Հայ-թուրքական սահմանը հունիսի 4-ին կբացվի՞․ թուրքական մամուլը պնդում է, ԱԳՆ-ն՝ հերքում

Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականը «Թուրքիա-Հայաստան կարգավորումն արագացել է․ սահմանային անցկետերը հունիսի 4-ին կարող են բացվել» վերտառությամբ հրապարակում է կատարել՝ անդրադառնալով կարգավորման գործընթացի շրջանակներում ծավալվող զարգացումներին։

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախորդ շաբաթ հայ-թուրքական կարգավորման գործընթացում կարևոր զարգացում է տեղի ունեցել։ Խոսքը ապրիլի 28-ին Կարսում երկու երկրների համատեղ աշխատանքային խմբի հանդիպման մասին է, որի ընթացքում ընդգծվել է Գյումրի-Կարս երկաթուղին հնարավորինս շուտ գործարկելու անհրաժեշտությունը։

Cumhuriyet-ը հիշեցնում է, որ երկու երկրներն իրար կապող միակ երկաթուղին Թուրքիան փակել է այն բանից հետո, երբ Հայաստանը 1993 թվականին «օկուպացրել էր Ղարաբաղը»։ «Նույն տարում, երբ ցամաքային սահմանները փակվեցին, սառեցվեցին նաև դիվանագիտական հարաբերությունները, որոնք լիովին դեռ չէին էլ հաստատվել։ Իսկ 2020 թվականին, երբ Ադրբեջանը կրկին Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատեց, Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթաց նախաձեռնեց։ Եթե երկրների արտաքին գործերի նախարարները կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին»,- կարդում ենք հրապարակման մեջ։

Այնուհետև ընդդիմադիր պարբերականը շեշտել է, որ վերջին շրջանում այս գործընթացին թափ հաղորդեց նախորդ տարի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նշվում է, որ թեպետ Բաքվի վարչակազմը համաձայնագրի վերջնական ստորագրման համար պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ որոշ փոփոխություններ կատարվեն, այնուամենայնիվ օգոստոս ամսից հետո Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր նկատվեցին։ Այդ քայլերի շարքում հիշատակվում են «Թուրքական ավիաուղիների» կողմից Ստամբուլ-Երևան թռիչքների բացումն, ինչպես նաև էլեկտրոնային վիզայի շրջանակի ընդլայնումը։

Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այժմ հայ-թուրքական ցամաքային սահմանը կբացվի, ինչպես նաև կմեկնարկի երկաթուղային հաղորդակցությունը։ «Հայաստանում հունիսի 7-ին ընտրություններ են տեղի ունենալու։ Ըստ հարցումների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջին տեղում է։ Նշվում է, որ ընտրություններից առաջ սահմանային անցակետերի բացումը էլ ավելի կմեծացնի Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցությունը, ով կարևորություն է տալիս տնտեսությանը և Թուրքիայի հանդեպ հաշտեցման լեզուն է կիրառում, իսկ հնարավոր սահմանադրական փոփոխությունները կհեշտացնի»,- գրում է թերթը

Հատկանշական է, որ այս շրջանակներում հայ-թուրքական սահմանային անցակետերի հնարավոր բացման օր է նշվում 2026 թվականի հունիսի 4-ը, ինչը խորհրդանշական բավականին մեծ շերտ ունի։ Թեպետ սա Հայաստանում նշանակված խորհրդարանական ընտրություններից ընդամենը 3 օր առաջ է, այնուամենայնիվ, ըստ թուրքական պարբերականի, այս ամսաթիվը կարևոր է դարձնում այն հանգամանքը, որ 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրության և Հայաստանի դեմոկրատական հանրապետության միջև ստորագրվել է Բաթումի հաշտության պայմանագիրը, որով Օսմանյան կայսրությունը դարձավ Հայաստանի անկախությունը ճանաչող առաջին պետությունը։ Նշվում է նաև, որ հիշյալ համաձայնագիրը դարձավ երկուսուկես տարվա կյանք ունեցած Հայաստանի դեմոկրատական հանրապետության ստորագրած առաջին միջազգային պայմանագիրը։

Հիշեցնենք՝ Բաթումի հաշտության պայմանագրի դրույթները չափազանց ծանր էին Հայաստանի Հանրապետության համար ու առհասարակ կասկածի տակ էին դնում նրա հետագա գոյությունը։ Դրանով Հայաստանի տարածքը կազմելու էր 12 հազար կմ2, բանակի թիվը սահմանափակվում էր, երկաթուղիների վերահսկողությունն անցնում Թուրքիային, իսկ Հայաստանը կարող էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել բացառապես այն երկրների հետ, որոնց հետ թուրքական կողմը չէր պատերազմում։ Այս պայմանագիրը բարեբախտաբար չվավերացվեց ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում, իսկ դրա դրույթները գործեցին մինչև 1918 թվականի հոկտեմբերի վերջ, երբ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։

Հավելենք՝ հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Թուրքիայի ԱԳՆ-ից T24 լրատվամիջոցի հետ զրույցում հերքեցին այն պնդումները, թե ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին։ Անկարայից հայտնել են, որ այս մասով դեռևս հստակ ժամանակացույց չկա՝ հատուկ ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարագանա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Դավիթ Գույումջյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *