում տեղի ունեցած միջադեպը դարձել է միջազգային դիվանագիտական լարվածության նոր առիթ։ Տեղի բնակիչների և զբոսաշրջիկների ներկայությամբ իրականացվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խրտվիլակի հրապարակային այրումը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ խրտվիլակը պարունակել է մոտ 13.9 կիլոգրամ պայթուցիկ նյութ, որը գործի է դրվել արարողության ժամանակ։ Միջադեպին անմիջապես արձագանքել է պաշտոնական Թել Ավիվը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ներկայացրել Իսպանիայի դեսպանատան ավագ դիվանագետին՝ կատարվածը որակելով որպես «սարսափելի հակասեմական ատելության» դրսևորում։ Իսրայելական կողմը պահանջում է պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին, որն արդեն իսկ մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում։

Այս իրադարձությունը տեղի է ունենում երկու երկրների միջև առկա բարդ հարաբերությունների ֆոնին և էլ ավելի է սրում քաղաքական մթնոլորտը։ Իսպանական կողմը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել՝ կապված քաղաքային միջոցառման շրջանակներում տեղի ունեցած այս ակցիայի հետ։

Տեսանյութը՝ այստեղ:

Պուտինն ու Լուկաշենկոն մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«(Պետությունների ղեկավարների կողմից – խմբ.) քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լուկաշենկոն հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին, հաղորդում է Կրեմլը։

Ինչպես պիտի ընտրեն Ադրբեջան գնացող հայ պատվիրակներին

2018-ից առաջ, երբ Արցախն ազատ էր ու մերն էր, բանակցային գործընթացը չհասավ խաղաղության պայմանագրին։ Բայց այն ժամանակ էլ էին կազմակերպվում տարբեր ֆորումներ հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ, և այդ քննարկումներում խոսում խաղաղության մասին։ Այն ժամանակ ասում էին, թե քաղաքական առաջնորդները փոխզիջումներ անելու և խաղաղության հասնելու քաղաքական կամք ունեն, բայց հասարակությունները խաղաղության պատրաստ չեն։

Հիմա էլ դեռ շատերը չեն պատկերացնում հայերի և ադրբեջանցիների կողք կողքի խաղաղ կյանքը։ Դրան է միտված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, որին ներգրավում են քաղհասարակության ներկայացուցիչները, ոտքով հատում հայ-ադրբեջանական սահմանը, քննարկումներ ու հանդիումներ ունենում։

Ապրիլի 10-12-ը Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում երկկողմ կլոր սեղանի քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանից առաջ էլ ադրբեջանցիներն էին եկել Երևան, և նրանց մասնակցությամբ հանդիպումներ, քննարկումներ էին կազմակերվել։

Ինչպե՞ս են ընտրում այս պատվիրակության անդամներին։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը արդյունք կունենա, եթե քաղհասարակության ներկայացուցիչների այս հանդիպումներից, քննարկումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում ավելանան խաղաղության, հաշտության, կողք կողքի հաշտ ու խաղաղ ապրելու, միմյանց որպես հարևան վերաբերվելու ջատագովները։ Իսկ եթե միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունքը պահպանվի, ինչպես կար պատերազմի ժամանակ, ապա այս նախաձեռնությունն իզուր է։ Այսինքն՝ եթե ժողովուրդների միջև փոխվստահություն չի արմատավորվելու, ապա այս նախաձեռնության մասնակիցներն իզուր են ժողովրդի մի մասի ամոթանքին արժանանում։

Ցանկալի կլիներ, որ պատվիրակության կազմում քաղհասարակության իրական ներկայացուցիչներ ընդգրվեին, այսինքն՝ ճանաչված մարդիկ։ Թեկուզ հանրային մեծ հեղինակություն չունենային իրենց ասպարեզում, սակայն ճանաչված լինելը կարևոր պայման է։ Այս դեպքում կարելի էր ասել, որ նրանք հասարակության ներկայացուցիչ են, հասարակությունը կամ նրա մի ստվար հատված նրանց ճանաչում է որպես իր երկրի մարդ, իր ներկայացուցիչը, իր նման մեկը, ախպերը, ընկերը։

Ենթադրելի է, որ հնարավոր չի եղել հեղինակություն վայելող, իրոք հասարակության ներկայացուցիչներ ներգրավել, քանի որ ժողովրդի մի մասի կարծիքով՝ ամոթալի է, աղետալի պարտությունից հետո ադրբեջանցիների հետ խաղաղության մասին խոսել, երբ դեռ գերիներ կան Բաքվի բանտում, երբ Ադրբեջանի զինվորներ են կանգնած ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում, երբ Ալիևը նույնիսկ խաղաղության պայմանագիրը չի ստորագրում՝ նախապայմաններ առաջ քաշելով։ Այս տեսանկյունից՝ կարելի՞ է ասել, որ այս պատվիրակության կազմում ներգրավել են անամոթ մարդկանց։ Հավանաբար՝ նախաձեռնության կազմակերպիչները չեն էլ համարձակվել պատվիրակության կազմում մեծ ճանաչում ու հանրային մեծ հեղնակություն վայելող մարդկանց ներգրավելու առաջարկ անել։

Կարճ ասած՝ եթե ուզում ենք, որ այս հանդիպումներն իրապես արդյունք ունենան, ապա պատվիրակության կազմում պետք է ընդգրկվեն ոչ միայն վստահելի գրանտակերներն, այլև հասարակության իրական ներկայացուցիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողներ, Արցախից բռնի տեղահանվածների և Ադրբեջանում պահվող գերիների ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ։ Այսպիսի կազմով «Խաղաղության կամուրջն» իրական կլիներ, կնպաստեր չլուծված հարցերի արծարծմանն ու լուծմանը, կմոտեցներ իրական խաղաղության բաղձալի օրը։ Մի բան է, երբ ձեռք են սեղմում հայ և ադրբեջանցի հուսալի գրանտակերները, այլ բան է, երբ ձեռքսեղմում են իրար հետ մարտադաշտ կիսած վետերանները։

Այսինքն՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կազմակերպիչները պետք է առաջին հերթին իրենք հավատան խաղաղությանը։ Իսկ դա կերևա, երբ ներկայացուցիչներն իրապես ընտրվեն, իրենց ապրածով ներկայացնեն ժողովրդի այն շերտերին, որոնք ամենաշատն են տուժել պատերազմից և ամենաշատն են ուզում, որ այն ավարտվի ու խաղաղություն լինի։

Թաթուլ Մկրտչյան

Ո՞ր երկրից էին Արցախում կիրառված ֆոսֆորային ռումբերը, և ում էին մեղադրում Հայաստանում. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ծանո՞թ պատկեր է: Չէ, սա 44-օրյա պատերազմը չէ, Արցախի դեմ ֆոսֆորային ռումբի ադրբեջանական կիրառումը չէ: Սա Լիբանանի հարավի Աթ-Թայրի քաղաքն է, որի մերձակայքում Իսրայելը կիրառել է ֆոսֆորային ռումբ:

Իսկ ո՞վ էր Ադրբեջանի ռազմական գլխավոր մատակարարներից մեկը 44-օրյա պատերազմի օրերին: Որտեղի՞ց էին պարբերաբար ժամանում ադրբեջանական ռազմական բեռնափոխադրող օդանավերը այդ օրերին, որոնք իրականացնում էին Թել-Ավիվ-Բաքու չվերթերը:

Եվ ովքե՞ր էին Հայաստանում, որ Արցախի դեմ ֆոսֆորային ռումբի կիրառումից անմիջապես հետո ձեռնմուխ էին եղել մասշտաբային քարոզչական հավաստիացումներին, թե այդ ռումբերը Բաքվին է տրամադրել Մոսկվան:

Տեսանյութը՝ այստեղ:

Արցախը չի կարող դառնալ անցյալ. պիտի պատժվեն Արցախը հանձնողները. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Անհաղթահարելի ցավ է, տառապանք է հայրենիքի կորուստը։

Ափսոս իմ հայրենիքը…

Ափսոս մեր հերոսապատումն ու այն կերտողները, որոնք կանգնեցին մինչև վերջ, որոնք չնահանջեցին, որոնք իրենց կյանքով պահեցին հայրենիքը, որը մենք այսօր չունենք, որովհետև անբարոները պարզապես որոշեցին այն վաճառել ու ուտել, ուտել ու անդադար ուտել։

Քաջերը զոհվեցին հավատալով, որ հայրենիքը պահվելու է, որ իրենցից հետո ապրողները արժանապատվորեն շարունակելու են իրենց գործը։

Պիտի պատժվեն Արցախը հանձնողները
Պիտի պատժվեն լռողները
Պիտի պատժվեն Արցախը հանձնողի ձեռքը երբևէ սեղմածները
Պիտի պատժվեն Արցախի հանձնումը արդարացնողները
Պիտի պատժվեն Արցախը մոռացության տվողները
Արցախը չի կարող դառնալ անցյալ։

Տղաների արյունը, նրանց հերոսապատումը պատմություն չէ՝ այն պարտք է, որը չի կարող վերածվել ձևական հիշատակումների։

Հ.Գ. Նկարը՝ Արցախի Հանրապետություն, մայրաքաղաք Ստեփանակերտ, Պարկ հոթել Արցախ, 14.05.2022թ.

Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը. Tasnim

Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը Միացյալ Նահանգների հետ բանակցություններից հետո, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Իրանական պատվիրակությունը լքել է Պակիստանը»,- նշել է գործակալությունը։

Ուկրաինայի ԶՈւ-ն խախտել է Զատկի հրադադարը․ Ռուսաստանի ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները զատկական հրադադարից ի վեր 258 անգամ գնդակոծել են ՌԴ սահմանային տարածքները և ՌԴ ԶՈւ դիրքերը:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները 258 անգամ կրակ են բացել Ռուսաստանի Դաշնության սահմանային տարածքների և մեր զորքերի դիրքերի վրա՝ օգտագործելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային թնդանոթներ, տանկեր և ականանետներ, 1329 հարված են հասցրել FPV անօդաչու թռչող սարքերով, 375 անգամ արձակել են տարբեր զինամթերք, այդ թվում՝ 67-ը՝ օկտոկոպտերային տիպի, 15-ը՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ-ի՝ այդ խախտումներն արձանագրվել են հրադադարի սկզբից մինչև կիրակի ժամը 08:00-ն:
Նշվում է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը երեք անգամ հարձակվել են ՌԴ ԶՈւ դիրքերի վրա։

«Չնայած զատկական հրադադարի ռեժիմի հայտարարությանը՝ Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները գիշերային ժամերին երեք անգամ գրոհել են ռուսական զորքերի դիրքերը Պոկրովսկոյե շրջանից՝ Դնեպրոպետրովսկի մարզի Գայ (երկու անգամ) և Օտրադնոյե բնակավայրերի ուղղությամբ։ Բոլոր հարձակումները հետ են մղվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ուկրաինական զորքերը երկու անօդաչու թռչող սարք են կիրառել Կուրսկի և Բելգորոդի մարզերում, վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխա:

Բարի գալուստ, Ռաֆայել. Լիլիթ Սարգսյանը մայրացել է

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանի և նրա ամուսնու կյանքում նոր ու կարևորագույն փուլ է սկսվել։ Զույգը ողջունել է իրենց առաջնեկին, ինչի մասին հանրությանը հայտնել է նորաթուխ հայրիկը՝ կիսվելով իր անսահման հպարտությամբ ու սիրով։

Լիլիթի ամուսինը սոցիալական հարթակներում հրապարակել է բարի լուրը՝ նշելով փոքրիկի անունը. զույգն իրենց որդուն անվանակոչել է Ռաֆայել:

Գրառումը կարճ էր, բայց չափազանց հուզիչ. «Ապրես Ռաֆայելիս համար, սիրում եմ»։

Այս լուրն անմիջապես տարածվել է համացանցում։

Դերասանուհու գործընկերներն ու երկրպագուները հարյուրավոր մաղթանքներ են հղել նորածին Ռաֆայելին և նրա ծնողներին՝ մաղթելով խաղաղ ու երջանիկ ապագա։

Oragir News-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին։ Թող փոքրիկ Ռաֆայելը մեծանա առողջ և անհոգ մանկության մեջ՝ դառնալով իր ծնողների ամենամեծ հպարտությունը։

Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին

Հայաստանում մեկնարկել է Leasing Expo 2026-ը, որի հիմնական գործընկերն է լիզինգային
շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը։

Ցուցահանդեսին Ակբա Լիզինգն իր գործընկերների հետ համագործակցությամբ ներկայացնում է հատուկ առաջարկներ՝ ուղղված տնտեսության տարբեր ոլորտներում գործող բիզնեսների զարգացմանը։

«Ակբա Լիզինգը տարեցտարի ընդլայնում է ներդրումները Հայաստանի տնտեսության իրական
հատվածում՝ արձանագրելով նոր հաջողություններ: Այսօր մեր կնքած պայմանագրերի հանրագումարը շուրջ 140 միլիարդ դրամ է, և մենք կրկին առաջատարն ենք վարկային կազմակերպությունների շրջանում՝ որպես խոշորագույն հարկատու»,- նշել է Ակբա Լիզինգի տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Ակբա Լիզինգն այս տարի ևս Leasing Expo-ի հիմնական գործընկերն է։ Մինչև ապրիլի 12-ը
ներառյալ Ակբա Լիզինգը հատուկ պայմաններ է առաջարկում տնտեսության տարբեր ոլորտներում գործող բիզնեսների համար՝ սկսած գյուղատնտսական տեխնիկայից մինչև արտադրական սարքավորումներ ու էլեկտրամոբիլներ։ Առաջարկներին ծանոթանալու համար սիրով կսպասենք Ակբա Լիզինգի տաղավարում»,- նշել է Ակբա Լիզինգի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։

Leasing Expo 2026-ը կգործի մինչև ապրիլի 12-ը ներառյալ՝ Մերիդիան էքսպո կենտրոնում։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի մրցաշարի առաջատար

Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տալիս Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Առաջին չորս տուրերում Հովհաննիսյանը նույնքան հաղթանակ է տարել։ Հայ շախմատիստը Նույնքան միավոր վաստակած իսպանացի Էդուարդո Իտուրիսագայի հետ կիսում է 1-2-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, վաստակել է 3,5 միավոր և բաժանում է 3-34-րդ տեղերը: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ ՀայկՄարտիրոսյանը և Էմին Օհանյանը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանից հանդես են գալիս 15 շախմատիստներ: