COVID-19-ի PJ.2.1 նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել մրսածության կամ գրիպի, հարկավոր է թեստավորում անցկացնել։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:
«COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել։ Հետևաբար, միայն ախտանշանների հիման վրա անհնար է վստահաբար որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է առաջացրել վարակը»,- գործակալությանը ասել են ԱՀԿ-ում։
Կազմակերպությունում նաև նշել են, որ այն դեպքերում, երբ հիվանդության պատճառի պարզումը կարող է ազդել բուժման մարտավարության կամ հանրային առողջապահության ոլորտում որոշումների կայացման վրա, կարող է թեստավորման անհրաժեշտություն առաջանալ։
Ճապոնիայի արևմուտքում՝ Շիզուոկա նահանգի մոտակայքում, նոյեմբերի 8-ի գիշերը գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները խափանել են երկաթուղային հաղորդակցությունը, այդ թվում՝ «Շինկանսեն» արագընթաց գնացքների։ Ճապոնական միջուկային օբյեկտներում ցնցումների պատճառով արտակարգ իրավիճակների մասին հաղորդագրություններ չեն եղել։
Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Գործակալությունը պարզաբանել է, որ վնասվածքները հիմնականում կապտուկներ և քերծվածքներ են եղել ընկնելուց հետո։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է։
Լեհաստանի Կրակով քաղաքում հրաձգություն իրականացրած 24-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի, հայտնում են Polsat News և Interia հեռուստաալիքները՝ հղում անելով աղբյուրներին։
Նախնական տվյալներով, զոհերը կարող են լինել կասկածյալի հարազատները։
Հայտնաբերվածի մասին ավելի վաղ հայտնել էր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Կրակովում արտակարգ ծառայությունների խորհրդակցության ժամանակ։
Ըստ նրա, անօդաչու թռչող սարքից ստացված պատկերը վկայում էր այն մասին, որ տանը կարող են զոհեր լինել։ Կառավարության ղեկավարը շեշտել է, որ այդ տեղեկությունը պետք է հաստատել։
«Շատ բան վկայում է այն մասին, որ այս ողբերգությունը կարող է նոր դրվագներ ունենալ»,- հայտարարել է Տուսկը։
Տեղի բնակիչների վկայությամբ, ընտանիքը սովորական և հանգիստ էր համարվում։ Միաժամանակ, ինչպես պատմել է Polsat News-ի լրագրողը, հարևանները հիշատակել են երիտասարդ տղամարդու մտահոգիչ վարքագծի մասին, սակայն նախկինում այդ կապակցությամբ իրավապահ մարմիններին չեն դիմել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ «Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է թուրքական TRT հեռուստաալիքը։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերի ակտիվացումը դրական արդյունքներ կտա։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դիվանագիտական կարգավորման վերաբերյալ։
Գիտնականները վերծանել են Ուելսի ափերի մոտ՝ նավաբեկության վայրում հայտնաբերված 400-ամյա կողպեքի քառանիշ ծածկագիրը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, դրանում օգնել է համակարգչային տոմոգրաֆիան, որը թույլ է տվել ուսումնասիրել հնամենի կողպեքի ներքին մեխանիզմը։
Գանձ որոնող Փիթեր Հյուզը արույրե կողպեքը հայտնաբերել է 1999 թվականին՝ Պորտ Թոլբոթ քաղաքի մոտ գտնվող Մորֆա լողափում։ Պարզվել է, որ գտածոն իսպանական Ann Francis նավի գանձերի մի մասն է։ Իսպանիայից վերադառնալիս նավը 1583 թվականի դեկտեմբերի 28-ին հայտնվել էր փոթորկի մեջ։ Դրա բեռը մի քանի դար թաքնված է եղել ավազի տակ։
Հյուզը հարյուրավոր հնագիտական առարկաներ է գտել, այդ թվում՝ իսպանական արծաթե մետաղադրամներ և դրանք կշռելու համար նախատեսված հատուկ կշռաքարեր։ Հնարավոր է՝ կողպեքը պաշտպանել է այդ արժեքավոր իրերը կամ փակել փաստաթղթեր, գործվածքներ և չպահպանված այլ իրեր պարունակող սնդուկը։
Գանձ որոնողը շուրջ 20 տարի փորձել է ինքնուրույն գտնել ճիշտ համակցությունը, սակայն՝ ապարդյուն։ Ուելսի ազգային թանգարանի և Քարդիֆի համալսարանի մասնագետները միկրոհամակարգչային տոմոգրաֆիայի միջոցով սկանավորել են կողպեքը և պարզել ծածկագիրը՝ ANCE։
Կողպեքն ունի չորս պտտվող օղակ, որոնցից յուրաքանչյուրի վրա վեց տառ կա։ Դրանք տալիս են 1296 հնարավոր համակցություն։ Լրացուցիչ բարդություն էին ստեղծում կողպեքի ծայրերում գտնվող անշարժ տառերը, որոնք կարող էին շփոթեցնել այն բացել փորձողներին։
Քարդիֆի համալսարանի հետազոտող Դևիդ Ուիլյամսը խոստովանել է, որ սկզբում կասկածում էր փորձի հաջողությանը։ Սակայն մի քանի փորձից հետո մասնագետներին հաջողվել է տեսնել կողպեքի ներքին կառուցվածքը և գտնել ծածկագիրը։
Թանգարանի հավաքածուների պատասխանատուների խոսքով՝ գտածոն արտասովոր լավ է պահպանվել և մինչ օրս աշխատում է այնպես, ինչպես մի քանի դար առաջ։ Հնագիտական առարկաների հավաքածուն Ուելսի ազգային թանգարանին է փոխանցվել 2017 թվականին, իսկ 2026 թվականի հուլիսից այն ցուցադրվում է Սուոնսիի առափնյա զբոսավայրում գտնվող թանգարանում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ UFC-ի նախագահ Դանա Ուայթին առաջարկել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը։
