Ֆիլիպինների Ազգային հետաքննությունների բյուրոն (NBI) ազատել է գեղեցկության մրցույթի նախկին հաղթողին և հինգ ռուսաստանցու, որոնց, ենթադրաբար, փորձել են ներգրավել առևտրային սեռական շահագործման մեջ։ Գործողությունն իրականացվել է հինգշաբթի օրը Մակատի քաղաքում, հայտնում է տեղական CDN գործակալությունը։
NBI-ի միջազգային օպերատիվ բաժնի աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել այն բանից հետո, երբ տեղեկություն են ստացել մի խմբի մասին, որը, իբր, կանանց առաջարկում էր սեռական ծառայություններ մատուցելու համար՝ դա ներկայացնելով որպես PR-մոդելինգի և ուղեկցման ոլորտում աշխատանք։
Վեց ենթադրյալ զոհերի թվում եղել են գեղեցկության մրցույթի նախկին հաղթողը, ինչպես նաև մոդելներ և ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներ։ Քննության տվյալներով, կանանց առաջարկել են հաճախորդներին գումարի դիմաց՝ նրանց ծառայությունները քողարկելով որպես ուղեկցում և աշխատանք գովազդի ու մոդելինգի ոլորտում։
Գործողության ընթացքում NBI-ի աշխատակիցները կազմակերպել են վերահսկիչ գործարք։ Գերատեսչության տվյալներով, կասկածյալը համաձայնել է տրամադրել կանանց՝ յուրաքանչյուրի համար 25 հազար ֆիլիպինյան պեսո զեղչված գնով՝ հավելյալ ստանալով միջնորդավճար։
Տղամարդուն ձերբակալել են այն բանից հետո, երբ նա NBI-ի գաղտնի գործող աշխատակցից ստացել է նշված գումարը։
Բոլոր վեց կանայք հանձնվել են Մակատիի սոցիալական ապահովության և զարգացման քաղաքային վարչության պաշտպանության ներքո։ Նրանց կտրամադրվի անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև կիրականացվի հետագա վերականգնողական աշխատանք։
Ձերբակալված կասկածյալն անցել է մինչդատական քննության ընթացակարգը և մեղադրվում է 2012 թվականի Ֆիլիպինների՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ընդլայնված օրենքը խախտելու մեջ։