Վլադիմիր Կիրակոսյանն ու Սեդրակ Թևոնյանը քննարկել են Արարատի մարզում բնապահպանական հսկողության հարցերը

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն Արարատի մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ։

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կիրակոսյանը տեղեկացրել է, որ հայտարարվել են Էկոպարեկային ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային վարչության համալրման նպատակով մրցույթները՝ ընդգծելով, որ վարչության ամբողջական համալրումն ու անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցումը կարևորագույն նշանակություն կունենան մարզում բնապահպանական հսկողության արդյունավետության բարձրացման գործում։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը կարևորել է Էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով մարզի տարածքում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գործում ծառայության կարևոր դերակատարությունը։

Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով՝ մարզային վարչության ամբողջական համալրումն ու տեխնիկական վերազինումը հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, ժամանակին բացահայտել և արձանագրել իրավախախտումները, ինչպես նաև զարգացնել հանրության հետ շարունակական համագործակցությունը՝ նպաստելով բնապահպանական իրազեկվածության և պատասխանատվության բարձրացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու և բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։

Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել․ ԱԽ քարտուղարի գրասենյակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Դուբլինում գտնվող ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ։

Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։

Դուբլինում Միրզոյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացման օրակարգային հարցերին։

Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից ստուգում է իրականացվել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի 9-րդ փողոցի 33 հասցեում գտնվող «Կայծոնգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև ստուգում և վերստուգում են իրականացվել նույն մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի Կենտրոնական 36 հասցեում գտնվող «Մերարա» ՍՊ ընկերությունում։

Տեսչական մարմնի Լոռու տարածքային ստորաբաժանման էներգետիկայի և էներգասպառման ոլորտի մասնագետների կողմից իրականացված ստուգման և վերստուգման արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են էլեկտրական տնտեսության շահագործմանն ու էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկմանն առնչվող այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պահպանման, ինչպես նաև հրդեհային անվտանգության համար։

Ելնելով վերագրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ ամբողջությամբ դադարեցնել վերը նշված հասցեներում էներգատեղակայանքների շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։

Լիտվայի նախագահը` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում։

Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այդ ջանքերը շատ դրական արդյունքներ են տվել, և այժմ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։

«Հուսով եմ, որ ապագայում նրանց միջև հարաբերությունները կշարունակեն բարելավվել։ Սա շատ կարևոր է երկու երկրների եվրոպական ձգտումների համար»,– ընդգծել է Լիտվայի նախագահը։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Նաուսեդան նշել է, որ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժի հաղթանակը ցույց տվեց, որ հայ ժողովուրդն ընտրել է խաղաղության, բարգավաճման և եվրոպական ապագայի ուղին։

Նա հավելել է՝ Լիտվան Հայաստանի վաղեմի և մտերիմ դաշնակիցն է և իր փորձն ու գիտելիքները կօգտագործի եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին աջակցելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարճատև զրույց են ունեցել Դուբլինում

Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Ավստրալիայում դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո

Ավստրալիայում 17-ամյա դեռահասին ողջ-առողջ են գտել խիտ մացառուտներում վեցօրյա որոնումներից հետո, հայտնում է BBC News-ը։

Ուիլյամը, որի ազգանունը չի հրապարակվում, անհետացել էր անցած ուրբաթ՝ ընկերոջ հետ Վիկտորիա նահանգի անտառապատ տարածքում՝ Մելբուռնից մոտ 180 կմ դեպի արևելք, արշավի ժամանակ։

Որոնումները բարդանում էին գիշերային չափազանց ցածր ջերմաստիճանների պատճառով, որոնք դեռահասի կյանքի համար մտավախություններ էին առաջացնում։ Գործողությանը մասնակցում էին ոստիկանական շներ, ջրասուզակներ և ուղղաթիռներ։

Ուիլյամին հայտնաբերել են հինգշաբթի առավոտյան։ Փրկարարները ճախարակի օգնությամբ նրան բարձրացրել են անվտանգ վայր, տվել փքաբլիթ և մի շիշ ջուր, ապա տեղափոխել հիվանդանոց՝ հետազոտության։

Դեռահասի մայրը՝ Էլիզաբեթ Բարքլին, լրագրողներին հայտնել է, որ որդին ընդամենը մի քանի քերծվածք է ստացել և իրեն լավ է զգում։