«Ուրախ եմ հայտնել, որ մեծն Դանա Ուայթին՝ կատաղի մարտիկին և ռազմիկին, առաջարկվել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտությունը պարտադիր չէ, որ ամերիկացի նախագահներին զրկի արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր որոշումներ ընդունելու հնարավորությունից։ Հունվարին դեմոկրատները վերահսկողություն կստանան Քոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ մեծամասնությունը խլելով նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցությունից։ Դա կթուլացնի նրա ներքաղաքական դիրքերը Սպիտակ տանը պաշտոնավարման վերջին երկու տարիների ընթացքում։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ միջանկյալ ընտրություններում լուրջ պարտություններից հետո ԱՄՆ նախագահները հաճախ ընդունել են պատերազմին և խաղաղությանը վերաբերող ճակատագրական որոշումներ։ Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացի նախագահների մեծ մասը միջանկյալ ընտրությունների արդյունքում կորցրել է Կոնգրեսում իր կուսակցության տեղերի մի մասը։ Օրինակ, 1994 թ., նախագահ Բիլ Քլինթոնի կառավարման ժամանակ, դեմոկրատները կորցրին վերահսկողությունը Քոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Սակայն արդեն մեկ տարի անց Քլինթոնին հաջողվեց հասնել Դեյթոնի համաձայնագրերի ստորագրմանը, որոնք ավարտեցին պատերազմը Բոսնիայում։ 2014 թ., Բարաք Օբամայի նախագահության օրոք դեմոկրատների պարտությունից հետո, հանրապետականները լիակատար վերահսկողություն ստացան Կոնգրեսի նկատմամբ։ Մեկ տարի անց Օբաման, չնայած հանրապետականների դիմադրությանը, կնքեց Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։ Պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ միջանկյալ ընտրություններում ջախջախիչ պարտություններից հետո նախագահները կարող են օգտագործել իրենց պահպանած լիազորությունները՝ արտաքին քաղաքական նպատակներին հասնելու և ազգային անվտանգության ոլորտում հաջողություններ գրանցելու համար, իսկ երբեմն նույնիսկ նպաստել աշխարհի տարբեր հատվածներում խաղաղության հաստատմանը: 1986 թվականին հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույնպես ականատես եղավ, թե ինչպես դեմոկրատները վերահսկողություն ստացան Կոնգրեսի նկատմամբ։ Սակայն արդեն մեկ տարի անց Ռեյգանը և Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը ստորագրեցին միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը։ 2006 թվականին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կորցրեց վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ Իրաքում ԱՄՆ-ի կրած մեծ կորուստների պատճառով դեմոկրատների հնչեցրած քննադատությունից հետո։ Մի քանի շաբաթ անց Բուշը հրամայեց ավելացնել ամերիկյան ռազմական զորախմբի թվաքանակն այդ երկրում։ Ժամանակակից նախագահների մեծ մասը նույնպես ամերիկյան զինված ուժերն ուղարկել է ռազմական հակամարտությունների՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Վերջին օրինակներից մեկը այս տարի Իրանի վարչակարգի դեմ իրականացված գործողությունն էր։ «Զսպումների և հակակշիռների համակարգի մի մասն արդեն փաստացի չի գործում, քանի որ նախագահական իշխանությունը մեծապես իր ձեռքն է վերցրել Քոնգրեսի լիազորությունները։ Անկախ նրանից, թե հաջորդ տարի դեմոկրատներն ինչպիսի փորձեր կձեռնարկեն Թրամփին սահմանափակելու համար, մասնագետների կարծիքով արտաքին քաղաքականության ոլորտում նա կշարունակի առաջնորդվել առաջին հերթին սեփական ինտուիցիայով և համաշխարհային առաջնորդների հետ անձնական հարաբերություններով»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի «60 Minutes» հաղորդման հարցազրույցում հայտարարել է, որ առանց դժվարության կարող է վեց ամիս զերծ մնալ դեմոկրատների հասցեին վիրավորանքներից, եթե դա օգնի համաձայնագրի կնքմանը։
CBS News-ի լրագրող Ռոս Դաութեթը Թրամփին հարցրել է Տեխասից վերջերս ընտրված դեմոկրատ սենատոր Ջեյմս Թալարիկոյի՝ ներգաղթի հարցերում նրա հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Նախագահը նշել է, որ Դեմոկրատական կուսակցության այլ ներկայացուցիչներ նույնպես ցանկություն են հայտնել աշխատել իր հետ։
Թրամփը խոստովանել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թալարիկոյին անվանել է «Թալաֆրիկ» (Talafreako), իսկ բազմաթիվ դեմոկրատների՝ «հիմարոկրատներ» (Dumbocrats)։
Այն հարցին, թե արդյոք կարող է կես տարի զերծ մնալ վիրավորանքներից՝ հանուն պայմանավորվածության հասնելու, նախագահը պատասխանել է. «Շատ հեշտ»։
Թրամփի այս մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնց արդյունքում, ըստ նյութում մեջբերված NBC News-ի կանխատեսումների, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ստացել են 259 տեղ՝ զգալիորեն ավելի, քան մեծամասնության համար անհրաժեշտ 218-ը։
Սենատի ընտրություններում դեմոկրատները հաղթանակ են տարել նաև Հարավային Կարոլինայում, Տեխասում, Մենում և Օհայոյում՝ իրենց համար մեծամասնություն ապահովելով Կոնգրեսի վերին պալատում։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-ին և 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի և 9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով:
Նոյեմբերի 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։
Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։