ԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետ


Քաղաքականություն


ԲԴԽ  նախագահ Արթուր Աթաբեկյանը, ԲԴԽ անդամներ Էդգար Հովհաննիսյանը, Մերի Համբարձումյանը, Երանուհի Թումանյանցը և Անահիտ Աբրահամյանն այսօր ՀՀ ԱԺ-ում հանդիպել են երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած  Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝   Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպմանը մասնակցել են հայ-շվեդական պատգամավորական  աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպմանը քննարկվել է երկու երկրի դատական համակարգերին, դատարանների դերին վերաբերող հարցեր։ 

 

ԲԴԽ նախագահը կարևորել է դատավորների կարողությունների զարգացման ոլորտում Շվեդիայի հետ տարիների համագործակցությունը՝ շեշտելով  «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։ 

 

ԲԴԽ նախագահն ընդգծել է ծրագրի շարունակականության անհրաժեշտությունը:

 

Նա ներկայացրել է  Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով դատական իշխանության անկախության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքներին և դրանց գործնական կիրառությանը։ 

 

Քննարկման առարկա են դարձել նաև դատական համակարգում իրականացվող բարեփոխումները, դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգերը, կարգապահական վարույթների գործնական առանձնահատկությունները, ինչպես նաև՝ արդարադատության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։




Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին


Քաղաքականություն


ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևին: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։

 

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով: Հանդիպումները կշարունակվեն:




Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է | Top-News.am


Ավտո


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը։



Երկիր մոլորակը չի կարող դիմակայել բնակչության աճին


Աշխարհ


Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ Երկիրը չի կարող դիմակայել բնակչության աճին։ Ըստ հետազոտության՝ եթե ներկայիս տեմպերը պահպանվեն, մինչև 2070-ականների վերջը Երկրի բնակչությունը կհասնի 12,4 միլիարդ մարդ, ինչը կդնի մոլորակը կրիտիկական վիճակի մեջ։

Գիտնականներն ընդգծում են, որ Երկիրը չի կարող բավարարել նույնիսկ ներկա բնակչության կարիքները առանց հողի, ջրի, էներգիայի, կենսաբազմազանության և ռեսուրսների օգտագործման հիմնարար վերափոխման։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ Երկրի ապահով և կայուն բնակչությունը մոտ 2,5 միլիարդ մարդ է, ինչը համապատասխանում է 20-րդ դարի կեսի մակարդակին։ Գիտնականները կոչ են անում հասարակությանը վերանայել ռեսուրսների օգտագործման մոտեցումները՝ կանխելու համար ապագայում Երկրի համար աղետալի իրավիճակների առաջացումը։



ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ


Սպորտ


ՖԻՖԱ-ն իր խիստ դժգոհությունն է հայտնել մարտի վերջին կայացած Իսպանիա — Եգիպտոս (0-0) ընկերական հանդիպման ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպերի կապակցությամբ։ Համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմինը արդեն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ։

Բարսելոնայի արվարձանում կայացած խաղի ժամանակ տեղի երկրպագուները նախ սուլել են Եգիպտոսի ազգային օրհներգի ժամանակ, ինչից հետո տրիբունաներից հնչել են ռասիստական և կրոնական խտրականություն պարունակող վանկարկումներ, մասնավորապես՝ «Ով չի ցատկում, մուսուլման է» արտահայտությունը։

Սպասվում է, որ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կկիրառի համապատասխան պատժամիջոցներ, որոնք կարող են ներառել ինչպես ֆինանսական տուգանք, այնպես էլ Իսպանիայի հավաքականի հաջորդ հանդիպումներում հակառասիստական պաստառներ ու կարգախոսներ տեղադրելու պարտադրանք։

Ըստ նախնական տեղեկությունների, առաջիկա խաղերում մարզադաշտը հանդիսականների համար փակելու որոշում չի կայացվի:



Լոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակում


Սպորտ


Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին» (0-1)։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում էր գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն լոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակում։ Մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին (90+1) Կայ Հավերցը, օգտվելով փոխարինման դուրս եկած Գաբրիել Մարտինելիի փոխանցումից, խփեց հանդիպման միակ ու հաղթական գնդակը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։



Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ


Տեսանյութեր


Մադրիդում ընթացող WTA 125 շարքի մրցաշարի 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը երկու սեթում՝ 6:4, 7:5 հաշվով, հաղթեց աշխարհի 146-րդ ռակետ, իսպանացի Անդրեա Լազարո Գարսիային։ Այս մասին հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակիչում Ավանեսյանն այսօր՝ ապրիլի 8-ին, կմրցի աշխարհի 100-րդ ռակետ, բրիտանացի Ֆրանչեսկա Ջոնսի հետ։ Հիշեցնենք, որ որակավորման փուլում Ավանեսյանը հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սելենա Յանիչևիչին և Եկատերինա Կազիոնովային։



Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ


Տեսանյութեր


Մադրիդում ընթացող WTA 125 շարքի մրցաշարի 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը երկու սեթում՝ 6:4, 7:5 հաշվով, հաղթեց աշխարհի 146-րդ ռակետ, իսպանացի Անդրեա Լազարո Գարսիային։ Այս մասին հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակիչում Ավանեսյանն այսօր՝ ապրիլի 8-ին, կմրցի աշխարհի 100-րդ ռակետ, բրիտանացի Ֆրանչեսկա Ջոնսի հետ։ Հիշեցնենք, որ որակավորման փուլում Ավանեսյանը հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սելենա Յանիչևիչին և Եկատերինա Կազիոնովային։



Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարում


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը և Women of Armenia Network-ը կազմակերպել են «Սպորտի կարևորությունը կյանքում» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառումն անցկացվել է Մայրության և գեղեցկության տոնի շրջանակում՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուա Ժակոբը, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, STREET BALL Аrmenia ՀԿ համահիմնադիր Դավիդ Մանոյանը, ոլորտային այլ ներկայացուցիչները:

Պանելային քննարկման բանախոսներն անդրադարձել են սպորտի դերին հասարակական զարգացման մեջ, ինչպես նաև կանանց ներգրավվածությանը և մարզիկների խրախուսմանը։ Անդրադարձ է կատարվել նաև Սպորտի միջազգային օրվան նվիրված համատեղ միջոցառումներին:

Որքանո՞վ է կարևոր կանանց ներգրավվածությունը սպորտում, հատկապես այն մարզաձևերում, որոնք ավանդաբար համարվել են «ոչ կանացի»։ Այդ բաժանումները արդյոք հիմնավորվա՞ծ են, թե՞ պարզապես հասարակական ընկալումների արդյունք են։

Անդրադառնալով վերոնշյալ հարցերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է․ «Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տալիս, թե որքան կարևոր է, որ աղջիկներն ու կանայք չվախենան հասարակական կարծիքներից և կարծրատիպերից, զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարում և որտեղ կարող են հասնել հաջողությունների։ Վերջին երկու տարում Հայաստանի մեդալների ընդհանուր հաշվարկում կին մարզիկների նվաճած մեդալների թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է, որ կանանց ներկայությունն ու ակտիվությունը սպորտում գնալով ավելի տեսանելի են դառնում»։

Նախարարը հավելել է, որ «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հետ համատեղ նոր ծրագիր է նախատեսվում, որի շրջանակում Շիրակի մարզի Փանիկ համայնքում կկառուցվի նրա անունը կրող սպորտային համալիր։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Երևանում կայացած Եվրոպայի հրաձգության առաջնությանը՝ առանձնացնելով արծաթե մեդալակիր Էլմիրա Կարապետյանին, որը, բալիկին սպասելով, մասնակցել է առաջնությանը և զբաղեցրել երկրորդ տեղը․ «Սա ցույց է տալիս, որ կանանց համար սպորտով զբաղվելու որևէ խոչընդոտ չկա, եթե առկա են ցանկություն և նպատակասլաց աշխատանք»։

Ինչպե՞ս կարող է սպորտը դառնալ ոչ միայն մրցակցային ոլորտ, այլև զանգվածային առողջ ապրելակերպի հիմք։ Ի՞նչ արժեքներ է ձևավորում այն, և ինչպե՞ս կարելի է դրանք փոխանցել երիտասարդներին։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է ռազմավարական մոտեցումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խոսել ոչ թե առանձին ծրագրերի, այլ ամբողջական քաղաքականության մասին։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին ընդունվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը, որը վերաբերում է ոչ միայն բարձր նվաճումների սպորտին, այլև զանգվածային ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի զարգացմանը։

Ռազմավարության կարևոր թիրախներից է՝ ապահովել յուրաքանչյուր երեխայի հասանելիությունը նախընտրած մարզաձևին, ինչպես նաև դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի արդյունավետ կազմակերպումը։

Նախարարը նշել է, որ ռազմավարության մյուս կարևոր ուղղությունը ՀՀ բոլոր համայնքներում սպորտային ենթակառուցվածքների հիմնումն է, որի շրջանակում նախարարությունը կարևորում է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև մասսայական սպորտի և զանգվածային միջոցառումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս երեխաներին ինքնադրսևորվելու և հետաքրքրվելու սպորտով։ Նրա խոսքով՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերին նախորդ տարի մասնակցել է ավելի քան 25000 երեխա, իսկ Դպրոցականների բասկետբոլի լիգան ավելի քան 8000 մասնակից է ունեցել։

Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ կրթական համակարգի դերակատարությունը կարևոր է երեխաների սպորտում ներգրավման առումով․ «Կրթական համակարգում երկար ժամանակ առկա են եղել լուրջ խնդիրներ, երբ երեխաներին ոչ թե աջակցել են, այլ հակառակը՝ կոտրել։ Եթե ցանկանում ենք, որ երեխաները հաջողեն սպորտում, գիտության մեջ, մշակույթում կամ իրենց ընտրած այլ ոլորտներում, պետք է դադարենք նրանց վախեցնելուց՝ թե՛ ընտանիքում, թե՛ դպրոցում։ Կարևոր է սովորեցնել, որ սխալվելը բնական է, և յուրաքանչյուր սխալից հետո կարելի է առաջ գնալ՝ ավելի ուժեղ, ավելի փորձառու և ավելի իմաստուն»։

2018 թ. համեմատ սպորտի ոլորտի ֆինանսավորումն ավելի քան քառապատկվել է

ԿԳՄՍ նախարարին ուղղվել է նաև հարց սպորտի ոլորտին հատկացվող պետական միջոցների և մարզիկներին տրամադրվող աջակցության վերաբերյալ։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի սպորտին հատկացվել է ավելի քան 15 միլիարդ դրամ։ Ըստ նրա՝ պետական ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելի քան քառապատկվել է, իսկ մասսայական սպորտին ուղղված հատկացումները հասել են 5.5 միլիարդ դրամի՝ աճելով շուրջ 25 անգամ։

Նախարարը ներկայացրել է նաև մարզիկների աջակցության գործող ծրագրերը․

Անվանական թոշակներ – տրամադրվում են այն մարզիկներին և մարզիչներին, որոնք տվյալ տարում ունենում են բարձր արդյունքներ և հաջորդ տարվա ընթացքում ստանում ամսական խրախուսում։

Պատվովճարներ – նախատեսված են բարձրագույն նվաճումներ ունեցող մարզիկների համար և տրամադրվում են ցմահ՝ ամսական վճարների տեսքով։

Օլիմպիական նպաստներ – ուղղված են օլիմպիական խաղերին պատրաստվող հեռանկարային մարզիկներին, մարզիչներին և մասնագիտական անձնակազմին, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ մարզումների վրա։

Միանվագ պարգևատրումներ – տարվա ընթացքում ցուցադրած բարձր արդյունքների համար մարզիկներին տարեվերջին տրամադրվում են խոշոր դրամական պարգևներ։

Նախարարի խոսքով՝ որոշ մարզիկներ տարբեր ծրագրերի համադրությամբ կարող են ամսական ստանալ մինչև 1 միլիոն դրամ և ավելի վարձատրություն, իսկ տարբեր ծրագրերի, նվաճումների համար տրվող տարեվերջյան խրախուսումները և պարգևատրումները կարող են հասնել մինչև 10 միլիոն դրամի։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականի պատմական հաջողությանը՝ ընդգծելով, որ Կառավարությունը հատուկ որոշմամբ միանվագ պարգևատրել է թիմի մարզիկներին և մարզիչներին՝ գնահատելով նրանց ներդրումը։

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ պետությունը կանգնած է մարզիկների կողքին, և նրանք չպետք է կախված լինեն անհատական աջակցություններից․ «Սպորտում խնդիրները հնարավոր է լուծել միայն դրանց մասին բաց խոսելու և համակարգային աջակցություն ապահովելու միջոցով»։

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը հավելել է, որ որպես մարզիկ՝ շատ լավ հասկանում է ֆինանսական կայունության կարևորությունը։ Նրա խոսքով՝ մարզիկը պետք է չմտածի առօրյա կենցաղային խնդիրների մասին, քանի որ դրանք խլում են մեծ էներգիա։ 2009 թվականի աշխարհի չեմպիոնն իր օրինակով համեմատություն է արել՝ նշելով, որ ներկայում երիտասարդների Եվրոպայի առաջնությունների չեմպիոնն ու փոխչեմպիոնը տարբեր պարգևատրումների շնորհիվ այսօր ավելի բարձր եկամուտ կարող է ունենալ, քան նախկինում մեծահասակների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները։ Ավդալյանի գնահատմամբ՝ սա դրական փոփոխություն է, և պետությունն այսօր զգալիորեն ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում մարզիկներին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ նշելով, որ ոլորտում իրականացվող աշխատանքները տեսանելի են և կարևոր։