Ավելի քան 250 օր՝ առանց նավահանգիստ լիարժեք մուտքի. ամերիկյան ավիակիրը հայտնվել է ծառայության պայմանների շուրջ սկանդալի կենտրոնում

Ամերիկացի ռազմական փորձագետներն ու ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանները զգուշացնում են USS Abraham Lincoln ավիակրի անձնակազմի վրա աճող ծանրաբեռնվածության մասին, որը գրեթե ինը ամիս է գտնվում է ծովում և աջակցում է ԱՄՆ գործողություններին Մերձավոր Արևելքում, գրում է The Guardian-ը։

Երկարաձգված տեղակայման ֆոնին հայտնվել են հաղորդումներ կենսապայմանների խնդիրների, բարոյահոգեբանական վիճակի անկման և նավաստիների հոգեկան վիճակի վատթարացման մասին։

Սան Դիեգոյում տեղակայված ավիակիրը նոյեմբերի 21-ին դուրս էր եկել նավահանգստից՝ սկզբում ուղևորվելով Խաղաղ օվկիանոս, սակայն ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկսվելուց հետո այն տեղափոխվել էր Մերձավոր Արևելք։ Ներկայումս նավն անընդմեջ ավելի քան 250 օր անցկացրել է ծովում՝ գրեթե առանց նավահանգիստ լիարժեք մուտքի, իսկ նրա տեղակայման ժամկետը բազմիցս երկարացվել է։

Navy Times-ի և Stars and Stripes-ի տվյալներով, նավում գտնվում է շուրջ 5 հազար զինծառայող։ Հաղորդվում է մատակարարումների և ջրի հետ կապված խափանումների, սանտեխնիկայի խնդիրների, բարոյահոգեբանական վիճակի անկման և անձնակազմի հոգեկան վիճակի վատթարացման մասին։ Լրատվամիջոցները նաև հայտնել են մի քանի դեպքերի մասին, երբ նավաստիները փորձել են ցած նետվել նավից։

Այս հրապարակումները մտահոգություն են առաջացրել ամերիկացի օրենսդիրների շրջանում։ Մի քանի դեմոկրատներ Պենտագոնից պահանջել են պարզաբանումներ ծառայության պայմանների և անձնակազմին ցուցաբերվող աջակցության միջոցների վերաբերյալ։

Սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերում հայտարարել են, որ իրենց մոտ չկան տվյալներ նավում ինքնասպանության մասին մտքերի կամ ինքնասպանության փորձերի վերաբերյալ հաղորդումների թվի աճի մասին։ Ռազմածովային ուժերի ներկայացուցիչը նշել է, որ երկարատև տեղակայումները իսկապես զգալի ծանրաբեռնվածություն են ստեղծում զինծառայողների և նրանց ընտանիքների համար, սակայն ընդգծել է, որ յուրաքանչյուր նավաստու առողջությունն ու բարեկեցությունը մնում են առաջնահերթություն։

Նրա վկայությամբ, ավիակրի վրա հասանելի են բժշկական և հոգեբանական մասնագետներ, կապելլաններ և երկարատև տեղակայման ընթացքում կայունության հարցերով խորհրդատուներ։ Ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ, չնայած պատերազմի պատճառով ավանդական մատակարարման երթուղիների խափանումներին, անձնակազմն ունի մշտական հասանելիություն մաքուր ջրին, գործող օդորակման համակարգին և լիարժեք սննդին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը USS Abraham Lincoln-ում ծանր պայմանների մասին հաղորդումները անվանել է «լիովին խեղաթյուրված»։ Ըստ նրա, ամերիկացի զինվորականներն անում են հնարավոր ամեն ինչ՝ նավերն ու անձնակազմերը անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար։

Սակայն ռազմածովային ուժերի նախկին բարձրաստիճան սպաները կարծում են, որ գրեթե ինը ամիս ծովում անընդմեջ գտնվելը, որի զգալի մասը բաժին է ընկել մարտական պայմաններին, լուրջ փորձություն է անձնակազմի համար։

Ռազմածովային ուժերի նախկին փոխծովակալ Ռոբերտ Մուրեթը նշել է, որ ավիակրի սովորական տեղակայումը տևում է մոտ վեց ամիս և ենթադրում է մուտքեր նավահանգիստներ, որոնք նավաստիներին հնարավորություն են տալիս հանգստանալ և գոնե կարճ ժամանակով լքել նավը։

«Նրանք այս շատ երկար ժամանակահատվածում՝ գրեթե ինը ամիս, գտնվում են ծովում, և դրա զգալի մասը անցկացրել են մարտական պայմաններում՝ Մերձավոր Արևելքում գտնվելու պատճառով։ Սա շատ ծանր է անձնակազմի համար», — ասել է Մուրեթը։

Ռազմածովային ուժերի նախկին նավապետ Արմեն Քուրդյանը, որը 2005 թվականին ծառայել է USS Abraham Lincoln-ում, ավիակիրը համեմատել է «հսկայական լողացող քաղաքի» հետ, որտեղ միաժամանակ ապրում է մոտ 5 հազար մարդ։ Նրա կարծիքով, նավում երկարատև գտնվելն ինքնին հոգեբանական ծանրաբեռնվածություն է ստեղծում, իսկ սարքավորումների մշտական խափանումներն ու մաշվածությունը կարող են լրացուցիչ ճնշում լինել անձնակազմի վրա։

«Նավի վրա երբեք այնպես չի լինում, որ բացարձակապես ամեն ինչ իդեալական աշխատի։ Բայց հարցն ուրիշ է՝ արդյոք դա տեղի է ունենում չափազանց հաճախ»։ — նշել է նա։

Քուրդյանի կարծիքով, հատկապես ծանր է ափ դուրս գալու հնարավորության երկարատև բացակայությունը։ Ըստ նրա, որոշ ժամանակ ցամաքում գտնվելու անհնարինությունն անխուսափելիորեն անդրադառնում է մարդկանց վրա։

Հոգեբանական ծանրաբեռնվածությունը խորացնում է նաև անորոշությունը։ Ռազմածովային ուժերի նախկին դերծովակալ Նենսի Լակորը պատմել է, որ իր ծառայության ընթացքում զինծառայողները գիտեին տուն վերադառնալու ենթադրյալ օրը և կարող էին հոգեբանորեն պատրաստվել դրան։ Իսկ երբ ժամկետներն անսպասելիորեն փոխվում էին, դա դառնում էր լուրջ հարված։

«Ես մինչև հիմա հիշում եմ, թե հոգեբանորեն որքան ծանր էր գիտակցել, որ այն օրը, որին սպասում էիր, անհետացավ», — ասել է Լակորը՝ նշելով, որ USS Abraham Lincoln-ի անձնակազմը բազմիցս բախվել է նման անորոշության։

Ռազմական հոգեբանության մասնագետների համոզմամբ, ընտանիքներից երկարատև բաժանումն ինքնին լուրջ սթրեսային գործոն է, սակայն ծովում ծառայության ավարտի վերաբերյալ անորոշությունը կարող է ուժեղացնել հոգեբանական լարվածությունը։

Վարքաբանական հետազոտությունների փորձագետ Թերի Թանիելյանն ընդգծել է, որ առողջությունը պահպանելու համար զինծառայողներին անհրաժեշտ են ոչ միայն հոգեբանական օգնություն և բժշկական աջակցություն, այլև բավարար քուն, ֆիզիկական վարժություններով զբաղվելու հնարավորություն և կանոնավոր վերականգնում։

USS Abraham Lincoln-ի շուրջ ստեղծված իրավիճակը տեղի է ունենում ամերիկյան ավիակիրների տեղակայման տևողության ընդհանուր աճի ֆոնին։ Ավելի վաղ USS Gerald R. Ford ավիակիրը վերադարձել էր տուն՝ ծառայությունից հետո 326 օր անց, ինչը Վիետնամի պատերազմից ի վեր ամերիկյան ավիակրի ամենաերկար տեղակայումն էր։ Հաղորդվել էր նաև նավում հրդեհի և պարենային պաշարների պակասի մասին։

Այժմ, ըստ Wall Street Journal-ի, ամերիկացի զինվորականները պատրաստվում են USS Abraham Lincoln-ը փոխարինել մեկ այլ ավիակիրով՝ USS George Washington-ով։ Սա թույլ կտա դուրս բերել Lincoln-ը երկարատև տեղակայումից, սակայն հենց այդ որոշումն ընդգծում է այն ծանրաբեռնվածության մասշտաբը, որը կրում են ամերիկացի զինծառայողները Մերձավոր Արևելքում ձգձգվող գործողությունների ֆոնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *