Էդուարդ Հակոբյանն ու Յան Սոնդերսը քննարկել են Հայաստան-ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յան Սոնդերսի հետ։ 

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և ԵՄ-ում ու ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը։

«Կողմերը քննարկել են Հայաստան-ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքներն ու կարողությունների զարգացման առաջնահերթությունները։

ՊԵԿ նախագահը կարևորել է ՀՄԿ շարունակական տեխնիկական և փորձագիտական աջակցությունը՝ առանձնացնելով «Խելացի մաքսատուն» (Smart Customs) ծրագրի շրջանակում արհեստական բանականության, ռիսկերի կառավարման և թվային սահմանի ներդրման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը։

Անդրադարձ է կատարվել նաև նախորդ և ընթացիկ տարիներին մաքսանենգության դեմ պայքարի, հետբացթողումային հսկողության և ռազմավարական առևտրի վերահսկողության ոլորտներում անցկացված մասնագիտական դասընթացների արդյունավետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է և կալանավորվել. ՔԿ

Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել է և կալանավորվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

«Փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- մանրամասնել են ՔԿ-ից:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել է փախուստի։

Ըստ սկզբնաղբյուրի՝ անձը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Միլադ Մ.-ն է:

Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի. հայտնաբերվել է ատրճանակ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով:

Նշվում է, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

«48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պայթել է ՌԴ փախած Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովի նախկին մամուլի քարտուղար Սերգեյ Զավորոտնիի մեքենան

Մոսկվայի հարավում շարժման ընթացքում պայթել է Toyota Fortuner մակնիշի ամենագնացը, ինչի հետևանքով ծանր վիճակում հոսպիտալացվել է դրա 72-ամյա սեփականատերը՝ միջազգայնագետ լրագրող և ՌԴ փախած Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնին։ 

Միջադեպը տեղի է ունեցել Չերտանովո շրջանի Կիրովոգրադսկայա փողոցում։ Պայթյունից հետո ավտոմեքենան վնասվել է վարորդի նստատեղի հատվածում, սակայն տուժածը կարողացել է ինքնուրույն դուրս գալ սրահից։ Ականատեսները շտապել են նրան օգնության և կանչել բժիշկների, որոնք տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես հաղորդվում է, Զավորոտնին ստացել է կրծքավանդակի և մեջքի լուրջ բեկորային վնասվածքներ, ինչպես նաև ոտքերի ծանր վնասվածք։ 

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ կարող է եղած լինել ավտոմեքենայի գազային սարքավորման անսարքությունը։

Սերգեյ Զավորոտնին նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայում, իսկ 2018 թվականին Ալեքսեյ Բերդնիկովի համահեղինակությամբ գիրք է հրատարակել Ուկրաինայի նախկին նախագահի մասին՝ «Յանուկովիչը հանձնեց. Պետդեպն ընդունեց. Ինչպես Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան» վերտառությամբ:

Սպիտակի ԲԿ-ն հայ-ճապոնական արդյունավետ համագործակցության գեղեցիկ օրինակներից է. Ավանեսյանն այցելել է այնտեղ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխտանքային այցով Սպիտակի բժշկական կենտրոնում է:

ԱՆ-ից հայտնում են, որ Ճապոնիայի կառավարության՝ «Grassroots Human Security Projects» դրամաշնորհային ծրագրի շրջանակում բժշկական կենտրոնը կհամալրվի ակնաբուժական արդի սարքավորումներով (ֆակոէմուլսիֆիկացման համակարգով և եղջերաթաղանթի էնդոթելյար միկրոսկոպով):

«Ծրագրով նախատեսվում է նաև տեսողական և տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ձեռք բերել տեղափոխող մեքենա։

Սարքավորումների շնորհիվ Սպիտակում հնարավոր կլինի իրականացնել կատարակտի, գլաուկոմայի և աչքի այլ հիվանդությունների վիրահատություններ:

Ծրագիրը կծառայի Սպիտակի և հարակից 19 բնակավայրերի շուրջ 15 հազար բնակիչներին:

Նախարարը կարևորել է բուժծառայությունների մարզային հասանելիության ապահովումը:

«Ուրախ եմ, որ Սպիտակի բժշկական կենտրոնը զարգացման արագընթաց ուղի է բռնել։ Այն առաջիններից է արձագանքում առողջապահության ոլորտում մեկնարկող նոր ծրագրերին՝ ձգտելով տեղում ներդնել նորարարական մեթոդներ և ծառայություններ՝ ի շահ մարզի բնակչության։ Հատկանշական է նաև, որ կենտրոնը հայ-ճապոնական արդյունավետ համագործակցության գեղեցիկ օրինակներից է, որի նշանակությունն ու արժեքը դժվար է բառերով գնահատել»,- նկատել է Անահիտ Ավանեսյանը։

Նախաարը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոքի Յուտական, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը  շրջել են Սպիտակի բժշկական կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի տնտեսական և էներգետիկ անկախությանը. հայտարարություն

Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրամիության ղեկավարները Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին։ Հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։ 

«Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ միասին նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը:

Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հնարավորություն տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ սերտ կապերի։

Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումները շարունակաբար ուժեղանում են։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։

Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ապագան։

Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով Եվրամիության որոշման վրա, որով կասեցվել են դեպի ԵՄ արտահանվող հայկական ապրանքների 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը։

Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և շարունակելու ենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու կենսունակ ու դիմակայուն ժողովրդավարություն, ինչպես նաև զարգացնելու բարեկեցիկ տնտեսություն, որը լիարժեքորեն ինտեգրված կլինի տարածաշրջանային հաղորդակցային ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին։

Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Մենք խրախուսում ենք այդ ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շինությունը մասամբ փլուզվել է։ 

Տուժածներ չկան։ ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունը՝ ստորև․ Նոյեմբերի 13-ին, ժամը 10։35-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

 Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԳԼՃԿ-ի առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Պատերազմի ավարտի հույս կա. Զելենսկին՝ ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքների մասին

Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան վերջին
բանակցությունները պատերազմի ավարտի հույս են ներշնչում: Նրա խոսքով՝
Եվրամիությունը կդառնա խաղաղության գործընթացի լիարժեք մասնակից, իսկ
բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում:

 Մոսկվա կատարած այցից հետո Դոնալդ Թրամփի հատուկ
բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը ժամանել են Դուբլին, որտեղ հանդիպել
են Զելենսկու հետ:

Ուկրաինայի
առաջնորդը անդրադառնալով ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքներին՝ մասնավորապես
ասել է. «Առաջին արդյունքը. մարդասիրական՝ տեղի կունենա գերիների ազատ արձակում, և
մենք ակնկալում ենք այս պատերազմի ամբողջ ընթացքում գերիների ամենամասշտաբային
փոխանակում։ Երկրորդ արդյունք. մենք ավելի ակտիվորեն ենք ներգրավում եվրոպացի
ներկայացուցիչներին դիվանագիտության
​​մեջ, որպեսզի նրանք հավասար պայմմաններով մասնակցեն բանակցություններին։ Ուկրաինան միշտ պաշտպանում է ամբողջ Եվրոպայի շահերը։ Երրորդ
արդյունք. մենք նախապատրաստում ենք ապագա բազմակողմ հանդիպումներ։
Դիվանագիտությունը հետագայում ևս ակտիվ կլինի»:

 

 

Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավոր կփակվեն «Հաղթանակ» կամուրջն ու Աբովյան փողոցը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ամանորյա տոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը:

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է. որ դեպքում մեքենայի շահագործումը կարգելվի

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

«Մասնավորապես տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

  • թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
  • սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր՝ թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: