ԱՄՆ-ում հանցագործությունից 25 տարի անց մահապատժի են ենթարկել սիրուհու ամուսնուն սպանած տղամարդուն

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել 73-ամյա Ջեյմս Պավատին, որը դատապարտվել էր 2001 թվականին իր սիրուհու ամուսնուն սպանելու համար, հայտնում է Associated Press-ը։

Մահապատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով՝ հինգշաբթի, Օկլահոմա նահանգի Մաքալեսթեր քաղաքի բանտում։ Պավատի մահն արձանագրվել է տեղական ժամանակով 10։12-ին, հայտնել է նահանգի ուղղիչ հիմնարկների դեպարտամենտի ներկայացուցիչ Լենս Ուեսթը։

Պավատը մեղավոր է ճանաչվել գովազդային ընկերության 39-ամյա ղեկավար Ռոբ Էնդրյուի՝ առաջին աստիճանի սպանության և սպանություն կատարելու նպատակով դավադրության համար։ Տղամարդուն հրազենով սպանել էին Օկլահոմա Սիթիում գտնվող տան ավտոտնակում, որտեղ նա նախկինում ապրել էր կնոջ հետ։ Էնդրյուն եկել էր իր երկու փոքրահասակ երեխաներին տանելու՝ Գոհաբանության տոնից առաջ։

Պավատը հաճախում էր նույն եկեղեցին, ինչ Էնդրյուների ընտանիքը, և սիրային կապի մեջ էր սպանվածի կնոջ՝ Բրենդա Էնդրյուի հետ։ Նրան դատել են առանձին և նույնպես մահապատժի դատապարտել։

Սպանությունից մի քանի շաբաթ առաջ Ռոբ Էնդրյուն ոստիկանությանը հայտնել էր, որ ինչ-որ մեկը փորձում է սպանել իրեն. իր ավտոմեքենայի արգելակային ճկափողերը կտրել էին։ Ամուսնու մահից հետո Բրենդան հայտարարել էր, որ ամուսինների վրա հարձակվել են դիմակավորված անհայտ անձինք, որոնք կրակել են իր ձեռքին և մահացու վիրավորել Էնդրյուին։

Սպանությունից հետո Պավատն ու Բրենդա Էնդրյուն կնոջ երկու երեխաների հետ մեկնել էին Մեքսիկա։ Նրանց ձերբակալել էին երեք ամիս անց՝ ԱՄՆ վերադառնալիս։

Անցյալ ամիս ներման հարցով լսումների ժամանակ Պավատը հերքել էր, որ կրակել է Էնդրյուի վրա, և հայտարարել, որ հավատացել է Բրենդայի խոսքերին, որին սիրահարված էր։ Նրա ասելով՝ միայն դատավարության ընթացքում է սկսել հասկանալ, թե որքան ուժեղ է կինը մանիպուլյացիայի ենթարկել իրեն։ Դատախազները պնդել են, որ զույգը համատեղ է ծրագրել սպանությունը, և երկուսն էլ հավասար պատասխանատվություն են կրում՝ անկախ նրանից, թե ով է կրակել։

Հինգշաբթի օրը Թեքսասում նախատեսված էր նաև 46-ամյա Ջոն Ալեն Ռուբիոյի մահապատիժը, որը դատապարտվել էր 2003 թվականին երեք փոքրահասակ երեխաների սպանության համար։ Խոսքը երեքամյա Խուլիսա Կեսադայի, 14 ամսական Ջոն Է. Ռուբիոյի և երկամսական Մերի Ջեյն Ռուբիոյի մասին է։ Երեխաներին գլխատված գտել էին Մեքսիկայի հետ սահմանի մոտ գտնվող Բրաունսվիլ քաղաքի՝ իրերով լցված, անպատուհան բնակարանում։

Ռուբիոն հանցագործությունը կատարել էր իր ընկերուհու՝ Անջելա Կամաչոյի հետ։ Նա ընդունել է մեղքը և ցմահ ազատազրկում է կրում։ Ռուբիոյի նկատմամբ առաջին մահապատժի դատավճիռը վերացվել էր վերաքննիչ կարգով՝ դատարանում Կամաչոյի ցուցմունքների ոչ իրավաչափ օգտագործման պատճառով։ Սակայն գործի կրկնակի քննության արդյունքում նա կրկին մեղավոր էր ճանաչվել և մահապատժի դատապարտվել։

Պաշտպանական կողմը պնդել է, որ Ռուբիոն տառապում էր պարանոիդ շիզոֆրենիայով։ Ըստ պաշտպանական կողմի՝ տարբեր պահերի նա հայտարարել էր, թե երեխաները դիվահար են, իսկ ինքն ընտրված է աշխարհը փրկելու համար։ Մեղադրանքի կողմի փորձագետները չեն համաձայնել հոգեբուժական ախտորոշմանը։ Պաշտպանական կողմի մասնագետները մատնանշել են նաև Ռուբիոյի ծանր մանկությունը, որը կապված էր ընտանեկան բռնության, ընտանեկան անբարենպաստ միջավայրի և թմրանյութերի օգտագործման հետ։

ԱՄՆ-ում երկրորդ տարին անընդմեջ տարեկան մահապատիժների թիվը մոտենում է 40-ի։ Ի կատար ածված մահապատժի դատավճիռների թվի աճը տեղի է ունենում պատժի առավելագույն տեսակի կիրառման շուրջ նոր քննարկումների հետնապատկերին։ Անցյալ շաբաթ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել էր, որ մտադիր է մինչև պաշտոնից հեռանալը մեղմացնել հարյուրավոր մահապատժի դատավճիռներ։ Փորձագետների գնահատմամբ՝ դա կարող է դառնալ երկրի պատմության մեջ զանգվածային ներման ամենախոշոր դեպքը։

Ուշակովը Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների զրույցը բովանդակալից և օգտակար է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Վոլոդիմիր Զելենսկու վարքագիծը և ԱՄՆ նախագահին ուղղված նրա դիմումները։ Այս մասին բանակցությունների արդյունքներով հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա բանակցությունները բնութագրել է որպես բովանդակալից, կառուցողական և օգտակար։ Ուշակովի խոսքով՝ ամերիկյան կողմը դրական է արձագանքել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն անցկացնելու Պուտինի նախաձեռնությանը։

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել անհապաղ սկսել տարածքի ականազերծումը, որն անհրաժեշտ է այդ առաքելությունն իրականացնելու համար։ Ինչպես նշել է նախագահի օգնականը, մարդասիրական առաքելությունը գործնականում թույլ կտա պարզել, թե իրականում ով է վերահսկում քաղաքը։

Հանդիպման մասնակիցներն առանձին ուշադրություն են դարձրել եվրոպական անվտանգության հարցերին։ Մոսկվան պատրաստ է առանց հապաղելու Վաշինգտոնի հետ համատեղ քննարկել համապատասխան առաջարկները։ Ուշակովն ընդգծել է, որ ռուսական կողմն այս հարցի վերաբերյալ նոր առաջարկներ ունի։ Միաժամանակ նա Ուկրաինայում եվրոպացի զինվորականների տեղակայման գաղափարն անվանել է «անսպառ պատերազմի բաղադրատոմս»։

Նախագահի օգնականի խոսքով՝ ներկայումս համաձայնեցվում են գերիների ամենախոշոր փոխանակման պարամետրերը։ Շարունակվում են նաև Չինաստանում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպման նախապատրաստական ակտիվ աշխատանքները։

Ուշակովը հույս է հայտնել, որ Ուիթքոֆն ու Քուշները Զելենսկուն կփոխանցեն Պուտինի հետ բանակցությունների ընթացքում ստացած ուղերձները։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը մտադիր են շարունակել ուկրաինական կարգավորման հարցի քննարկումը՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող երկկողմ հանդիպման ընթացքում։

Սպիտակ տան մոտ կրկին կրակոցներ են հնչել․ տուժածներ կան


Անհայտ անձը կրակ է բացել Վաշինգտոնի կենտրոնում` Սպիտակ տան մոտակայքում։ Տեղեկությունը հայտնում է Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը։ Նշվում է, որ իրավապահներ…

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է ՀԲԸՄ պատվավոր նախագահ Պերճ Սեդրակյանին

Այսօր՝ հինգշաբթի, 2026 թվականի նոյեմբերի 12-ին, շուրջ երկու ժամ տևած հանդիպում է տեղի ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի և Հայկական բարեգործական ընդհանուր միության երկարամյա նախագահ, այժմ՝ պատվավոր նախագահ Պերճ Սեդրակյանի միջև։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, իշխանություն-Եկեղեցի հարաբերություններին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող խնդիրներին։

Ամբողջ Դոնբասի հանձնում, ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի դուրսբերում… Ինչ պահանջներ է ներկայացրել Մոսկվան

Մոսկվան
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ոչ պաշտոնական բանակցությունների
շրջանակներում լայնածավալ պահանջներ է ներկայացրել եվրոպական անվտանգության
ճարտարապետության վերանայման հարցում: Ինչպես հաղորդում է Bild-ը, Աբու Դաբիում
կայացած բանակցությունների ժամանակ ռուսական առաջարկները ներկայացվել են նաև
եվրոպացի ներկայացուցիչներին:

Պարբերականի
տեղեկություններով՝ Ռուսաստանը պահանջում է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից, և որ
Էստոնիայում, Լատվիայում ու Լիտվայում չտեղակայվեն դաշինքի ռազմաբազաներ:

Մոսկվան
նաև պնդում է օկուպացված ուկրաինական տարածքների նկատմամբ վերահսկողության
պահպանում և ամբողջ Դոնբասի հանձնում՝ ներառյալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը,
որոնք ներկայումս գտնվում են Կիևի վերահսկողության տակ:

Առաջարկվող
պլանի համաձայն՝ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ մտնելուց։ Միաժամանակ չի բացառվում նրա
հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։ Բացի դրանից, առաջարկվում է
ապառազմականացնել Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստները և ապահովել նավարկության
ազատություն Սև և Բալթիկ ծովերում։

 

Էդուարդ Հակոբյանն ու Յան Սոնդերսը քննարկել են Հայաստան-ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յան Սոնդերսի հետ։ 

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և ԵՄ-ում ու ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը։

«Կողմերը քննարկել են Հայաստան-ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքներն ու կարողությունների զարգացման առաջնահերթությունները։

ՊԵԿ նախագահը կարևորել է ՀՄԿ շարունակական տեխնիկական և փորձագիտական աջակցությունը՝ առանձնացնելով «Խելացի մաքսատուն» (Smart Customs) ծրագրի շրջանակում արհեստական բանականության, ռիսկերի կառավարման և թվային սահմանի ներդրման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը։

Անդրադարձ է կատարվել նաև նախորդ և ընթացիկ տարիներին մաքսանենգության դեմ պայքարի, հետբացթողումային հսկողության և ռազմավարական առևտրի վերահսկողության ոլորտներում անցկացված մասնագիտական դասընթացների արդյունավետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է և կալանավորվել. ՔԿ

Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել է և կալանավորվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

«Փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- մանրամասնել են ՔԿ-ից:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել է փախուստի։

Ըստ սկզբնաղբյուրի՝ անձը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Միլադ Մ.-ն է:

Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի. հայտնաբերվել է ատրճանակ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով:

Նշվում է, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

«48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պայթել է ՌԴ փախած Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովի նախկին մամուլի քարտուղար Սերգեյ Զավորոտնիի մեքենան

Մոսկվայի հարավում շարժման ընթացքում պայթել է Toyota Fortuner մակնիշի ամենագնացը, ինչի հետևանքով ծանր վիճակում հոսպիտալացվել է դրա 72-ամյա սեփականատերը՝ միջազգայնագետ լրագրող և ՌԴ փախած Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնին։ 

Միջադեպը տեղի է ունեցել Չերտանովո շրջանի Կիրովոգրադսկայա փողոցում։ Պայթյունից հետո ավտոմեքենան վնասվել է վարորդի նստատեղի հատվածում, սակայն տուժածը կարողացել է ինքնուրույն դուրս գալ սրահից։ Ականատեսները շտապել են նրան օգնության և կանչել բժիշկների, որոնք տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես հաղորդվում է, Զավորոտնին ստացել է կրծքավանդակի և մեջքի լուրջ բեկորային վնասվածքներ, ինչպես նաև ոտքերի ծանր վնասվածք։ 

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ կարող է եղած լինել ավտոմեքենայի գազային սարքավորման անսարքությունը։

Սերգեյ Զավորոտնին նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայում, իսկ 2018 թվականին Ալեքսեյ Բերդնիկովի համահեղինակությամբ գիրք է հրատարակել Ուկրաինայի նախկին նախագահի մասին՝ «Յանուկովիչը հանձնեց. Պետդեպն ընդունեց. Ինչպես Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան» վերտառությամբ: