
«Լեգենդ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը Երեւանի քաղաքապետարանի հայտարարած շինարարական տենդերների մշտական հաղթողներից է, պարբերաբար հայտնվում է երեւանցիների դժգոհությունների կիզակետում:
Վերջին սկանդալային դեպքը գրանցվեց հուլիսի վերջին, երբ ընկերությունը Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կոյուղագծի եւ դիտահորի նորոգման աշխատանքներ իրականացնելիս ծառեր էր հատել: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը բուսական աշխարհին պատճառված վնասը գնահատել է 1,005,000 ՀՀ դրամ եւ գործի նյութերն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ այն դեռեւս քննվում է:
Ընկերության կողմից իրականացվող ջրամատակարարման, ջրահեռացման կամ խողովակաշարերի տեղադրման աշխատանքները հաճախ են ուղեկցվում բակերի զանգվածային ավերումով: «Լեգենդի» իրականացրած «պեղումներից» հետո երեւանյան բակերն ամիսներով մնում են քարուքանդ վիճակում: Բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքում են ամենակուլ փոշուց, որի դեմ պայքարը լցնում է տնային տնտեսուհիների օրը՝ առավոտից երեկո:
Արարատյան 64 շենքի բակում այս վիճակն է արդեն երկու ամսից ավելի:
«Լեգենդ Քնսթրաքշն»-ի բանվորները եկան, տակնուվրա արեցին հին ասֆալտը, փոխեցին կոյուղու խողովակները, գնացին, եւ այժմ բակը կորած է կեղտի ու փոշու մեջ:
Մեր հարցին, թե ինչու չեն շարունակում աշխատանքները, ընկերությունից պատասխանեցին, թե երկու օրից կգան։ «Հերթով, կոյուղին նորոգելով գնում ենք, երեք կամ երկու օրից այդ բակում կլինենք»,- ասաց «Լեգենդ Քնսթրաքշն»-ի աշխատողը: Եվ անցան օրեր՝ 2, 3, 4, 5… «Լեգենդը» չկա ու չկա:
Թե ինչու են նման վարքագիծ ունեցող ընկերությանը կարեւորագույն աշխատանքներ հանձնարարում՝ հայտնի չէ: Այնուամենայնիվ, ՀՀ ֆինանսների նախարարության գնումների պաշտոնական հարթակը (gnumner.minfin.am) ուսումնասիրելիս տեսնում ենք, որ 2025-2026 թվականներին այս ընկերությունը, որից քաղաքացիները միանշանակ դժգոհ են, ունեցել է բարձր տենդերային ակտիվություն:
2025 թվականի օգոստոսին ընկերությունը՝ որպես կոնսորցիումի մաս, խոշոր պայմանագիր է կնքել Գեղարքունիքի մարզի Վարդենիկի եւ Վաղաշենի բժշկական ամբուլատորիաների շինարարական աշխատանքների իրականացման համար: Մեծամորում շուրջ 147 մլն դրամի ասֆալտապատումներ է արել, Արարատում ամբուլատորիա է կառուցել: Ընկերությունը բազմիցս կոմունալ ենթակառուցվածքների, հենապատերի վերանորոգման եւ խողովակաշարերի փոխարինման մրցույթների հաղթող է ճանաչվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից։ Օրինակ՝ դեռեւս 2024 թվականի ապրիլին քաղաքապետարանի հետ կնքվել էր խողովակաշարերի ընդհանուր շինարարական եւ շենքերի կառուցման աշխատանքների պայմանագիր՝ 325 մլն դրամ արժողությամբ:
Բացի հաղթանակներից, եղել են նաեւ դեպքեր, երբ ընկերության հայտերը մերժվել են, ինչպես, օրինակ, Դավթաշեն վարչական շրջանի հենապատերի վերանորոգման մրցույթում:
2019 թվականին հիմնված այս ՍՊԸ-ի տնօրենը մասնագիտությամբ իրավաբան Կարեն Ղալթախչյանն է, որը, սակայն, հրապարակային դեմք չէ եւ սոցցանցերում ակտիվություն չունի: