Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին․ շարունակում ենք փնտրել նոր շուկաներ․ Պապոյան

«Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մանրամասնելով․

«Այսպես.

2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9 %-ով։

Շարունակում ենք փնտրել նոր շուկաներ»։

Ավելցուկ էներգիայից մինչև նոր շուկաներ․ «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային
կապերի և տեղեկատվության կենտրոնի «Օրբելի» վերլուծական կենտրոնը վաղ գարնանից իրականացնում
է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանրայնացնելուն և զարգացնելուն միտված
ծրագիր։ Դրա շրջանակներում այսօր տեղի ունեցավ 
«Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն
և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին  մասնակցում էին պետական կառավարման մարմինների,
փորձագիտական համայնքի, տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից
(ՌԴ, Հնդկաստան, Ղազախստան)։ Միջոցառումն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի
հետ համագործակցությամբ։

Հանրային կապերի և տեղեկատվական
կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ՀՀ կառավարությունը անչափ
կարևորում է խաղաղության խաչմերուկի նախագիծը՝ իր բոլոր ասպեկտներով։

«Հատկապես ԹՐՒՓՓ համաձայնագրի
ստորագրումից հետո այս նախագիծն առավել առարկայական է դառնում՝ ՀՀ կառավարության, ինչպես  նաև հայկական ընկերությունների, հատկապես ՏՏ ոլորտում
ընկերությունների ակտիվ քայլերի շնորհիվ։ Այս գաղափարը թղթից կարողանում ենք արդեն
վերածել իրական ներդրումների և իրական նախագծերի։ Եվ այսպիսի քննարկումները՝ փորձագիտական
ձևաչափով, փորձագիտական հարթության ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների և մասնավոր
ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, կարևոր է միասնական տեսլականի առավել
հստակեցման և կողմնորոշման իմաստով»,- ասաց Գոռ Ծառուկյանը։  

 

 ««Խաղաղության խաչմերուկ»-ի և ընդհանրապես ենթակառուցվածքների
մասին խոսելիս հիմնականում անդրադառնում են երկաթուղուն և ավտոճանապարհներին, թերևս
դրանք ամենակարևոր բաղադրիչներն են։ Սակայն ենթակառուցվածքային մեծ ծրագրերը, մեծ նախաձեռնություններն
այսօրվա աշխարհում ուղեկցվում են և իրականացվում են նաև էներգետիկ համակարգերի ներդրմամբ,
դրանց զարգացմամբ և կատարելագործմամբ, թվային հաղորդակցության միջոցների ստեղծմամբ,
զարգացմամբ»,- ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
տեղակալ Գևորգ Մանթաշյանն իր խոսքում նույնպես կարևորեց միջազգային մասնակցությամբ
միջոցառման անցկացումը հենց  Եվրասիայում և
հենց այս քննարկման՝ «խաղաղության խաչմերուկի» տրամաբանության ներքո, որտեղ հստակ է,
որ մեր կառավարության առաջնահերթություններից է տարածաշրջանի կոմունիկացիաների, հաղորդակցման
տարբեր ուղիների հասանելիության ավելացումը կամ ապաշրջափակումը, և մենք հիմա տեսնում
ենք այդ գործընթացի իրականացումը։

 «Գործող գործընթացներում, երբ արհեստական բանականության
գործարաններ են ստեղծվում, այս տերմինը ավելի նոր է համարվում, դրանք ուղեղային կենտրոններն
են, որոնք հենց կենտրոնացված են արհեստական բանականության պրոցեսինգի վրա, և ուղիղ
կախվածություն ունեն հենց հոսանքի մատակարարումներից»,- ասաց Գևորգ Մանթաշյանը։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության Էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանն
էլ իր խոսքում նշեց, որ ոլորտում կուտակված և կուտակվող խնդիրներին գալիս է օգնելու
այնպիսի լուրջ նախաձեռնություն, ինչպիսին է «խաղաղության խաչմերուկը», որը հնարավորություն
է տալիս բացելու մեր կապուղիները, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերով միանալու մեր
այն հարևաններին, որոնց հետ էներգետիկ առումով կապված չենք։

 «Տեխնիկական առումով, որպես այդպիսին, մենք կապված
եղել ենք և այս պահին ուսումնասիրում ենք, թե ինչպիսի իրավիճակ ունենք, ինչ խնդիրներ
կան, ինչպես լուծենք դրանք։ Եվ այստեղ կարևոր է այն, որ մենք չափազանց փոքր համակարգ
ենք, ունենք փոքր սպառում, բայց ունենք նաև արտադրության մեծ ծավալներ, և լինում են
ժամանակահատվածներ, երբ չենք իմանում՝ այդ արտադրած էլեկտրաէներգիան ինչ անենք։ Եվ
սա մենք դիտարկում ենք որպես լուրջ հնարավորություն, որպեսզի բացելով կապուղիներ և
ենթակառուցվածքային առումով միանալով մեր մյուս հարևաններին՝ հասկանանք, թե մեր ունեցած
ավելցուկ էներգիան և այն էներգիան, որ մեզ անհրաժեշտ կլինի, որտեղից վերցնել և որտեղ
տալ»,- ասաց նա։       

 

Միջոցառման ժամանակ ներկայացվեց  նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի
պաշտոնական կայքը, որը նախագծել և գործարկել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։
Նորաբաց կայքում արդեն իսկ հրապարակված են մի շարք թեմատիկ հոդվածներ, հարցազրույցներ
և ինֆոգրաֆիկաներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականին

Դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Մեդիահաբ» ՍՊԸ-ի և լրագրող Վահե Մակարյանի։

Դատական վճռով «Մեդիահաբ» ՍՊԸ-ն պարտավորվել է հերքել 2025 թվականի հունվարի 29-ին Mediahub.am կայքում հրապարակված «Ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկությունները, որոնք դատարանը զրպարտություն է համարել։

Մասնավորապես դատարանի վճռով լրատվամիջոցը պետք է Mediahub.am կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, հրապարակի հայտարարություն այն մասին, որ հոդվածում տեղ գտած մի շարք տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը և զրպարտել են Ալեն Սիմոնյանին։

Խոսքը մասնավորապես այն պնդումների մասին է, թե ՔՊ վարչության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին կոշտ կերպով նախատել է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար, ինչպես նաև այն տեղեկությունների, թե Սիմոնյանի պահվածքից դժգոհել և նրան նախատել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Դատարանը նաև «Մեդիահաբ» ՍՊԸ-ից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել է 400 հազար դրամ՝ որպես նրա պատվին և արժանապատվությանը զրպարտության միջոցով պատճառված վնասի դրամական փոխհատուցում։

Բացի այդ՝ «Մեդիահաբ»-ից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձվել է 32 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից «Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 31-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները քարոզարշավի ընթացքում գտնվել են Ալավերդի քաղաքի «Սանահին կայարան»-ի հարևանությամբ, որտեղ ԴԵՊՈ-ի մեքենավարն էլեկտրոքարշով հետընթաց կատարելու ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, երկու անգամ երեք րոպե պարբերականությամբ նախազգուշական ձայնային ազդանշան է հնչեցրել, ինչի կապակցությամբ քարոզարշավի մասնակիցներից Վ․Պ․-ն վիրավորական ժեստ է կատարել։

Այնուհետև, Վ․Պ․-ն, Գ․Շ․-ն, Լ․Ն․-ն և քարոզարշավի 10-ից ավելի մասնակիցներ բարձրացել են կայարանի կառամատույց, որտեղ հայհոյանքներ են հնչեցրել մեքենավարի հասցեին, Վ․Պ․-ն և Գ.Շ․-ն նաև քաշքշել և հարվածել են նրան՝ խոչընդոտելով կայարանի շրջադարձային ԴԵՊՈ-ի աշխատակիցների բնականոն աշխատանքը:

Նախաքննության ընթացքում Լ․Ն․-ի, Վ․Պ․-ի և Գ․Շ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների սահմանմանը։ Որոշումը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների պայմաններում։

Նախատեսվող միջոցները կազատականացնեն դեպի ԵՄ Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսը։ Միաժամանակ նախատեսվում են պաշտպանական մեխանիզմներ՝ ԵՄ շուկայի արտադրողներին հնարավոր բացասական ազդեցությունից պաշտպանելու համար։

Որոշման կապակցությամբ ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին հայտարարել է. «Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որոնք ընտրել են բարեփոխումների և Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի։ Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է. երբ մենք բախվում ենք տնտեսական հարկադրանքի, ԵՄ-ն արձագանքելու է։ Մենք կստեղծենք նոր հնարավորություններ և կկանգնենք մեր գործընկերների կողքին»։

Նոր կարգավորմամբ նախատեսվում է ժամանակավորապես կասեցնել ներմուծման մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների՝ սակագնային քվոտաների պայմաններում։

Միջոցները կգործեն երկու տարի՝ կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո։ Դրանք կներառեն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի մոտ 99 տոկոսը, ինչպես նաև խմիչքների և սպիրտային արտադրանքի ավելի քան 91 տոկոսը։

ԵՄ-ն նշում է, որ միջոցների նպատակը նաև ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունների ամրապնդումն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։

Միաժամանակ արտոնությունների տրամադրումը պայմանավորված է Հայաստանի կողմից ծագման կանոնների պահպանմամբ, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությամբ, ԵՄ ներմուծման նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանելով և CEPA-ի հիմնարար դրույթները, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքները հարգելով։

Հրապարակումը՝ 1lurer

ՀՀ վարչապետի որոշումներով՝ ՏԿԵ նախարարի 5 տեղակալները վերանշանակվել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումներով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 5 տեղակալները վերանշանակվել են:

Մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Ասատուր Վարդանյանը, Քրիստինե Ղալեչյանը,  Առնակ Ավետիսյանը, Նարեկ Ապիտոնյանը և  Ավետիք Դարբինյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում՝ որպես նախարարի տեղակալներ:

Որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության կայքում:

Թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 2-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքներն սեպտեմբերի  2-ի դրությամբ։ Bitcoin (BTC) — $77 605 Ethereum (ETH) — $2 420 Binance Coin (BNB) —  $689 Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթների շարքում վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը գրանցել է Filecoin (FIL) —+ 16%։ Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը գրանցել է Dash (DASH) — 9%։ […]

Վլադիմիր Կիրակոսյանը վերանշանակվել է էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վլադիմիր Կիրակոսյանը վերանշանակվել է էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Էկոպարեկային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Կիրակոսյանին վերանշանակել էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչապետի հրավերով Կառավարության կադրային բանկում ընդգրկված Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Դավիթ Իվանյանը սովորել է Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի և կառավարման ուղղությամբ՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ: Նա սովորել է նաև Մեծ Բրիտանիայի Ուորիքի համալսարանի Ուորիք բիզնես դպրոցում՝ ստանալով միջազգային բիզնեսի մագիստրոսի աստիճան:

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։ 

Կենսագրություն

Ծնվել է 1994 թ. մարտի 10-ին, Մոսկվա քաղաքում:

2013-2016 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի և կառավարման ուղղությամբ՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ:

2016-2017 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Ուորիքի համալսարանի Ուորիք բիզնես դպրոցում՝ ստանալով միջազգային բիզնեսի մագիստրոսի աստիճան:

2017-2019 թվականներին աշխատել է «FM Logistic» ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մասնագետի պաշտոնում, ք. Մոսկվա:

2019-2020 թվականներին աշխատել է «DSV Panalpina» ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մենեջերի պաշտոնում, ք. Մոսկվա:

2020 թվականին աշխատել է «DPD» ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մենեջերի պաշտոնում, ք. Մոսկվա:

2020 թվականին հայրենադարձվել է Հայաստան՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի առաջին հոսքի շրջանակում:

2020-2021 թվականներին եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի մասնակից:

2021-2022 թվականներին եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի առևտրային ուղղության պրոդուկտի մենեջեր:

2022-2026 թվականներին եղել է Yandex Առաքում ծառայության տնօրենը Հայաստանում, 2025 թվականից՝ նաև Վրաստանում:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:

Ամուսնացած է:

Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում կարգավորման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում հանդիպման ժամանակ ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար։

«Թուրքիան զբաղվում է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ։ Թե՛ մենք, թե՛ պարոն Պուտինը ակնկալում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ գործընթացը հնարավորինս շուտ սկսվի, և որ խաղաղություն հաստատվի», – Էրդողանը ասել է իր լրագրողական փուլի ներկայացուցիչներին Ղրղզստանից վերադառնալիս։

Նրա խոսքով՝ Պուտինը այդ հակամարտությունից ուրախություն չի զգում։ «Պուտինը դրանով ուրախանո՞ւմ է։ Ոչ։ Նա նույնպես ակնկալում է, որ ամեն ինչ հնարավորինս շուտ կավարտվի խաղաղ ճանապարհով։ Մենք պարոն Պուտինին հասկացրել ենք, որ պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ հանուն խաղաղության։ Մենք պատրաստ ենք ներդնել բոլոր ջանքերը այս նպատակին հասնելու համար», – ասել է Էրդողանը։