ԱԳՆ-ը հրաժարվում է պատասխանել գերիներին վերաբերվող հարցերին

Արտգործնախարարությունը հրաժարվում է ասել՝ արդյոք դիմե՞լ է Բաքվին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին 3-րդ երկրի կողմից այցելության նպատակով:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով: Միաժամանակ ԱԳՆ ընդգծել էր, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ արդյոք Հայաստանն արդեն պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանին, 3-րդ երկրի կողմից հայ գերիների տեսակցելու հարցով: Եթե այո, ի՞նչ պատասխան են ստացել Բաքվից: ԱԳՆ-ին նաև հարցրել էինք՝ ո՞ր երկիրն է համաձայնել Ադրբեջանում տեսակցել շուրջ 20 հայ գերիներին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն «Ազատության» որևէ հարցին չի պատասխանել:

«Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրման ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Հաշվի առնելով հարցի զգայունությունը ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում տարվող աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության հանրայնացումը», – հայտնել են ԱԳՆ-ից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Lada»-ն. վերջինս կոտրել է փշալարերն ու կողաշրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժրամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Զովաշեն ավտոճանապարհին բախվել են «Lada» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են 2-ը Արտաշատի, մեկը՝ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Բախման հետևանքով «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող հողամասի երկաթե փշալարարեին և կիսակողաշրջվել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ալիևը բողոքեց ՄԱԿ–ից՝ Բիշքեկում խոսելով ՀՀ–Ադրբեջան կոնֆլիկտի մասին

Բաքուն և Երևանը երկարամյա հակամարտության ավարտից հետո աշխատում են փոխադարձ առևտրի զարգացման, դրա տեսականու ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան մեկ տարի առաջ «վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը»՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։

«Դրանով իսկ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը երկարամյա հակամարտությունների գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստան, ինչպես նաև իր տարածքով ապահովում է երրորդ երկրների բեռների տարանցումը։

«Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալի մեծացման, դրա տեսականու ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ», — ասել է նա։

Իր ելույթում Ալիևը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված 1993 թվականին ընդունված ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հարցին։ Նրա խոսքով՝ չորս բանաձևերը կատարվել են միայն 30 տարի անց։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ, իր կարծիքով, ՄԱԿ-ը դրանց կատարման գործում որևէ դեր չի ունեցել։

«Ադրբեջանն ինքն է ամբողջությամբ վերականգնել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը սեղմ ժամկետներում պահանջում է համապատասխան մեխանիզմների մշակում», — նշել է Ալիևը։

Նա կարծիք է հայտնել, որ նման մեխանիզմների ստեղծումը կարող էր նպաստել ՄԱԿ հեղինակության բարձրացմանը և կազմակերպության դերի ուժեղացմանը միջազգային հակամարտությունների կարգավորման գործում։

Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը մտադիր է նաև հետագայում աջակցել միջազգային հարաբերություններում բազմակողմանիության սկզբունքին։ Նա հիշեցրել է, որ երկիրը չորս տարի նախագահել է Չմիավորման շարժումը։

Ինչում է մեղադրվում Գագիկ Խաչատրյանը. դատախազությունը մանրամասներ է հայտնել

Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Դատախազությունից։

  1. «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և դրա դիմաց գույք ձեռք բերել

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է 2008-2010 թվականների ընթացքում «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից՝ իր կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչություն իրականացնելու, հարկային և մաքսային մարմինների կողմից ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական միջամտությունից տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, վերահսկողական գործառույթները մեղմելու և առանձին դեպքերում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար որպես կաշառք անշարժ գույքեր ստանալու համար։

Գ.Խ-ի որդու՝ Գր.Խ.-ի անվամբ ձևակերպվել են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող երկու բնակարան և չորս ավտոհանգրվան, իսկ Գ.Խ-ի որդիներ Գր.Խ.-ի և Ա.Խ.-ի անվամբ՝ Հյուսիսային պողոտա 5 հասցեի շենքում գտնվող երեք տարածք։

Գույքերի հանցավոր ծագումը քողարկելու և դրանց ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով գործարքներն իրականացվել են ձևական առուվաճառքի պայմանագրերով, որոնցում նշվել են գույքերի շուկայական արժեքից էականորեն ցածր գներ։ Այն է՝ անշարժ գույքերի օտարման վերաբերյալ ձևական կնքված առուվաճառքի պայմանագրերում ձեռք բերման ընդհանուր արժեքը կազմել է 484 միլիոն դրամ, մինչդեռ գործարքների կնքման ժամանակ դրանց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 2 միլիարդ 179 միլիոն 51 հազար դրամ:

2. «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնում

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է պետական բյուջեի միջոցներից, ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամ վատնելու համար:

Մասնավորապես, 2011-2017 թվականներին «Դիլիջան» ուսումնական կենտրոնի վերակառուցման և գույքով ապահովելու նպատակով՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից կնքվել են մի շարք պայմանագրեր, որոնցից 21-ը՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ։ Դրանցից 12 պայմանագրերով նախատեսվել են կենտրոնի շենք-շինությունները 30 մմ հաստությամբ տրավերտինե սալիկներով երեսապատելու աշխատանքներ։

Կատարողական ակտերով արձանագրվել է 17506,371 քմ ծավալով աշխատանքների կատարում՝ ընդհանուր 714 միլիոն 451 հազար դրամ արժեքով, մինչդեռ փաստացի կատարված աշխատանքների ծավալը կազմել է 15411,3 քմ՝ կատարողական ակտերում նշվածից 2095,071 քմ-ով պակաս։

Փաստացի չկատարված 2095,071 քմ աշխատանքների դիմաց պետական միջոցներից վճարվել է 85 միլիոն 497 հազար դրամ, իսկ փաստացի կատարված աշխատանքների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ միջին շուկայական արժեքից ավելի վճարված գումարի արդյունքում, «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը հավելյալ վճարվել է ևս 89 միլիոն 83 հազար դրամ։

3. Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմա

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է իր որդու՝ Ա.Խ.-ի, ինչպես նաև իրենց հետ փոխկապակցված Հ.Թ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման միջոցով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին պատկանած՝ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս կազմող հողամասը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու գործընթացին մասնակցելու համար:

Գույքը ձևականորեն ձեռք է բերվել Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ի անվամբ՝ 215 միլիոն 228 հազար դրամով, իսկ հետագայում՝ 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ։ Մինչ այդ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությամբ, որոշում է կայացվել արհեստականորեն՝ 25 տոկոսով բարձրացնել համալսարանի դասախոսների աշխատավարձերը (Գ.Գ.-ն ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի 25 տոկոսով բարձրացված աշխատավարձերը հետագայում նվազեցրել է և վերականգնել աշխատավարձերի նախկին չափը), որպեսզի ՊՈԱԿ-ի համար ստեղծվի ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն: ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունությունը «վերականգնելու» նպատակով՝ Գ.Գ.-ն դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին, ինչից հետո Ֆինանսների նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, Ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է 200 միլիոն դրամի չափով բյուջետային վարկ: Մինչդեռ, ըստ նախահաշվի կատարողականի՝ ՊՈԱԿ–ի բյուջեում տարեվերջում գումարի չափը կազմել է 541 միլիոն 562 հազար դրամ:

Վարկը մարելու պատրվակով, իրականում, սակայն, ք․ Երևան Պուշկին 38/1 հասցեում գտնվող տարածքը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա որդուն՝ Ա.Խ.-ին անխոչընդոտ «օտարելու» նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ն հանձնարարել է ՊՈԱԿ–ի ռեկտոր Գ.Գ.-ին հանդես գալ նշված անշարժ գույքն օտարելու և ստացված գումարով վարկային պարտավորությունները մարելու առաջարկությամբ: Ա.Ա.-ի հանձնարարության հիման վրա՝ Գ.Գ.-ն և Ար.Ա.-ն 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, անտեսելով «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, հաշվի չառնելով նաև այն, որ վարկային միջոցների մարման վերջնաժամկետին առկա է եղել դեռևս 11 ամիս և ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը թույլ է տվել մարել վարկային պարտավորությունները, գրություն են հասցեագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին՝ խնդրելով համալսարանի ֆինանսական վիճակի արագ կայունացման նպատակով օտարել ՊՈԱԿ-ի վերոնշյալ գույքը:

Արդյունքում՝ Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ն 215 միլիոն 228 հազար դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը, որը 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ:

4. Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է «Հղկող հաստոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վ.Ս.-ի և իր ազգական Ռ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ 151 միլիոն 126 հազար դրամի փողերի լվացում կատարելու համար:

Մասնավորապես՝ 2009 թվականի հուլիսի 15-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ռ.Գ.-ի անվամբ ձեռք է բերվել Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոց 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքերի համալիրը, որը ներառել է 6,4199 հա հողամաս, դրա վրա գտնվող 13,678.20 քմ մակերեսով գլխավոր մասնաշենք, 866,26 քմ մակերեսով եռակցման արտադրամաս, երկու՝ 534,96 քմ մակերեսով անգար, 292,91 քմ մակերեսով վարչական մաս, 18 քմ և 72 քմ մակերեսով տնակներ, ինչպես նաև տարբեր մակերեսներով պարիսպներ։ Նշված անշարժ գույքի կադաստրային ընդհանուր արժեքը կազմել է 122 միլիոն 876 հազար դրամ։

Անշարժ գույքը, որի սեփականության իրավունքը գրանցվել է Ռ.Գ.-ի և Ռ.Գ.-ի կնոջ՝ Ձ.Գ.-ի անուններով, հետագայում մի քանի անգամ օգտագործվել է որպես փոխկապակցված երրորդ անձանց պարտավորությունների ապահովման միջոց։ Այն է՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին գույքը գրավադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին և «ԱՅՅՈՒՆԵԹՖՈՐՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ե.-ին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորության ապահովման նպատակով։

2016 թվականի նոյեմբերի 10-ին, նույն գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ Ա.Ե.-ին տրամադրված 4,8 միլիարդ դրամի պարտավորության ապահովման նպատակով։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին անշարժ գույքը կրկին գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին տրամադրված 28 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորության ապահովման նպատակով։

2023 թվականի հոկտեմբերի 27-ին նույն անշարժ գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ին տրամադրված 30 միլիարդ դրամ գումարի պարտավորության ապահովման նպատակով։

Վերոնշյալ գործողությունների արդյունքում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը և դրա շարժընթացի ու շրջանառության հետևանքով ստացված եկամուտները ներդրվել են օրինական շրջանառության մեջ, ստացել օրինական տեսք և թաքցվել է դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը և շարժը։

Այսպիսով, Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

2026 թվականի օգոստոսի 24-ին ստացվել են ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 19-ին և 2026 թվականի հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները: 

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում: Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ: 

Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Գ.Խ.-ն չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար։  

Հիշեցնենք, որ 2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան արգելադրման և հետագայում՝ գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։

Համագործակցության արդյունքում, 2022 թվականի մայիսին ամերիկյան կողմը առանձնատան բռնագանձման գործընթաց էր սկսել. քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան։

2024 թվականի հունիսի 14-ին Գր.Խ.-ն և Ա.Խ.-ն, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել հաշտություն կնքելու վերաբերյալ խնդրանք:Արդյունքում՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Գր.Խ.-ի ու Ա.Խ.-ի միջև կնքվել էր հաշտության մասին համաձայնություն, որը հաստատվել էր դատարանի 2024 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ու հրապարակվել հուլիսի 5-ին:

Հաշտության համաձայնության հիման վրա՝ 2025 թվականի հունվարի 7-ին առանձնատունն աճուրդով վաճառվել էր 36 միլիոն ԱՄՆ դոլարով, որի 85 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ կառավարությանը, 15 տոկոսը՝ վերոնշյալ ընտանիքին:

Հաշտության համաձայնության տեքստում ամրագրված է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի մտադրությունը՝ առաջարկելու ԱՄՆ կառավարությանը, 85 տոկոս գումարից իրենց կատարած ծախսերը հանելուց հետո, մնացած գումարը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է քննվում Գ.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործը, իսկ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի և եղբորորդի Ար.Խ.-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի աշխատակից Ա.Պ.-ի վերաբերյալ քրեական գործը քննվում է նույն դատարանում՝ այլ դատավորի վարույթում: Դատարան հանձնված այս գործով վերոնշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Այս գործով նաև 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարվել են դատախազի միջնորդությունները. Ա.Խ.-ի և Ար.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։

Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.

  • 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,

  • 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն,

  • 14 շարժական գույք, 

  • շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր, 

  • շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ, 

  • շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, 

  • շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:

Պատերազմից ի վեր 4-րդ անգամ է մեծացնում իր թիկնազորի քանակը


Ռուսաստանի Դաշնային պահպանության ծառայության կենտրոնական գրասենյակի անձնակազմը 785-ից ավելացվել է մինչև 812, հաղորդում է «Կոմերսանտը»։ Սա Ուկրաինայի պատերազմ…

Իրանը մտադիր է փոխադարձ պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը վերադառնա Իսլամաբադի հուշագրին

Իրանը կշարունակի կատարել Իսլամաբադի հուշագրի պայմանները, եթե ԱՄՆ-ը վերադառնա իր պարտավորություններին։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների խախտումը հանդիպել է Իրանի համաչափ պատասխանին։ Սակայն ես հստակ հայտարարում եմ. եթե ԱՄՆ-ը վերադառնա փոխըմբռնման հիշյալ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես անհապաղ կպատասխանի փոխադարձությամբ», – ընդգծել է նա ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Փեզեշքիանը հավելել է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանն ունի «իր միջազգային պարտավորություններն ու պայմանագրերը կատարելու անբասիր փորձ և միշտ գործել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»։

 

Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք չունի. համապատասխան ցուցման դեպքում այն հնարավոր է կատարել ՀՀ–ում. դատախազություն

Դատաբժշկական հանձնաժողովային նոր փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն (Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան–խմբ) կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Այս մասին NEWS.am–ին հայտնեցին դատախազությունից։

Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում:

Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 1–ին, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է:

Ըստ ՔԿ–ի՝  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․ Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։