Բելգիայում բռնկվել է երկրի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհը. ԵՄ-ը ավիացիա է ուղարկել

Բելգիայում երկրի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհի տարածքը Բարձր Ֆեններ բնական արգելոցում հասել է 1 600 հեկտարի, հայտնել է Reuters-ը։

Կրակի դեմ պայքարի համար Եվրոպական միությունն ուղարկել է երեք ուղղաթիռ և երկու ջրցան ինքնաթիռ, հայտնել է ճգնաժամային արձագանքման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լահբիբը։

Հրդեհը Բելգիայի ամենախոշոր բնական արգելոցում սկսվել է ուրբաթ։ Կրակի դեմ փորձում են պայքարել տեղի հրշեջները, ֆերմերները և զինծառայողները։ Շաբաթ օրվա դրությամբ հրդեհի տարածքը հասել է 1 600 հեկտարի, սա նոր ազգային ռեկորդ է։ Նախորդ ամենախոշոր անտառային հրդեհը տեղի էր ունեցել 2011 թվականին և ոչնչացրել էր մոտ 1 400 հեկտար անտառ։

Քամու ուղղության փոփոխության և ուժեղ ծխամշուշի պատճառով Լիեժ նահանգի իշխանությունները շաբաթ օրը կարգադրել են տարհանել որոշ բնակավայրերի բնակիչներին։ Զբոսաշրջիկներին նույնպես խորհուրդ է տրվել լքել վտանգավոր շրջանը։ Սուրբրոդտ գյուղի բնակիչներին հանձնարարվել է պատրաստվել հնարավոր տարհանման։

Բացի այդ, տարածաշրջանից սկսել են դուրս բերել ամառային ճամբարի երեխաներին։

ԵՄ ուղարկած օդային միջոցները ժամանել են Չեխիայից, Շվեդիայից և Նիդեռլանդներից։ Եվրոպական միությունը համակարգում է երկրների միջև լրացուցիչ ռեսուրսների տեղափոխումն արտակարգ օգնության մեխանիզմի շրջանակում, որի դեպքում որևէ պետություն աջակցություն է խնդրում։

Հրդեհը բռնկվել է ամռան սկզբից ի վեր շոգի հինգերորդ ալիքի ֆոնին, որը պատել է եվրոպական երկրները, այդ թվում՝ Բելգիան։ Գիտնականները նշել են, որ կլիմայի փոփոխությունը մեծացնում է շոգ և չոր եղանակի հավանականությունը, որի պայմաններում անտառային հրդեհներն ավելի արագ են տարածվում և ավելի երկար են շարունակվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *