Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 358.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 362 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 399.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 404.5 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.49 դրամ։

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի 67-րդ նիստին մասնակցող պատվիրակությունները։

Այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Կարգադրության համաձայն՝ պատվիրակություններին կընդունի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Պատվիրակությունների ընդունելության կազմակերպումը հանձնարարվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին։

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին

Երկու լցանավ ականների վրա պայթել և հրդեհվել են՝ փորձելով Հորմուզի նեղուցի շրջանում անցնել չթույլատրված երթուղով։

Այս մասին հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը, փոխանցում է Mehr-ը։

ԻՀՊԿ-ի տվյալներով, լցանավերից մեկը գտնվել է նեղուցից արևելք, մյուսը՝ անմիջապես նեղուցում։ Երկու նավերն էլ պայթյունից հետո հրդեհվել են։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ լցանավերը բազմիցս խախտել են սահմանված կանոնները և անջատել նավիգացիայի ու տեղորոշման համակարգերը՝ նախքան այն երթուղով անցնելու փորձը, որը Թեհրանը համարում է չթույլատրված։

Իրանցի զինվորականները նախազգուշացրել են, որ այն նավերը, որոնք համագործակցում են ամերիկացի զինվորականների հետ և խախտում Հորմուզի նեղուցով անցնելու՝ Իրանի սահմանած կանոնները, վտանգում են պայթել ականների վրա։

«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան

«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան

.«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՏԻԺ ՉՊԻՏԻ ԴԱՌՆԱ
     Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներ՝ անազատության մեջ գտնվող անձանց պահպանման պայմանները, նրանց իրավունքերին առնչվող խնդիրները դիտարկելու նպատակով։ Մեր այցերի ավարտին ընդգրկուն զեկույց կպատրաստեմ․ մինչ այդ՝ ամփոփ․
     ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՔԿՀ–այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական պայմաններն այնքան վատ են, եթե ոչ՝ սարսափելի, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու։
     Պատահական չէ, որ Նուբարաշեն ՔԿՀ-ին անդրադարձել են հենց ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։
     Ի դեպ, պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն կալանավորված և ազատությունից զրկված անձանց համար, նաև աշխատակազմի, այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ստորաբաժանման ողջ անձնակազմի համար։ Ընդհանուր կացությունն այնքան անընդունելի է, որ մասնակի կամ հատվածական նորոգումներով/խոհանոցն ու ադմինիստրատիվ շենքերը մասնակի նորոգված էին/ իրավիճակը հնարավոր չէ փոխել։
     Խնդրի լուծումն ուղղակի ՀՐԱՏԱՊ է, պետական առաջնահերթություն։
     Պետության անմիջական և անհետաձգելի պարտականությունն է սեփական քաղաքացիների՝ ծառայություն իրականացնողների, նաև դատապարտված կամ կալանավորվածների կյանքի իրավունքի և արժանապատվության երաշխավորումը։
     ԱԲՈՎՅԱՆ՝ Կանանց և անչափահասների ՔԿՀ․ այստեղ պայմանները բարվոք են, ակնհայտորեն մաքուր, բարեկարգ տարածքով, մինչև երեք տարեկան երեխաների և նրանց մայրերի համար կենցաղային համապատասխան պայմանների առկայությամբ, անչափահասների համար կրթությունը շարունակելու, մարզվելու հնարավորությամբ։
     ԱՐՄԱՎԻՐ ՔԿՀ– Այս հաստատությունը ՔԿ հիմնարկների մեջ ամենաբարեկարգն է, ուր վերջերս օդափոխության և ջրամատակարարման խնդիրներ են լուծվել։ Պահպանման պայմանները և խցերի ծանրաբեռնվածությունը հիմնականում համապատասխանում են չափանիշներին։
     Նկատելի էր, որ անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման համար պայմաններ են ստեղծվել․ բարեկարգ գրադարան, ինքնագործ մարզական և մշակութային խմբեր, դահլիճ և այլն։ Դատապարտյալներից մեկն անգամ դատապարտյալների շրջանում շախմատի աշխարհի փոխչեմպիոն էր դարձել։
     Այստեղ գործում է առողջապահության նախարարության ենթակայության դատապարտյալների ամբուլատորիա/ստացիոնար։
     Առերևույթ բավարար պայմաններով, թեև բուժման և ծառայությունների մատչելիության վերաբերյալ գնահատականներ տալուց կխուսափեմ այս պահին։
     ՍԵՎԱՆ ՔԿՀ–կառանձնացնեի կեցավայրերի/կացարանների ծանրաբեռնվածությունը/խտությունը/, լուսավորության խնդիրները, վերասոցիալականացվելու սահմանափակ հնարավորությունները։
     ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
     ԿԱԼԱՆՔԻ ենթարկված անձանց անթույլատրելի բարձր տոկոս։ Անազատության մեջ գտնվող անձանց 41%-ը կալանավորվածներ են, որոնք չունեն դատավճիռներ։ Որոշ կալանավորվածներ մինչև 5-6 տարի զրկված են ազատությունից, կորցնում են առողջություն, այդ թվում՝ հոգեկան առողջություն, ընտանիք, արժանապատվություն, աշխատանք, երբ դեռ դատավճիռներ չկան։
     Որոշ ՔԿՀ–ում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են։
     Մինչդեռ միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ խափանման միջոցն է։
     Արձանագրվող այս պատկերը ոչ թե ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ այլ՝ արդարադատության տակ քողարկված պատժիչ և ոչ հումանիստական վարքագծի մասին է։
     2025թ կալանավայրերում արձանագրված ԱՆՆԱԽԱԴԵՊ ինքնասպանությունների և մահերի պատճառների հիմքում նաև հոգեբանական խնդիրներն են, որոնք իմ համոզմամբ նաև այս պայմանների կամ անարդար և ոչ իրավաչափ կալանքի, արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հետևանք են։
     ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ․ Ընդհանուր գնահատականն էր և դժգոհություն, որ այն չի գործում, մինչդեռ այն հնարավորություն է տալիս պատժի նպատակներին հասնել ոչ միայն դատապարտյալին ազատությունից զրկելու, այլև նրա ուղղման, վերասոցիալականացման և հասարակություն վերադարձնելու միջոցով։
     ՀԱՄԱՆԵՐՈՒՄ․ Հայաստանում վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին։ Սա պետության կողմից մարդասիրական նկատառումներով իրականացվող իրավական ակտ է և անհասկանալի է, թե ինչու ավելի քան 8 տարի չի գործարկվել այս մեխանիզմը։
     ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ։ Սա համատարած խնդիր է, բոլոր հիմնարկներին բնորոշ։ Սևան և Արմավիր ՔԿՀ–ում հանդիպեցի անազատության մեջ գտնվող անձանց, որոնց պարագայում ակհնայտ էր կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակը։
     Այս դեպքերի առնչությամբ գրություններ եմ պատրաստում Առողջապահության նախարարությանը և համապատասխան ստորաբաժանմանը, և կանդրադառնամ առանձին։
     ԶԲՈՍԱՆՔ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ– Շատերը բարձրացրին զբոսանքի համար հատկացված մեկ ժամը երկարացնելու խնդիրը, նաև դատապարտյալներին հասանելիք 20կգ․ հանձնուքների մեջ ջուրը չներառելու անհրաժեշտությունը։
     Առաջիկայում այս և այլ խնդիրներ առավել մանրամասն զեկույցով կդառնանք և կքննարկենք»։

Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով

Փարիզի ծայրամասում հնագետները հայտնաբերել են մոտ 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասնմեկ թաղումով, երեսուն հսկայական քարով և գրեթե տասը տոննա կշռող քարե արձանով, գրում է La Brújula Verde-ն։

Հայտնագործությունն արվել է Ֆրանսիայի մայրաքաղաքից հարավ-արևելք գտնվող Շամպինյի սյուր Մառն համայնքում՝ բնակելի համալիրի կառուցմանը նախորդող պեղումների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտության ազգային ինստիտուտը։

Փարիզի ծայրամասում հայտնաբերված նեոլիթյան հնավայր

Գլխավոր գտածոն մարդու կերպարանքով երեք մետրանոց քարե արձանն է։ Այն կողքի վրա ընկած էր մի փոսում, որտեղ ժամանակին կանգնեցված է եղել ուղղահայաց դիրքով։ Արձանի մակերեսին հետազոտողները հայտնաբերել են գոտու պատկեր և մարդու ձեռքով արված փոքր փոսիկներ։ Քարի վրա նկատվել են նաև սև ու սպիտակ հետքեր, որոնք կարող են ներկի մնացորդներ լինել։ Եթե դա հաստատվի, կնշանակի, որ արձանն ի սկզբանե ներկված է եղել։

Հնագետները հայտնաբերել են տասնմեկ գերեզման։ Դրանց մեծ մասում հանգուցյալները թաղված էին մեջքի վրա պառկած դիրքով, իսկ մարմինների կողքին կային մշակված կայծքարե գործիքներ, ծայրապանակներ և այլ առարկաներ։ Առանձնանում էր նեղ, կլոր փոսում կատարված թաղումը, որտեղ չափահաս մարդու հուղարկավորել էին նստած դիրքով։ Նրա սրունքներն ու ոտնաթաթերն ամբողջությամբ պատված էին կալցիտով՝ հանքանյութով, որն առաջանում է ջրից նյութերի նստեցման հետևանքով։ Թաղման այս անսովոր ծեսի պատճառը դեռ հայտնի չէ։

Հնագիտական պեղումներ Շամպինյի սյուր Մառն համայնքում

Մեկ այլ անակնկալ էր հնագույն շինանյութի հայտնաբերումը, որը հետազոտողներն անվանում են պարզունակ ցեմենտ։ Մարդիկ կալցիումի միացություններով հարուստ տեղական ավազն ու տիղմը խառնել են մանրախճի և ջրի հետ։ Չորանալուց հետո խառնուրդը կարծրացել է։ Դրա հետքերը պահպանվել են գերեզմանների, քարե հուշարձանների և մի հողաթմբի մոտ, որի նշանակությունը դեռ առեղծված է մնում։

Նման քարե արձաններ հայտնի են Ֆրանսիայում, սակայն հիմնականում՝ երկրի հարավում։ Փարիզի շրջանում արված հայտնագործությունն ընդլայնում է հնագետների պատկերացումները նեոլիթի դարաշրջանում նման հուշարձանների տարածվածության մասին։

Մոտ 6500 տարվա հնության գերեզմանոցի ուսումնասիրությունը

Մասնագետները նախատեսում են վերլուծել հնագույն ԴՆԹ-ն և ոսկորներում ու ատամներում պարունակվող իզոտոպները։ Դա կօգնի պարզել թաղվածների ծագումը, սննդակարգի առանձնահատկությունները, առողջական վիճակն ու տեղաշարժերը։ Հետազոտությունները պետք է նաև լույս սփռեն տարածաշրջանի հնագույն բնակիչների թաղման սովորույթների և շինարարական տեխնոլոգիաների վրա։

COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ

COVID-19-ի PJ.2.1 նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել մրսածության կամ գրիպի, հարկավոր է թեստավորում անցկացնել։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

​«COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել։ Հետևաբար, միայն ախտանշանների հիման վրա անհնար է վստահաբար որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է առաջացրել վարակը»,- գործակալությանը ասել են ԱՀԿ-ում։

Կազմակերպությունում նաև նշել են, որ այն դեպքերում, երբ հիվանդության պատճառի պարզումը կարող է ազդել բուժման մարտավարության կամ հանրային առողջապահության ոլորտում որոշումների կայացման վրա, կարող է թեստավորման անհրաժեշտություն առաջանալ։

5.7 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում. կան տասնյակ տուժածներ

Ճապոնիայի արևմուտքում՝ Շիզուոկա նահանգի մոտակայքում, նոյեմբերի 8-ի գիշերը գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները խափանել են երկաթուղային հաղորդակցությունը, այդ թվում՝ «Շինկանսեն» արագընթաց գնացքների։ Ճապոնական միջուկային օբյեկտներում ցնցումների պատճառով արտակարգ իրավիճակների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Գործակալությունը պարզաբանել է, որ վնասվածքները հիմնականում կապտուկներ և քերծվածքներ են եղել ընկնելուց հետո։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել

Լեհաստանի Կրակով քաղաքում հրաձգություն իրականացրած 24-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի, հայտնում են Polsat News և Interia հեռուստաալիքները՝ հղում անելով աղբյուրներին։

Նախնական տվյալներով, զոհերը կարող են լինել կասկածյալի հարազատները։

Հայտնաբերվածի մասին ավելի վաղ հայտնել էր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Կրակովում արտակարգ ծառայությունների խորհրդակցության ժամանակ։

Ըստ նրա, անօդաչու թռչող սարքից ստացված պատկերը վկայում էր այն մասին, որ տանը կարող են զոհեր լինել։ Կառավարության ղեկավարը շեշտել է, որ այդ տեղեկությունը պետք է հաստատել։

«Շատ բան վկայում է այն մասին, որ այս ողբերգությունը կարող է նոր դրվագներ ունենալ»,- հայտարարել է Տուսկը։

Տեղի բնակիչների վկայությամբ, ընտանիքը սովորական և հանգիստ էր համարվում։ Միաժամանակ, ինչպես պատմել է Polsat News-ի լրագրողը, հարևանները հիշատակել են երիտասարդ տղամարդու մտահոգիչ վարքագծի մասին, սակայն նախկինում այդ կապակցությամբ իրավապահ մարմիններին չեն դիմել։

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ «Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է թուրքական TRT հեռուստաալիքը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացումը դրական արդյունքներ կտա։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման վերաբերյալ։