Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հռչակել ԱՄՆ տարածք. Իրանն արձագանքել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ֆոնին մտադիր է շուտով Հորմուզի նեղուցը հռչակել «Միացյալ Նահանգների տարածք»՝ ևս մեկ անգամ պնդելով, թե ԱՄՆ-ը վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրուղին, հայտնում է USA Today-ը։

Խոսելով Իրանի նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ռազմածովային շրջափակման հաջողության մասին՝ Թրամփն արել է այս հայտարարությունը։ Նրա պնդմամբ՝ այդ շրջափակումը ցույց է տվել, որ Մերձավոր Արևելքում նավթի փոխադրման կարևորագույն ուղիներից մեկը հանդիսացող նեղուցը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից։

«Երբ ավարտենք Իրանի պարտությունը, իսկ նա հիմա շատ ծանր պարտություն է կրում, շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք։ Ըստ էության հենց դա էլ ունենք։ Մենք շրջափակում ենք իրականացնում։ Եթե մենք չենք ցանկանում, ոչ մի նավ չի անցնում»,- օգոստոսի 14-ին Նյու Յորքի Գարդեն Սիթի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցն անցնում է Իրանի ու Օմանի ափերի երկայնքով և կապում է Պարսից ծոցն ու Օմանի ծոցը։ Թրամփը պնդում է, թե Միացյալ Նահանգները նեղուցը բաց է պահում բոլոր առևտրային նավերի համար՝ բացառությամբ Իրանից եկողների։ Նրա խոսքով՝ դա ծանր հարված է հասցրել Իրանի տնտեսությանը, որն էապես կախված է նավթի արտահանումից։

Իրանը, մերժելով նեղուցի վերաբերյալ Թրամփի բնորոշումը, հայտարարել է, որ այն, հակառակը, գտնվում է իր «ամբողջական կառավարման և վերահսկողության» ներքո, և առանց Իրանի թույլտվության որևէ առևտրային նավ չի կարող անցնել այնտեղով։

Թրամփի վերջին հայտարարություններին արագ արձագանքել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակիրով, ո՛չ հրաման արձակելով և ո՛չ էլ նախընտրական ելույթով։ Իրանը ո՛չ սպառնալիքներից է վախենում, ո՛չ էլ ընկրկում է ուժի ցուցադրության առաջ»,- ասված է Ղարիբաբադիի հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *