Mitsubishi ընկերությունը վերածնել է լեգենդար Pajero-ն՝ հզոր ամենագնացի տեսքով

Mitsubishi ընկերությունը վերածնել է Pajero-ն՝ լեգենդար ամենագնացը վերադարձել է նոր սերնդով և այժմ մրցակցելու է Toyota Land Cruiser-ի հետ։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում մոդելը վաճառվում էր Shogun անվանմամբ, գրում է Autocar-ը։

Նոր Pajero-ն պահպանել է շրջանակային կառուցվածքը, որը բնորոշ է իսկական ամենագնացներին, իսկ մշակողները շեշտը դրել են անցունակության և արտաճանապարհային հարմարավետության վրա։ Ավտոմեքենայի արտաքին տեսքը հիշեցնում է կարճ բազայով Pajero-ները, որոնք հաջողությամբ հանդես էին գալիս «Փարիզ — Դակար» ռալիում 1980-ական, 1990-ական և 2000-ական թվականներին։

Գետնանցումը կազմում է 230 մմ։ Մուտքի և ելքի անկյունները համապատասխանաբար հասնում են 30,4 և 25,8 աստիճանի։ Միևնույն ժամանակ հետևում այլևս չկա բեռնախցիկի դռան վրա ամրացված պահեստային անիվը՝ նախորդ սերունդների բնորոշ տարրերից մեկը։

Pajero-ն ստացել է Mitsubishi L200 պիկապից վերցված 2,4 լիտրանոց դիզելային շարժիչի նոր տարբերակ՝ 201 ձիաուժ հզորությամբ։ Շարժիչը աշխատում է նոր ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի և լիաքարշակ համակարգի հետ զույգով։

Ավտոմեքենայում կիրառվում է նաև Active Yaw Control համակարգը, որն առաջին անգամ հայտնվել էր Mitsubishi Lancer Evolution V-ում։ Այն վերաբաշխում է ոլորող մոմենտը ձախ և աջ անիվների միջև՝ օգնելով պահպանել կայունությունը կամ բարելավել կառավարելիությունը։

Նոր Pajero-ն նախորդների համեմատ զգալիորեն ավելի շքեղ է դարձել։ Mitsubishi-ն այն դիրքավորում է որպես ապրանքանիշի ֆլագման մոդել։ Սրահում օգտագործվում են կաշվե նյութեր, նախատեսված է երեք շարք նստատեղ՝ յոթ անձի համար, եռագոտի կլիմատ-կոնտրոլ և նստատեղերի օդափոխություն։ Yamaha աուդիոհամակարգը կարող է փոխհատուցել ճանապարհային աղմուկի մի մասը։

Pajero-ի արտադրությունը կազմակերպվել է Թաիլանդում, որտեղ էլ ավտոմեքենան առաջինը կթողարկվի։ Ավստրալիայում և Ճապոնիայում նոր մոդելը պետք է հայտնվի մինչև 2027 թվականի մարտը։

Ուսուցիչները տիրապետում են այնպիսի իշխանության, որի մասին վարչապետները կարող են միայն երազել. հաջողակ մտքեր

Խղճալի է այն աշակերտը, որը չի գերազանցել իր ուսուցչին։

Լավ ուսուցիչը պաշտպանում է իր աշակերտներին իր սեփական ազդեցությունից։

Ուսուցիչն ասաց. «Ես երբեք չեմ հանդիպել մի մարդու, որը սիրի առաքինությունն այնքան, որքան կանացի գեղեցկությունը»։

Միջակ ուսուցիչը մեկնաբանում է։ Լավ ուսուցիչը բացատրում է։ Աչքի ընկնող ուսուցիչը ցուցադրում է։ Մեծ ուսուցիչը ոգեշնչում է:

Ժամանակը լավագույն ուսուցիչն է, ցավոք, նա, ով սպանում է իր աշակերտներին։

Գիրքն ուսուցիչ է առանց վարձատրության կամ երախտագիտության։ Ամեն պահ այն ձեզ իմաստության բացահայտումներ է տալիս։ Այն զրուցակից է՝ մաշկով ծածկված ուղեղով, որը լուռ բացահայտում է գաղտնի հարցեր:։

Դպրոցի ուսուցիչները տիրապետում են այնպիսի իշխանության, որի մասին վարչապետները կարող են միայն երազել։

Պատմությունը լավագույն ուսուցիչն է, բայց այն ունի ամենավատ աշակերտները:

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի


Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնած…

«Փաստ». Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ

«Փաստ» թերթը գրում է. ««Թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցած մի շարք ողբերգական իրադարձություններ և հասարակական մեծ հնչեղություն ստացած խորհրդավոր մահեր շարունակում են մնալ հանրության ու մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Պաշտոնական վարկածները, որոնք հիմնականում վերաբերում են «ինքնասպանությանը» կամ «սրտի անբավարարությանը», ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում, քանի որ դեպքերից շատերի պարագայում կյանքից հեռացած անձինք հանդիսանում էին պետական, քաղաքական կամ իրավապահ համակարգի կարևոր վկաներ և առանցքային դերակատարներ:

Այս թեմային, դեպքերի ժամանակագրությանն ու հնարավոր փոխկապակցվածություններին համապարփակ անդրադարձ է կատարել armtribunal.am կայքը՝ ներկայացնելով վերջին տարիներին արձանագրված առավել ուշագրավ դեպքերի վերլուծությունը:

Ժամանակագրական շարքում առաջին հնչեղ դեպքերից էր 2019 թվականի հունվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «լրտեսության» մեղադրանքով դատապարտված լրագրող Մհեր Եղիազարյանի մահը: Պաշտոնական վարկածով, նա մահացավ «սրտի սուր անբավարարությունից», սակայն իրավապաշտպանները պնդում էին, որ նա պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հատկանշական է, որ Եղիազարյանը հայտնի էր ուժային կառույցներում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների վերաբերյալ իր հետաքննություններով:

Նույն թվականի սեպտեմբերի 24-ին Բյուրականում գտնվող իր առանձնատանը գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերվեց ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը: Թեև քրեական գործ հարուցվեց «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, հետագայում այն կարճվեց: Բազմամյա ծառայողական փորձ ունեցող նախկին պաշտոնյան հրաժեշտի գրություն չէր թողել, մինչդեռ նա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր վկաներից մեկն էր:

Ուղիղ երկու ամիս անց՝ նոյեմբերի 28-ին, Ռուսաստանում գտնվող իր մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց Երևանի ոստիկանության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Պաշտոնական վարկածը դժբախտ պատահարն էր, սակայն Կարապետյանը 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման դեպքերի առանցքային վկաներից էր, իսկ նրա անվան շուրջ տարբեր քաղաքական լուրեր էին շրջանառվում:

Խորհրդավոր իրադարձությունները շարունակվեցին 2020 թվականի հունվարի 17ին, երբ Երևանում հրազենային վնասվածքով հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, ինչը պաշտոնապես որակվեց որպես ինքնասպանություն: Կուտոյանը ղեկավարում էր ԱԱԾ-ն 2016-ի ՊՊԾ գնդի գրավման, ինչպես նաև 2018-ի «հեղափոխության» ընթացքում: Նույն տարվա հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին, մահացավ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, իշխանությունների սուր քննադատ Գուրգեն Եղիազարյանը, որը, կորոնավիրուսով վարակված լինելով, հրաժարվում էր հոսպիտալացումից՝ հայտարարելով իր կյանքին սպառնացող վտանգների մասին:

2020 թվականի նոյեմբերին անազատության մեջ կյանքից հեռացավ գեներալ Մանվել Գրիգորյանը, որի ձերբակալությունն ու դրան հաջորդած իրադարձությունները հանրային լուրջ երանգավորում էին ստացել: Նույն նոյեմբերյան իրադարձությունների գիշերը Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կարճ ժամանակ անց հայտնաբերվեց մահացած կամրջի տակ, ինչը հասարակության շրջանում խորացրեց անորոշության ու վախի մթնոլորտը:

Բարձրաստիճան պաշտոնյաների մահվան դեպքերը շարունակվեցին նաև հետագայում: 2022 թվականի հունվարի 1-ին սրտի կաթվածից մահացավ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, որը Դուշանբեի հայտնի «վերելակային բանակցությունների» առանցքային վկան էր: Հատկանշական է, որ դրանից մոտ մեկ տարի առաջ նույնպիսի ախտորոշմամբ կյանքից հեռացել էր նաև ՊՊԾ նախկին ղեկավար Հրաչյա Հարությունյանը:

Ցուցակը լրացրին Արմեն Գրիգորյանի հանկարծամահությունը՝ անմիջապես դատարանի դահլիճում, դատավորների ու դատախազների աչքի առաջ, և ընդդիմադիր քաղաքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը սեփական տան բակում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ընտրություններում տարած հաղթանակից հետո:

Այս բոլոր դեպքերը, համադրվելով մեկ ընդհանուր ժամանակագրության մեջ, հասարակության մեջ ձևավորում են լուրջ մտահոգություններ: Արձանագրված իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական ու իրավական լուրջ նշանակություն ունեցող գործերով առանցքային վկաներն ու դերակատարները հեռանում են կյանքից նախքան վերջնական ցուցմունքներ տալը, ինչը լրջագույն քննության և օբյեկտիվ գնահատականի կարիք ունի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը քանի ինքնասպանության փորձ և քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել, նախարարությունը պատասխանում է՝ այդ հարցին նախարարը պատասխանել է օգոստոսի 24-ին ԱԺ-ում։

Սա, մեղմ ասած, տարօրինակ պատասխան է։

Օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում Պապիկյանը, անդրադառնալով բանակում վերջին շրջանում արձանագրված մահերին, հայտարարել էր, որ Հայաստանի բանակի պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են։ Նա միաժամանակ ասել էր, որ դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մյուս մասը՝ քրեական ենթամշակույթի հետևանք է, և շեշտել էր, որ խնդիրը համակարգային է։

Ավելին՝ նախարարն այդ նույն ճեպազրույցում վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ 2025 թվականին, իր խոսքով, համապատասխան դեպքերի թիվը հասել էր նվազագույնի՝ երկուսի։

Այսինքն՝ նախարարությունը ոչ միայն գիտի խնդրի մասին, այլև ունի վիճակագրություն։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչն է գաղտնի 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածի երկու կոնկրետ թվերում։

«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից չի պահանջել քրեական վարույթների մանրամասներ, զինծառայողների անուններ, անձնական տվյալներ կամ քննության գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Հարցը եղել է պարզ՝ քանի՞ ինքնասպանության փորձ և քանի՞ ինքնասպանության դեպք է արձանագրվել։

Սա հատկապես անհասկանալի է այն ֆոնին, որ օգոստոսի 26-ին ՊՆ-ում արդեն տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի օրակարգում հենց զինված ուժերում ինքնասպանությունների, սպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառներն ու նպաստող պայմաններն էին։

Ի՞նչն է այստեղ գաղտնի

Եթե ինքնասպանությունների խնդիրը, ինչպես ասում է Պապիկյանը, համակարգային մարտահրավեր է, ապա հասարակությունն առավել ևս իրավունք ունի իմանալու գոնե դրա չոր վիճակագրությունը։

Նախ՝ ՔԿ-ն, հիմա՝ ՊՆ-ն

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցով դիմել էր նաև Քննչական կոմիտեին։ Այնտեղից ևս մեզ չտրամադրեցին պահանջվող թվերը։

Բայց հասարակության առջև պատասխանատվությունը միայն զինծառայողին բանակ տանելով չի ավարտվում։

Պետության պատասխանատվությունն այն է, որ զինծառայողը ողջ և առողջ վերադառնա ընտանիք։ Իսկ եթե բանակում ինքնասպանությունների և մահերի խնդիրը համակարգային է, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալ՝ ինչ չափի խնդրի մասին է խոսքը, ինչու է այն տեղի ունենում և առարկայական ինչ է անում պետությունը դրա դեմ։

Պապիկյանը հայտարարել է՝ «ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք»։

Ուրեմն հարցը մնում է՝ ինչպե՞ս է պետությունը պատրաստվում արմատախիլ անել մի երևույթ, որի իրական ծավալը նույն պետությունը հրաժարվում է թվերով ներկայացնել։

Հրապարակային բաց աղբյուրների տվյալներով՝ Ժողովուրդ օրաթերթը այսպիսի տվյալներ ամփոփեց.

Հունվարի 14 – Վահան Պետրոսյան, 18 տարեկան Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Հետագայում ՔԿ-ն վարույթ է հարուցել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով և ձերբակալել ծառայակցին։ Այսինքն՝ սա արդեն միայն «ինքնասպանության վարկած» չէ․ քննությունը տեղափոխվել է ինքնասպանության հասցնելու հարթություն։ Փետրվարի 7 – Դավիթ Մանուկյան, 22 տարեկան, պայմանագրային զինծառայող ՊՆ N զորամասում հայտնաբերվել է նրա դին։ Հրապարակված տվյալներով՝ քննիչների հիմնական վարկածը ինքնասպանությունն էր։ Ապրիլի 14 – Նարեկ Արշակի Հակոբյան, 19 տարեկան, ժամկետային զինծառայող Նուբարաշենի կրակարաններից «Մուրացան» զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է հրազենային վնասվածքից։ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Հունիսի 2 – Արամայիս Գևորգյան, ժամկետային զինծառայող Կապանի զորամասում հայտնաբերվել է նրա դին։ Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն, իսկ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Միաժամանակ նրա հայրը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին։ Հուլիսի 21 – Նարեկ Թորոսյան, 20 տարեկան, ժամկետային զինծառայող Ճամբարակի զորամասում հայտնաբերվել է նրա մարմինը։ ՔԿ-ն երկու ծառայակցի նկատմամբ հետագայում քրեական հետապնդում է հարուցել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Օգոստոսի 12-ին ՊՆ զորամասերից մեկում զինծառայողը կատարել է ինքնասպանության փորձ, սակայն նրա կյանքը հաջողվել է փրկել։ Այդ մասին գրել է ArmLur-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել էր մահը, իսկ մամուլում դեպքը ներկայացվել է որպես ինքնասպանության նախնական վարկած։

Բայց թվարկված դեպքերը պաշտոնական ամբողջական տեղեկություն չեն։ Գուցե կան դեպքեր, որոնք հանրային հնչեղություն չեն ստացել, ուստի չեն էլ հրապարակվել, բայց ՊՆ-ում վստահաբար պետք է այդ վիճակագրությունը արձանագրված և պահպանված լինի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս սոցիալական ցանցերում ակտիվորեն տեսանյութեր են տարածվում, որոնցում փորձեր են արվում ներկայացնել, թե իբր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ճնշումներ են գործադրվել գործարար Հարություն Քնարյանի նկատմամբ:

Մեր տեղեկություններով, Հարություն Քնարյանը, որն իրեն դիրքավորել և գովազդում էր որպես շաքարավազի շուկայում նոր մենաշնորհ ունեցող խոշոր խաղացող, իր բիզնես գործունեության ընթացքում մշտապես ստացել է Հովիկ Աբրահամյանի անմիջական աջակցությունը։ Նախկին վարչապետը միջնորդել է տարբեր գործարարների, բանկերի և գործընկերների, որպեսզի նրան տրամադրվեն անհրաժեշտ միջոցներ՝ բիզնեսը զարգացնելու համար: Սակայն հետագայում ի հայտ է եկել իրական պատկերը. Հարություն Քնարյանը խոշոր պարտքեր է կուտակել իր բոլոր գործընկերների նկատմամբ: Չկարողանալով սպասարկել այդ ահռելի ֆինանսական պարտավորությունները՝ նա ընտրել է շանտաժի, վարկաբեկման և ապատեղեկություն տարածելու ճանապարհը: Այժմ նա փորձ է անում Հովիկ Աբրահամյանի անունը շահարկել իր կուտակած պարտքերի պատմության մեջ:

«Փաստին» չհաջողվեց կապ հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն, մեր տեղեկություններով, նրա փաստաբանական թիմն արդեն իսկ դատական հայց է ներկայացրել ապատեղեկություն տարածող աղբյուրի դեմ: Ինչպես նաև, մեր տեղեկություններով, փաստաբանական թիմը պատրաստվում է դատական պատասխանատվության ենթարկել բոլոր այն լրատվամիջոցներին, էջերին ու հարթակներին, որոնք կտարածեն նմանատիպ զրպարտչական բովանդակությամբ ապատեղեկատվություն:

Ինչ վերաբերում է Քնարյանի իրական ֆինանսական պարտավորություններին, ապա համապատասխան փաստաթղթերի համաձայն, նա ահռելի չափերի պարտքեր է կուտակել տարբեր ընկերությունների և բանկերի առջև: Մասնավորապես, գործարարը «Կումայրի Գրուպին» պարտք է 35 միլիոն դրամ, «Սվիսբանկին»՝ 225 միլիոն դրամ, իսկ «Յունիբանկին»՝ 250 միլիոն դրամ: Բացի այդ, «Արգոբրուտ» ընկերության նկատմամբ պարտքը կազմում է 14,3 միլիոն ռուսական ռուբլի: Գործարարի պարտքերի ցանկն այսքանով չի ավարտվում. ձեթի մատակարարման մասով «CITY» ՍՊԸին նա պարտք է 12,495,000 ռուսական ռուբլի, ցորենի գծով «Բաղրամյան» ՍՊԸ-ին՝ 8,878,320 ռուսական ռուբլի, իսկ շաքարավազի մատակարարման մասով «ALEX AND HOLDING» ՍՊԸ-ին՝ 9,613,782 ռուսական ռուբլի:

Փաստացի, բոլոր ընկերությունների և բանկերի մասով նրա պարտքերի հանրագումարն ու աշխարհագրությունը պարզապես ահռելի են. խոսքը վերաբերում է տասնյակ կազմակերպությունների ու գործընկերների, ինչը ակնհայտորեն փաստում է, որ սեփական խնդիրները մեկ անձի «գրպանը գցելը» էժանագին մանիպուլ յացիա է և կուտակված պարտքերից խուսափելու ձախողված փորձ: Այսպիսով, հերթական անգամ պայթեց տարբեր քարոզչամեքենաների կողմից գովերգված «մենաշնորհ վերացնողի» փուչիկը, և պարզ դարձավ, որ գործ ունենք տարբեր անձանց վստահությունը չարաշահելով հարստացած, շարքային ներքին «խոպանչիներից» մեկի հետ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Գիտնականները պարզել են, թե հեռավար աշխատանքն ինչ անսպասելի թերություն ունի

COVID-19 համավարակից հետո սովորական դարձած հեռավար և հիբրիդային աշխատանքը կարող է խնդիրներ ստեղծել սկսնակ մասնագետների համար, որոնց համար հատկապես կարևոր է սովորել ավելի փորձառու գործընկերներից։ Այդ եզրակացությանն են եկել կանադական Productivity Project-ի նոր զեկույցի հեղինակները։

Այժմ Կանադայի յուրաքանչյուր հինգ բնակչից մոտ մեկը ամբողջությամբ կամ մասամբ աշխատում է հեռավար։ Շատ աշխատակիցների համար դա նշանակում է ավելի շատ ազատություն և ժամանակ՝ գրասենյակ ամենօրյա ուղևորությունների բացակայության շնորհիվ։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ գրագետ կազմակերպված հիբրիդային ձևաչափը կարող է բարձրացնել աշխատակիցների պահպանումը՝ առանց արտադրողականության նվազման։

Սակայն հեռավար աշխատանքի առավելությունները կարող են անհավասարաչափ բաշխվել։ Կարիերայի սկզբում մասնագիտական հմտությունների զգալի մասը ձևավորվում է ոչ թե պաշտոնական թրեյնինգների, այլ դիտարկման, ոչ պաշտոնական շփման և մշտական հետադարձ կապի շնորհիվ։

Նորեկները սովորում են՝ լսելով, թե ինչպես են գործընկերները լուծում խնդիրները, հետևելով նրանց աշխատանքին և հարցեր տալով սովորական զրույցների ընթացքում։ Այդպես աստիճանաբար ձևավորվում են մասնագիտական ինտուիցիան, ինքնավստահությունը, աշխատանքային կապերը և այն ըմբռնումը, թե իրականում ինչպես է կազմակերպությունը գործում։

Ծրագրային ապահովման ինժեներների ուսումնասիրությունը ցույց է տվել, թե որքան կարևոր կարող է լինել գործընկերների ֆիզիկական ներկայությունը։ Այն աշխատակիցները, որոնք նստում էին իրենց թիմի անդամների կողքին, իրենց կոդի վերաբերյալ ստանում էին 18,3%-ով ավելի շատ արձագանք և միջինում ստեղծում էին ավելի որակյալ կոդ։ Էֆեկտը հատկապես նկատելի էր երիտասարդ և պակաս փորձ ունեցող աշխատողների շրջանում։

Կան նշաններ, որ հեռավար աշխատանքը ազդում է նաև աշխատանքի ընդունման վրա։ Միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև 2025 թվականը սկսնակ մասնագետները սկսել են զգալիորեն ավելի փոքր բաժին կազմել նոր աշխատակիցների թվում այն պաշտոններում, որոնք լավ են համապատասխանում հեռավար աշխատանքին։ Արհեստական բանականության ազդեցությունը ստուգելիս այս էֆեկտը գրեթե անհետանում էր, մինչդեռ հեռավար աշխատանքի տարածման հետ կապը պահպանվում էր։

Խնդիրն այն է, որ գործատուների համար ավելի հեշտ է չափել կատարված առաջադրանքների և նախագծերի քանակը, քան հասկանալ՝ արդյոք երիտասարդ աշխատակիցը սովորե՞լ է ինքնուրույն որոշումներ կայացնել, ձևավորե՞լ է մասնագիտական կապեր և ստացե՞լ է անհրաժեշտ փորձը։

Microsoft-ի ավելի քան 61 հազար աշխատակիցների ընդգրկած ևս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ հեռավար աշխատանքի պայմաններում ընկերության ներսում ուժեղացել է աշխատանքը արդեն գոյություն ունեցող մասնագիտական շրջանակներում, իսկ տարբեր խմբերի միջև փոխգործակցությունը դարձել է պակաս ինտենսիվ։ Սկսնակ աշխատակիցների համար սա հատկապես կարևոր է․ նրանք դեռ չունեն լայն կապերի ցանց, որը կարող էր ապահովել տեղեկատվության, խորհուրդների և նոր հնարավորությունների հասանելիություն։

Միևնույն ժամանակ հետազոտողները գրասենյակից հնգօրյա աշխատանքի վերադարձը միակ լուծումը չեն համարում։ Նրանց կարծիքով՝ հիբրիդային ձևաչափը պետք է կազմակերպվի՝ հաշվի առնելով աշխատակիցների մասնագիտական զարգացումը։ Օրինակ՝ երիտասարդ մասնագետների համար կարելի է հատուկ ստեղծել հնարավորություններ մենթորների հետ առերես շփման, հետադարձ կապ ստանալու և ավելի փորձառու գործընկերների աշխատանքին հետևելու համար։

Այսպիսով, հարցը ոչ այնքան այն է, թե արդյոք աշխատանքը պետք է հեռավար լինի, որքան այն, թե ինչպես պահպանել հիբրիդային ձևաչափում ուսուցման և մենթորության այն տեսակները, որոնք նախկինում բնականորեն տեղի էին ունենում գրասենյակում։

Արքայազն Ուիլյամի պատվին անվանել են 3,7 մետրանոց կոկորդիլոս

Ավստրալացի բնապահպան Ռոբերտ Իրվինը արքայազն Ուիլյամի պատվին անվանել է 3,7 մետրանոց ծովային կոկորդիլոսի, որը դարձել է Սթիվ Իրվինի արգելոցի տարածքում իրականացվող հետազոտական նախագծի շրջանակում բռնված և պիտակավորված 300-րդ կենդանին, հաղորդում է Independent-ը։

Իրվինը՝ հայտնի ավստրալացի բնագետ Սթիվ Իրվինի որդին, սոցիալական ցանցերում ներկայացրել է Պրինց Ուիլյամ անունով կոկորդիլոսին։ Նա բացատրել է, որ որոշել է կենդանու անունը նվիրել բրիտանական գահի ժառանգին՝ ի նշան նրա վայրի բնության պաշտպանության ուղղությամբ կատարած աշխատանքի ճանաչման։

«Մենք ցանկանում էինք այս առանձնահատուկ ժամանակակից դինոզավրին անվանել Նորին Թագավորական Մեծություն Ուելսի արքայազնի պատվին», — հայտարարել է Իրվինը։

Կոկորդիլոսը դարձել է տեսակի 300-րդ ներկայացուցիչը, որին հետազոտողները բռնել են Ավստրալիայում այս սողունների լայնածավալ ուսումնասիրման ծրագրի շրջանակում։ Բռնելուց հետո գիտնականները կենդանիների վրա տեղադրում են հատուկ սարքեր և նրանց կրկին բաց են թողնում բնություն։

Արքայազն Ուիլյամին կհետևեն առաջիկա տասը տարվա ընթացքում։ Սենսորները հետազոտողներին թույլ կտան պարզել, թե ինչով է նա սնվում, որքան երկար կարող է մնալ ջրի տակ և ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում նրա մարմնի ջերմաստիճանի վրա։

Օգտագործվող պիտակների տեսակներից մեկը կենդանու գտնվելու վայրի մասին տվյալները փոխանցում է ակուստիկ ազդանշանի միջոցով, որը ֆիքսում են ափամերձ գծի երկայնքով տեղադրված ընդունիչները։ Այլ սարքեր մի քանի ամիսների ընթացքում գրանցում են սուզման խորությունն ու ջրի ջերմաստիճանը, որից հետո անջատվում են կոկորդիլոսից։

Ռոբերտ Իրվինը Earthshot Prize բնապահպանական մրցանակի դեսպանն է, որը հիմնադրել է արքայազն Ուիլյամը՝ գլոբալ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին աջակցելու համար։ Իրվինը նախկինում պատմել էր Ուելսի արքայազնի հետ իր ընկերության մասին և նրան անվանել էր պարզ ու բաց մարդ։

Ավստրալացի բնագետի խոսքով՝ արքայազն Ուիլյամը նույնիսկ զանգահարել էր իրեն Dancing With The Stars շոուի փորձերի ժամանակ՝ հաջողություն մաղթելու համար։ Իրվինը կատակով ասում էր, որ ապագա թագավորի համարը իր մոտ «արագ հավաքման» վրա է։

Ինչու են երիտասարդ սպիտակ շնաձկները հավաքվում Նյու Յորքի ափերի մոտ. գիտնականներն ուսումնասիրում են նրանց խորհրդավոր գոտին

Լոնգ Այլենդի ափերի մոտ հետազոտողները ուսումնասիրում են մեծ սպիտակ շնաձկների աշխարհում հայտնի սակավաթիվ «մանկապարտեզային» գոտիներից մեկը։ Գիտնականները որսում, նշագրում և բաց են թողնում երիտասարդ գիշատիչներին, որպեսզի պարզեն, թե ինչպես են նրանք տեղաշարժվում, որտեղ են սնվում և ինչպես է օվկիանոսի տաքացումն ազդում նրանց վարքագծի վրա։

Հեմփթոնսի մոտ իրականացված արշավներից մեկի ընթացքում ծովային կենսաբան Գրեգ Մեցգերը նավ բարձրացրեց ավազային վագրային շնաձկան երիտասարդ էգի։ Հետազոտողները նրանից վերցրին հյուսվածքների նմուշներ և տեղադրեցին տվյալների հավաքման փոքր սարքեր, ապա կենդանուն բաց թողեցին։ Շնաձկան հաստ մաշկն այնքան ամուր էր, որ բթացրեց վիրաբուժական սկալպելը, որով գիտնականը փոքր կտրվածք էր անում՝ տվիչը տեղադրելու համար։

Հետազոտողները աշխատում են շնաձկների տարբեր տեսակների հետ, սակայն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում մեծ սպիտակներին։ Այս տեսակի ձագերը ծնվելիս արդեն հասնում են մոտ 1,2 մ երկարության և կարող են կշռել մինչև 36 կգ։ Մայրերը չեն խնամում սերունդներին, ուստի երիտասարդ շնաձկները առաջին օրերից ստիպված են ինքնուրույն սնունդ գտնել և խուսափել ավելի խոշոր գիշատիչներից։

Լոնգ Այլենդի համեմատաբար ծանծաղափնյա առափնյա ջրերը նրանց համար հարմար պայմաններ են ստեղծում․ այստեղ շատ ձուկ կա, որով սնվում են երիտասարդ շնաձկները, իսկ խոշոր գիշատիչներն ավելի քիչ են։ Հետազոտողների խոսքով՝ սա մի տեսակ բնական «մանկապարտեզ» է, որտեղ սպիտակ շնաձկներն անցկացնում են կյանքի առաջին տարիները։

Մեծանալուն զուգընթաց շնաձկները շարժվում են ավելի հյուսիս, որտեղ սկսում են որսալ ավելի խոշոր ավար, այդ թվում՝ Քեյփ Քոդի ափերի մոտ գտնվող բազմաթիվ փոկերի գաղութներում։

Սակայն հետազոտողները նշում են շնաձկների վարքագծի փոփոխություններ՝ ջրի տաքացման ֆոնին։ Երիտասարդ սպիտակ շնաձկները սկսել են ավելի վաղ մուտք գործել Նոր Անգլիայի ջրեր, որտեղ կարող են բախվել հասուն առանձնյակների հետ։ Բացի այդ, ամռանը Լոնգ Այլենդի մոտ ավելի ու ավելի հաճախ են հայտնվում ավելի տաք ջրերին բնորոշ տեսակներ, այդ թվում՝ աղվեսաշնաձկներ, սևաթև և ցլաշնաձկներ։

Տեղադրված տվիչները թույլ են տալիս հետևել կենդանիների տեղաշարժերի մասշտաբներին։ Սթոունի Բրուկի համալսարանի ծովային կենսաբան Բրեդլի Փիթերսոնի խոսքով՝ որոշ շնաձկներ տարվա ընթացքում տեղաշարժվում են Լոնգ Այլենդի, Հյուսիսային Կարոլինայի, Ջորջիայի, Ֆլորիդայի և Մեքսիկական ծոցի միջև, ապա վերադառնում Նյու Յորքի ափեր։

Միաժամանակ գիտնականները կարծում են, որ Լոնգ Այլենդում շնաձկների հանկարծակի «ներհոսքի» մասին խոսակցությունները այնքան էլ կոռեկտ չեն։ Նրանց խոսքով՝ այս կենդանիները միշտ էլ բնակվել են տեղական ջրերում, իսկ ավելի նկատելի են դարձել ժամանակակից տեխնոլոգիաների՝ դրոնների, հետևման համակարգերի և սմարթֆոնների համատարած օգտագործման շնորհիվ։

Այս տարածաշրջանում շնաձկների նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն առաջացավ Փիթեր Բենչլիի «Ծնոտներ» վեպի հրապարակումից հետո, որի գործողությունները ծավալվում էին Հեմփթոնսի հորինված առողջարանային քաղաքում։ Գրքի և ֆիլմի ժողովրդականությունը ժամանակին նպաստեց մեծ սպիտակ շնաձկների ակտիվ սիրողական որսին, ինչը լուրջ վնաս հասցրեց նրանց պոպուլյացիային։

Այսօր բնապահպանական միջոցառումները թույլ են տվել վերականգնել սպիտակ շնաձկների և այլ տեսակների թվաքանակը, թեև այն, գիտնականների գնահատմամբ, դեռևս զգալիորեն ցածր է պատմական մակարդակից։ Հետազոտողները հույս ունեն, որ շնաձկների ուսումնասիրությունը կօգնի փոխել վերաբերմունքը այս կենդանիների նկատմամբ և ցույց տալ, որ դրանք անխոհեմ «ուտելու մեքենաներ» չեն, այլ կարևորագույն դեր են խաղում ծովային էկոհամակարգերի պահպանման գործում։

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։ Հերթական դեպքը գրանցվել է Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Օգոստոսի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողել։

Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 ինքնաձիգ, 2 հրացան, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ և փամփշտատուփեր։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։