Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար 1.7 միլիոն դրամի տուգանք է նշանակվել

Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող շինարարական ընկերություններում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) տվյալներով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.7 միլիոն դրամ։

ԲԸՏՄ-ն վերահսկողական միջոցառումներն իրականացրել է օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներից փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։

Ստուգայցերի ընթացքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ են արձանագրվել մի շարք շինարարական կազմակերպություններում։ Խախտումներ են հայտնաբերվել «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում, Արա Լևոնի Տեր-Մինասյանի գործունեության վայրում, «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ-ում, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ում, «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ-ում, «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում, «360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ-ում, «ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ-ում, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ում, «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ում, «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում և «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ-ում։

Հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում էին շինհրապարակներում փոշու տարածումը կանխող միջոցների չկիրառմանը։ Մասնավորապես, հղկման աշխատանքների ժամանակ չեն օգտագործվել փոշու արտանետումները կանխող սարքեր, իսկ օդի դրական ջերմաստիճանի պայմաններում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել, շինհրապարակներում առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցներով, որոշ դեպքերում բացակայել են նաև անհրաժեշտ ցանկապատումները։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ խախտումներով իրականացվող աշխատանքներն անհապաղ դադարեցվել են։ Արձանագրված իրավախախտումների վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ պատասխանատու տնտեսավարողների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *