ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կատարվող նվիրատվությունների և նախընտրական հիմնադրամների միջոցների տնօրինման վերաբերյալ

ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցություններին) կատարվող նվիրատվությունների, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, նախընտրական հիմնադրամների միջոցների տնօրինման վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է. 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրազեկում են, որ նախընտրական քարոզչության փուլում շարունակելու են ակտիվ համագործակցությունը՝ ուղղված կուսակցությունների ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Հանձնաժողովների համատեղ վերահսկողական գործիքակազմի կիրառմամբ ապահովվելու է ինչպես ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) օգտին կատարվող նվիրատվությունների, այնպես էլ նախընտրական հիմնադրամներ կատարվող  մուծումների օրինականության մշտադիտարկումը։ 

Հայտնաբերված ցանկացած խախտմանը տրվելու է համարժեք իրավական արձագանք՝ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմամբ։

Ըստ այդմ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ Ընտրական օրենսգիրք) սահմանված՝ նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի հայտարարագրման, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ Կուսակցությունների մասին օրենք) սահմանված՝ կուսակցությունների ֆինանսավորման թույլատրելի աղբյուրներին, սահմանափակումներին և նվիրատվությունների կատարման կարգին։

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ովքե՞ր կարող են նվիրատվություն կատարել կուսակցություններին

Նվիրատվություններ կարող են կատարել միայն ՀՀ քաղաքացիները և միայն կուսակցությանը։ Համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամի հաշվին, բացի կուսակցությունից, որևէ այլ սուբյեկտ մուծում կատարելու իրավունք չունի ։

Նվիրատվության պարտադիր վավերապայմաններ և կատարման կարգ

Նվիրատվություն կատարող անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, ՀԾՀ-ն (հանրային ծառայության համարանիշը) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը և անձը հաստատող փաստաթղթի համարը։

Արգելված նվիրատվություններ (ումից չի թույլատրվում ընդունել նվիրատվություն)

Կուսակցություններին արգելվում է նվիրատվություններ ստանալ հետևյալ սուբյեկտներից.

Օտարերկրյա աղբյուրներից. օտարերկրյա պետություններից, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից:

Իրավաբանական անձանցից. ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից (այդ թվում՝ պետական և համայնքային կազմակերպություններ, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ, ՍՊԸ, ՓԲԸ, բարեգործական, կրոնական կազմակերպություններ և այլն):

Հանրային միջոցներից. պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից (բացառությամբ օրենքով սահմանված պետական ֆինանսավորման):

Անանուն անձանցից. երբ հնարավոր չէ հստակ նույնականացնել նվիրատուին: Մասնավորապես ԿԿՀ-ի կողմից անանուն է դիտարկվում այն նվիրատվությունը, որի վավերապայմանների ստուգմամբ հնարավոր չէ հստակ նույնականացնել նվիրատուին:

4․ Ինչն է համարվում նվիրատվություն

Հստակեցնում ենք, որ նվիրատվությունը միայն ուղղակիորեն դրամական միջոցների տրամադրումը չէ։ «Կուսակցությունների մասին»  օրենքի իմաստով նվիրատվություն են համարվում.

Ուղղակի դրամական աջակցություն. Դրամական միջոցների, ներառյալ փոխառությունների տեսքով նվիրատվությունները,

Անուղղակի դրամական աջակցություն. երրորդ անձի կողմից կուսակցության պարտքի մարումը կամ պարտատիրոջ կողմից պարտքի ներումը կամ այլ գործունեության տեսքով նվիրատվությունները։

Բնեղենով նվիրատվություն. Բացի վերոնշյալից նվիրատվություն են համարվում նաև՝

կուսակցության օգտին անհատույց

աշխատանքների կատարումը,

ծառայությունների մատուցումը,

կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը,

կուսակցությանը գույքի օգտագործման հանձնումը,

նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին

աշխատանքների կատարումը,

ծառայությունների մատուցումը,

կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը,

կուսակցությանը գույքի վարձակալության հանձնումը։

Գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն ցածր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով։ (Օրինակ՝ եթե որևէ ծառայության կամ գույքի շուկայական գինը 100,000 դրամ է, ապա 80,000 դրամը դեռ չի համարվում էականորեն ցածր, իսկ 80,000 դրամից ավելի ցածր գինը՝ համարվում է)։

Հաշվարկ և սահմանաչափ. Բնեղենով ստացված բոլոր նվիրատվությունները ենթակա են գնահատման շուկայական արժեքով։ Դրանց դրամական արտահայտությունը (կամ ձևավորված խնայողությունը) ներառվում է տվյալ նվիրատուի համար օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափի մեջ և պետք է պարտադիր արտացոլվի հաշվետվություններում։

Կարևոր սահմանափակում. Նվիրատվությունը պետք է կատարվի անձամբ։ Յուրաքանչյուր նվիրատու պետք է իրականացնի իր սեփական միջոցների փոխանցումը՝ վերոնշյալ տվյալների պարտադիր նույնականացմամբ։ Եթե նվիրատվությունները հավաքագրվում են այլ անձի կողմից, ապա պետք է կազմվեն համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ տրվեն լիազորագրեր՝ իրենց անունից հանդես գալու նպատակով:

Սահմանաչափեր

Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել 1 մլրդ ՀՀ դրամը, այդ թվում՝ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ 10 մլն ՀՀ դրամը: 

Ֆիզիկական անձը կարող է նվիրատվության առավելագույն սահմանաչափի շրջանակներում նվիրատվություն կատարել մեկ և ավելի կուսակցության:

Կուսակցության առավելագույն՝ 1 մլրդ ՀՀ դրամ սահմանաչափի ստուգման ժամանակ հաշվարկվելու է ամբողջ տարվա ընթացքում ստացված նվիրատվության, անդամավճարի, մուտքի վճարի հանրագումարի և կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ փոխանցված և այդ նպատակով ծախսված գումարների տարբերությունը:

Մեկ տարվա ընթացքում կուսակցության ստացած նվիրատվությունների, մուտքի վճարների և անդամավճարների ընդհանուր առավելագույն սահմանաչափի պահպանվածությունն ստուգվելու է ոչ թե տվյալ տարվա որևէ պահի դրությամբ, այլ՝ տարեկան կտրվածքով:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1․ Ինչպես է ձևավորվում նախընտրական հիմնադրամը

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը համաձայն՝ Ընտրական օրենսգրքի, ձևավորվում է միայն այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից:

2․ Ո՞վ և ի՞նչպես կարող է կուսակցությանն անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով տալ ապրանք, մատուցել ծառայություն

Այն սուբյեկտները, որոնք իրավունք չունեն «Կուսակցությունների մասին» օրենքով նվիրատվություններ կատարել կուսակցություններին, իրավունք չունեն նաև Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքները ու ծառայությունները մատուցել անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով:

ՀՀ քաղաքացիները ընտրություններին մասնակցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքները ու ծառայությունները կարող են անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով տրամադրել միայն համապատասխան կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամ որևէ կուսակցության՝ համապատասխան իրավասությամբ օժտված անձի հետ պայմանագիր կնքելով։

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը կարող է կնքել պայմանագրեր՝ նախընտրական հիմնադրամից կատարվելիք (կատարված) վճարման դիմաց, Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքներն ու ծառայություններ ձեռք բերելու դեպքում»:

Երևանում որ փողոցներն այսօր փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, թե այսօր որ փողոցները փակ կլինեն ավտոմեքենաների երթևեկության համար։

Ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝

Լեոից-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

 Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․

Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ.

Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,

 

Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,

 

Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

 Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝

 Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,

 Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում։

Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտալացվածներ

Մայիսի 3-ին՝ ժամը 03։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։29-ին, մարվել՝ 04։40-ին։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել՝ 2 սենյակները։

Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակաները։

Հրշեջ-փրկարարները տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը հոսպիտալացվել է։

Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած Nissan  մակնիշի ավտոմեքենան։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվել է։

Լրագրողական գործունեությունը պետք է իրականացվի մասնագիտական բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համահունչ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ կարևոր առիթ է վերահաստատելու լրատվամիջոցների առանցքային դերը ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման գործում։ Ազատ, անկախ և բազմակարծիք մեդիան մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է։ 

Մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ ընդգծել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը՝ որպես խոսքի ազատության լիարժեք իրացման հիմնասյուն։

Այդ համատեքստում մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը։ Ընդգծում եմ, որ պետությունը պետք է ձեռնարկի հստակ և նպատակային քայլեր՝ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։

Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել և գործադրել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն լրատվամիջոցների ազատ և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև կկանխարգելեն լրագրողների իրավունքների խախտումները և կապահովեն պատասխանատվության անխուսափելիությունը նման դեպքերում։

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի մասնագիտական բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համահունչ՝ բացառելով ատելության խոսքն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներով։

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի’ ներկայացուցիչներ,

Որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ անելու առավելագույնը ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքի պաշտպանությունն ապահովելու համար։

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում արդյունավետ, ստեղծագործ և արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության»։  

Առաջիկա օրերին խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում. վարչապետ

Սիրելի՛ ժողովուրդ, առաջիկա օրերին խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում: Վաղը տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, և երեկվանից հյուրերը ժամանում են: Մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ են լինելու ՀՀ-ում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:

Վարչապետը տեղեկացրել է՝ հաջորդ օրը տեղի է ունենալու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:

«Ինչպես արդեն տեղյակ եք, մենք նախագահ Մակրոնի հետ նաև այցելելու ենք Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում ժամը 18.00-ից տեղի է ունենալու համերգ ֆրանսիացի և հայ աստղերի մասնակցությամբ»,- հայտնել է նա:

Փաշինյանը տեղեկացրել է՝ տեղի է ունենալու նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, և ճանապարհների փակ լինելն ու անվտանգության միջոցառումները քաղաքացիներին անհարմարություններ են պատճառելու:

Հենց այդ պատճառով, ըստ վարչապետի, մայիսի 4-ը՝ երկուշաբի օրը, հայտարարվել է ոչ աշխատանքային օր: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Գեղաշեն գյուղի սարերում սունկ հավաքելու ընթացքում մոլորվել է․ ՆԳՆ

Մայիսի 2-ին, ժամը 17:01-ին ՆԳՆ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Գեղաշեն գյուղի սարերում սունկ հավաքելու ընթացքում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։  

 

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայր։

Ընտրել ենք շուրջ 20 երիտասարդ առաջնորդների՝ միանալու Yerevan Dialogue Young Fellows 2026 ծրագրին․ ԱԳՆ

Աշխարհի տարբեր անկյուններից ստացված ավելի քան 500 հայտերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ կրում էր նվիրում, գաղափարներ և նպատակ, մենք ընտրել ենք շուրջ 20 երիտասարդ առաջնորդների՝ միանալու «Yerevan Dialogue Young Fellows 2026» ծրագրին, հայտնում են ԱԳ նախարարությունից։

 

«Այս ընտրությունը հեշտ չէր: Ձեր պատմություններից շատերով խորապես տպավորված ենք։

 

Մեր նոր ընտրված մասնակիցներին բարի գալուստ ենք մաղթում։ Սպասում ենք ձեզ տեսնել Հայաստանում։

 

Իսկ բոլոր դիմորդներին՝ շնորհակալություն մասնակցության, ձեր ուղին մեզ հետ կիսելու և ձեր պատմությունները մեզ վստահելու համար։

 

Մնացե՛ք մեզ հետ՝ շուտով կկիսվենք նոր մանրամասներով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Արամ Աբրահամյանը կամ ատում ա իշխանություններին, կամ Տաշիր տեղափոխվելուց հետո անձնագիրը ձեռքից վերցրել են․ Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արամ Աբրահամյանի մոլորակը

Հայաստանում բռնապետություն է։Իրեն օրը մի քանի անգամ սպանում են,կեղեքում,ծեծում են ,կտտանքների ենթարկում ,աքսորում են Սիբիր ,հետո բանտ։

Սրանց արանքներում հասցնում ա օրը մի քանի ստատուս գրի`որտեղ պատմում է թե ինչպիսի բռնապետություն է այսօր Հայաստանում,ինչպես են սպանում ,կեղեքում և ստալինյան ոգով աքսորում Սիբիր։

Իր Առավոտում վաղուց միայն ընդդիմադիր ա կանչում, որպեսզի վերջիններս պատմեն թե ինչպիսի բռնապետություն է Հայաստանում,ոնց են կեղեքում ,կտտում, տանջում և սպառնում ընդդիմադիրներին։

Ստեղ երկու տարբերակ կա

Կամ նա ատում ա իշխանություններին ,իսկ ատելությունը կարա բթացնի ցանկացած մարդու

Կամ Տաշիր տեղափոխվելուց հետո անձնագիրը ձեռքից վերցրել են։

Կամ երկուսը միասին։

Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան:

 

Կառավարությունից հայտնում են՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: