«Մայկա-տռուսիկից» մինչև 133 միլիոն. ինչպես է «Եվրոասֆալտը» «փոշիացնում» ՊՆ բյուջեն

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրությունն է ուղարկել «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ին՝ տեղեկացնելով ընկերության հետ կնքված (14․11․2025 թ․), խոշոր պայմանագրի միակողմանի լուծման մասին:

Հիշեցնենք, որ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն երկար ժամանակ գտնվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի տնօրինության ներքո։ Չնայած նա հետագայում պաշտոնապես հեռացել է տնօրենի պաշտոնից, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընկերության տնօրենի փոփոխությունը կարող է լինել ձևական։

Պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր աշխատանքներն ամբողջ ծավալով ավարտել մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը։ Սակայն ՀՀ ՊՆ-ի 2026 թվականի ապրիլի 30-ի պաշտոնական ծանուցումից պարզ է դառնում, որ պարտավորությունների կատարումը եղել է մասնակի և թերի, ինչը հանգեցրել է պայմանագրի միակողմանի լուծման ու ֆինանսական տույժերի և տուգանքների կիրառման։

ՊՆ ծանուցման համաձայն՝ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է կատարել շուրջ 153,6 միլիոն դրամի աշխատանքներ, սակայն մինչև սահմանված ժամկետը փաստացի իրականացրել է միայն մոտ 20,4 միլիոն դրամի աշխատանք։ Այսինքն՝ կատարման ծավալը կազմել է նախատեսվածի մոտ մեկ յոթերորդը։

Ըստ ծանուցման՝ խոսքը գնում է ոչ միայն հարյուր հազարների տուգանքների մասին, այլ նաև՝ տասնյակ միլիոնների ապահովագրական գումարների, որոնք պետք է փոխանցվեն պետական գանձապետական հաշիվներին։ Միաժամանակ նախազգուշացվում է՝ պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը կարող է ընդգրկվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, այսպես ասած՝ «սև ցուցակում»։

Այս պատմության քաղաքական հնչեղությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական չափերով, այլ նաև այն հանգամանքով, որ ընկերությունը հանրային քննարկումներում կապվում է իշխանական շրջանակների հետ։ Հենց այստեղ էլ ողջամիտ հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս է ձևավորվել նման ծավալի պայմանագիր, ինչու՞ է կատարման ցուցանիշը այդքան ցածր, և արդյոք վերահսկողական մեխանիզմները գործել են արդյունավետ։

Նշենք, որ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն ներկայումս ներգրավված է բազմաթիվ դատական վեճերում: Ընկերության վերաբերյալ նախկինում շրջանառվել են տեղեկություններ հնարավոր ֆինանսական դժվարությունների և նույնիսկ սնանկության գործընթացի վերաբերյալ:

Ընկերությունը, որը տարիների ընթացքում պետական պատվերների շրջանակում ներգրավված է եղել զգալի ծավալի աշխատանքներում (որոշ տվյալներով՝ ընդհանուր պայմանագրերի ծավալը հասել է շուրջ 133.8 միլիարդ դրամի), հետագայում փաստացի չի ապահովել ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը։ Բոլորովին զարմանալի չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամներ այս դեպքի վերաբերյալ հրապարակային աղմուկ չեն բարձրացնում։

Սակայն առավել ուշագրավ է պատգամավոր Վահագն Ալեքսանյանի լռությունը, հատկապես հաշվի առնելով նրա նախկին ելույթները, որտեղ նա քննադատում էր նախկին իշխանություններին՝ բանակի մատակարարման խնդիրների վերաբերյալ՝ նշելով, որ իր ծառայության տարիներին, երբ Սեյրան Օհանյանը նախարար էր, բանակն իրեն չի ապահովել տարրական հագուստով՝ մասնավորապես «մայկա-տռուսիկով»։

Այս դեպքը սովորական կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման ցայտուն օրինակ է, որը պետական բյուջեին և ՊՆ-ին հասցրել է միլիոնավոր դրամների վնաս:

Այսպիսով, ՊՆ-ի կողմից «Եվրոասֆալտ»-ին ներկայացվել են ֆինանսական պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն մինչև 2026 թվականի մայիսի 8-ը, հակառակ դեպքում այն կարող է զրկվել պետական գնումներին մասնակցելու իրավունքից։

Հասմիկ Մովսիսյան

Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչպե՞ս են հունիսի 7-ին ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 ՀՀ քաղաքացիները․ այս հարցը վերջին շաբաթներին ուղղել էինք պատկան գերատեսչությանը:

Մեզ ասել էին, որ մի քանի տարբերակ է քննարկվում: Արդարադատության նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ նախնական որոշում են ընդունել, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցները տնային կալանքում գտնվողներին կուղեկցեն ընտրատեղամասեր ու հետ կուղեկցեն իրենց տները:

Մեզ ասացին, որ քննարկվող բոլոր տարբերակներից նախընտրելին հենց սա է համարվել։ Քննարկվում էր նաեւ քվեատուփը տներ տանելու տարբերակը։

Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը։

Հայ-թուրքական սահմանը հունիսի 4-ին կբացվի՞․ թուրքական մամուլը պնդում է, ԱԳՆ-ն՝ հերքում

Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականը «Թուրքիա-Հայաստան կարգավորումն արագացել է․ սահմանային անցկետերը հունիսի 4-ին կարող են բացվել» վերտառությամբ հրապարակում է կատարել՝ անդրադառնալով կարգավորման գործընթացի շրջանակներում ծավալվող զարգացումներին։

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախորդ շաբաթ հայ-թուրքական կարգավորման գործընթացում կարևոր զարգացում է տեղի ունեցել։ Խոսքը ապրիլի 28-ին Կարսում երկու երկրների համատեղ աշխատանքային խմբի հանդիպման մասին է, որի ընթացքում ընդգծվել է Գյումրի-Կարս երկաթուղին հնարավորինս շուտ գործարկելու անհրաժեշտությունը։

Cumhuriyet-ը հիշեցնում է, որ երկու երկրներն իրար կապող միակ երկաթուղին Թուրքիան փակել է այն բանից հետո, երբ Հայաստանը 1993 թվականին «օկուպացրել էր Ղարաբաղը»։ «Նույն տարում, երբ ցամաքային սահմանները փակվեցին, սառեցվեցին նաև դիվանագիտական հարաբերությունները, որոնք լիովին դեռ չէին էլ հաստատվել։ Իսկ 2020 թվականին, երբ Ադրբեջանը կրկին Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատեց, Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթաց նախաձեռնեց։ Եթե երկրների արտաքին գործերի նախարարները կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին»,- կարդում ենք հրապարակման մեջ։

Այնուհետև ընդդիմադիր պարբերականը շեշտել է, որ վերջին շրջանում այս գործընթացին թափ հաղորդեց նախորդ տարի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նշվում է, որ թեպետ Բաքվի վարչակազմը համաձայնագրի վերջնական ստորագրման համար պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ որոշ փոփոխություններ կատարվեն, այնուամենայնիվ օգոստոս ամսից հետո Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր նկատվեցին։ Այդ քայլերի շարքում հիշատակվում են «Թուրքական ավիաուղիների» կողմից Ստամբուլ-Երևան թռիչքների բացումն, ինչպես նաև էլեկտրոնային վիզայի շրջանակի ընդլայնումը։

Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այժմ հայ-թուրքական ցամաքային սահմանը կբացվի, ինչպես նաև կմեկնարկի երկաթուղային հաղորդակցությունը։ «Հայաստանում հունիսի 7-ին ընտրություններ են տեղի ունենալու։ Ըստ հարցումների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջին տեղում է։ Նշվում է, որ ընտրություններից առաջ սահմանային անցակետերի բացումը էլ ավելի կմեծացնի Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցությունը, ով կարևորություն է տալիս տնտեսությանը և Թուրքիայի հանդեպ հաշտեցման լեզուն է կիրառում, իսկ հնարավոր սահմանադրական փոփոխությունները կհեշտացնի»,- գրում է թերթը

Հատկանշական է, որ այս շրջանակներում հայ-թուրքական սահմանային անցակետերի հնարավոր բացման օր է նշվում 2026 թվականի հունիսի 4-ը, ինչը խորհրդանշական բավականին մեծ շերտ ունի։ Թեպետ սա Հայաստանում նշանակված խորհրդարանական ընտրություններից ընդամենը 3 օր առաջ է, այնուամենայնիվ, ըստ թուրքական պարբերականի, այս ամսաթիվը կարևոր է դարձնում այն հանգամանքը, որ 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրության և Հայաստանի դեմոկրատական հանրապետության միջև ստորագրվել է Բաթումի հաշտության պայմանագիրը, որով Օսմանյան կայսրությունը դարձավ Հայաստանի անկախությունը ճանաչող առաջին պետությունը։ Նշվում է նաև, որ հիշյալ համաձայնագիրը դարձավ երկուսուկես տարվա կյանք ունեցած Հայաստանի դեմոկրատական հանրապետության ստորագրած առաջին միջազգային պայմանագիրը։

Հիշեցնենք՝ Բաթումի հաշտության պայմանագրի դրույթները չափազանց ծանր էին Հայաստանի Հանրապետության համար ու առհասարակ կասկածի տակ էին դնում նրա հետագա գոյությունը։ Դրանով Հայաստանի տարածքը կազմելու էր 12 հազար կմ2, բանակի թիվը սահմանափակվում էր, երկաթուղիների վերահսկողությունն անցնում Թուրքիային, իսկ Հայաստանը կարող էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել բացառապես այն երկրների հետ, որոնց հետ թուրքական կողմը չէր պատերազմում։ Այս պայմանագիրը բարեբախտաբար չվավերացվեց ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում, իսկ դրա դրույթները գործեցին մինչև 1918 թվականի հոկտեմբերի վերջ, երբ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։

Հավելենք՝ հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Թուրքիայի ԱԳՆ-ից T24 լրատվամիջոցի հետ զրույցում հերքեցին այն պնդումները, թե ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին։ Անկարայից հայտնել են, որ այս մասով դեռևս հստակ ժամանակացույց չկա՝ հատուկ ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարագանա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Դավիթ Գույումջյան

«Ինչո՞ւ ադրբեջանական օկուպանտ զորքերը դուրս չեն գալիս ՀՀ ինքնիշխան տարածքներից». Ոսկան Սարգսյան

«Ինչո՞ւ ադրբեջանական օկուպանտ զորքերը դուրս չեն գալիս ՀՀ ինքնիշխան տարածքներից». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Չեղած խաղաղությունը սարքել եք ձեր նախընտրական բրենդը։ Եթե Ադրբեջանի հետ կայուն, արդար խաղաղություն է հաստատվել, ինչո՞ւ ադրբեջանական օկուպանտ զորքերը դուրս չեն գալիս ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչո՞ւ Բաքվում շարունակում են տանջել հայ գերիներին, ինչո՞ւ են շարունակ աճում Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի պահանջները։ Բա որ Ադրբեջանի հետ կայուն, արդար խաղաղություն է հաստատված, ինչո՞ւ եք քաղաքացիներին կոչ անում տեր կանգնել խաղաղությանը, այն անտե՞ր է։ Ո՞նց է անտեր, եթե Հայաստանի անվտանգության, այսինքն՝ նաև խաղաղության երաշխավոր եք հռչակել Ադրբեջանին։ Այդ ի՞նչ երաշխավոր է Իլհամ Ալիևը, որ Հայաստան ղազախական անասնակեր ցորեն, պարարտանյութ և սոլյարկա, Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչներ, փոխվարչապետ Շահին Մուսաֆաև է ուղարկում, սակայն ինքը չի մասնակցում, տեսակապով է մասնակցելու Երևանում կայանող եվրոպական քաղաքական ֆորումին։ Պատերազմում պարտված, կապիտուլյացված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը դուր գա պարտությունների, նվաստացումների անվերջ շարքից, մեջքն ուղղի»:

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Փաշինյան

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Փաշինյան

Էմանուել Մակրոնն այցելել է Մատենադարան

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակրոնը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջեց Մատենադարանում և ծանոթացավ ցուցադրված ձեռագրերին:

Նախագահը ծանոթացավ նաև Մատենադարանի ֆրանսիական սրահում ցուցադրված նմուշներին: Ֆրանսիայի նախագահը նաև գրառում կատարեց Մատենադարանի հյուրերի հուշամատյանում:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մեղադրյալի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Մ.-ն 2025 թվականի մայիսի 16-ին կայացած դատական նիստի ժամանակ, նույն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ, վիրավորել է դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին, ինչպես նաև դատական նիստը նախագահող՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին:

Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ. Պապոյանը՝ դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով արտաքին գործերի նախարարի տեղակալ Օմրան Շարաֆին և Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ ձևավորված սերտ գործակցությունը։

 

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ տնտեսության արդիականացման նպատակով։

 

Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը բաց է Էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։

 

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման համար: