
Այս տարվա մայիսի 20-ին մեր լեգենդար հայրենակցուհի՝ երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգիսյանը, նշեց իր ծննդյան 80-րդ տարեդարձը։ Դեբի Միլմանը TIME-ում ընդարձակ հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաեւ Շերին։ Նա գրել է, որ չորս աշխարհահռչակ կանայք՝ Շերը, Դոլի Փարթոնը, Բարբարա Սթրեյզենդը եւ Դայոն Վորվիքը, որ արդեն թեւակոխել են կյանքի ութերորդ տասնամյակը, քննադատվել են իրենց այն հատկանիշների համար, որոնք նրանց առանձնացնում են բոլորից։ Նրանք չափազանց գյուղական են, չափազանց հրեա, չափազանց միագիծ, չափազանց հավակնոտ, չափազանց համառ կամ արհեստական։
Ու փոխանակ այս որակները նրանք շտկեին, հարթեցնեին, ավելի են ընդգծել ու դարձրել իրենց կարիերային այցեքարտերը։ Այս չորս կանայք ցույց են տվել, որ հատկանիշները, որոնք ժամանակին քննադատությունների կամ ծաղրանքի առիթ են դարձել, ժամանակի ընթացքում եթե ճիշտ են մատուցվում ու «փաթեթավորվում», կարող են դառնալ տարբերանշաններ, այցեքարտ կամ բրենդային նշան։ Այս չորս կանայք իրենց ապրած կյանքով ու անցած ճանապարհով ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հարթել սեփական ուղին ու պահպանել սեփական ես-ը, սեփական ինքնությունը։ Իհարկե, նրանք փոխվել են, զարգացել են, սակայն չեն հրաժարվել իրենց ինքնության հիմնական հատկանիշներից, որոնցով ճանաչելի են դարձել ի սկզբանե՝ նաեւ քննադատվելով դրանց համար։
Եվ հիմա այսօրվա սերնդին հիշեցնում են, որ լավ ապրված կյանքն այն չէ, երբ բոլորին կամ մեծ մասին դուր ես գալիս, հնարավորինս քիչ պահանջներ դնելով շրջապատող աշխարհի առաջ կամ տարիքի հետ դառնալով համեստ, խելոք ու բարեկեցիկ, ոչ մի բանով աչքի չընկնող։ Լավ ապրած կյանքը նրանց համար այն է, երբ ապրում ես ըստ սեփական կանոնների՝ մերժելով ցանկացած հրավեր, որը քեզ կարող էր փոքրացնել, մեղմացնել կամ էլ զրկել սեփական ես-ի թեկուզ ամենափոքր բաղադրիչից։
Այդպիսին է առաջին հերթին Շերը, որը վեց տասնամյակ ապրել է հասարակության ուշադրության կենտրոնում։ Նրա կյանքում եղել է եւ կա ե՛ւ երաժշտություն, ե՛ւ հեռուստատեսություն, ե՛ւ կինո, ե՛ւ քաղաքական մեկնաբանություններ, ե՛ւ նորաձեւություն, ե՛ւ տաբլոիդային մշակույթ, ե՛ւ սիրային հիասթափություններ, ե՛ւ վերամարմնավորումներ, ե՛ւ քննադատություն, ե՛ւ ծաղրանք, ե՛ւ գլամուր, ե՛ւ հաղթանակ ու վայրիվերումներ։ Նա ստացել է «Գրեմմի», «Էմմի», «Օսկար», երեք «Ոսկե գլոբուս» մրցանակներ եւ համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր փոփ-երգչուհիներից մեկը։ Ու, չնայած դրան, նրան հաճախ են անվանել չափազանց արհեստական, չափազանց էքստրավագանտ կամ չափազանց սեքսուալ ու վուլգար, երբեմն էլ՝ չափազանց միագիծ։ Բայց նրա մասին խոսելիս միշտ կիրառել են «չափազանց» բառը։