«Նրա հետ ամեն ինչ կարգին է, նա լիովին առողջ է։ Նա պարզապես մնացել է մի տեղում և սպասել փրկության։ Երջանկությունից յոթերորդ երկնքում եմ, որ նա ողջ է»,- պատմել է նա։

Կինը կատակով հավելել է, որ այժմ որդուն «այլևս երբեք թույլ չեն տա տնից դուրս գալ»։

Ոստիկանությունում խոստովանել են, որ դեռահասին ողջ-առողջ հայտնաբերելը աշխատակիցների շրջանում ուժեղ հույզեր է առաջացրել։ Վիկտորիա նահանգի ոստիկանության տեսուչի պարտականությունները կատարող Ջեյսոն Բենբոուի պատմելով՝ նման պատմությունները ոչ միշտ են բարեհաջող ավարտվում։ Նա հավելել է, որ իրավապահները հույս ունեն շուտով հենց Ուիլյամից լսել, թե ինչ է տեղի ունեցել նրա անհետացման ընթացքում։

«Դեռ իշխանության եք` այս վերաբերմունքին եք արժանանում, պատկերացրեք՝ դրանից հետո ինչ է լինելու». Մարիամ Աբրահամյան

«Դեռ իշխանության եք` այս վերաբերմունքին եք արժանանում, պատկերացրեք՝ դրանից հետո ինչ է լինելու». Մարիամ Աբրահամյան

Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Մարիամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աննա Հակոբյանը ծաղրում էր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, ընդդիմադիրներին ամենագռեհիկ պիտակները տալիս, հետո սրտաճմլիկ տեսանյութ հրապարակում, թե՝ փողոցում հանկարծ ինձ տեսնելիս չգաք ու չվիրավորեք։
     Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծափահարում էր վարչապետին ու գոռում «այո», երբ վերջինս քաշքշում էր ընդդիմադիր կնոջը, իսկ հետո բողոքում, թե թիրախավորում են, որովհետև կին է։
     Մարդու իրավունքների պաշտպանը չեզոքություն է պահպանում, աչք փակում անօրինությունների վրա, ու հետո բողոքում, թե արտաքինի պատճառով է պարբերաբար քննադատվում։ Արտաքինն այն գործիքն է, որն առավել ցավոտ է թվում հանրությանը։ Իսկ հանրությունը լուրջ ուսուցիչներ ունի այս հարցում` ի դեմս ձեր քաղաքական ուժի։
     Սրբուհի Գալյանն էլ հորդորում է ընդդիմադիրներին «գլուխը պատին տալ», իր լիազորությունների շրջանակում գտնվող հարցերում պատասխանատվությունն իր վրայից գցում ու հետո զարմանում, թե ինչու են անիծում։
     Դուք ձեր օրինակով ու գործով պետք է նպաստեիք կանանց իրավունքների պաշտպանությանը, դառնայիք համերաշխության և հարգանքի չափանիշ, բայց ավաղ՝ ձեր իսկ վարքագծով արժեզրկեցիք այդ գաղափարը։
     Դուք ոչ այնքան թիրախավորվում եք ձեր արտաքինի կամ կին լինելու պատճառով, որքան գործելաոճի, ապրումակցման բացակայության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու համար։
     Դեռ իշխանության եք, որ այս վերաբերմունքին եք արժանանում, պատկերացրեք՝ դրանից հետո ինչ է լինելու։
     Գուցե մտածե՞ք այս ամենի մասին, թե՞ ավելի հեշտ է թաքնվել հետևանքների հետևում, քան առճակատվել բուն պատճառների հետ։
     Ամեն բան օրինաչափ է, մի՛ զարմացեք։ Դուք հնձում եք ձեր ցանածը»։

Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել | Armat Media

Թուրքիայի Մալաթիայի նահանգում ուղղաթիռ է կործանվել։

Վթարի մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ S-70 տիպի ուղղաթիռը կործանվել է դեռևս չպարզված հանգամանքներում։

Հաղորդվում է, որ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ժամանել են դեպքի վայր և սկսել որոնողափրկարարական աշխատանքները։

Հույս է հայտնել, որ Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը մոտ է


Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու-Դաբիում տեղի ունեցած ամերիկա-ռուս-ուկրաինական եռակողմ բանա…