
Պոեզիայում կան անուններ, որոնք արդեն վաղուց դադարել են սոսկ անձնանուններ լինելուց եւ դարձել են գրական պերսոնաժներ։ Վերածվել են սիմվոլների՝ ամուր իրենց տեղը գրավելով մշակույթում, գրականության մեջ, մարդկանց հիշողություններում, դարձել երբեմն նույնիսկ առանձին գրողների այցեքարտը կամ բրենդի նման մի բան։ Ռուսական պոեզիան այս առումով բացառություն չէ։
«Շահանե» կանացի անձնանունը լսելիս շատերն ակամա հիշում են Սերգեյ Եսենինին, նույնիսկ եթե ստեղծագործության հետ ծանոթ չեն։ Իրականում, Շահանեն Եսենինի «Պարսկական մոտիվների» արեւելյան խորհրդավոր գեղեցկուհին է, թվում է՝ պարսկուհի, որին նվիրել է բանաստեղծությունը։ Սակայն պատմական իրականությունը թերեւս ավելի հետաքրքիր է ու ինտրիգային, քան գրական միֆը։ Եսենինի «Շահանեի» հետեւում իրոք եղել է իրական կին՝ հայուհի։ Շահանե Ներսեսի Տալյանը։ Նա եղել է ուսուցչուհի։ Ապրել է Բաթումիում։ Հեռու-հեռավոր 1924 թվականին ռուս բանաստեղծի եւ Շահանե Տալյանի հանդիպումը դարձել է այն կենսական ազդակը, որը եւ դրդել է բանաստեղծին՝ ստեղծելու հայտնի գործը։ Սակայն միաժամանակ չի կարելի պնդել, թե քնարական հերոսուհի «Շահանեն» միայն մեկ կնոջ կերպար է։
Իրական Շահանե Տալյանը եղել է միայն մեկնարկային կետը, որն աստիճանաբար դարձել է գրական կերպար։ Իսկ այդ կերպարի մեջ արդեն ընդելուզվել են արեւելյան պոեզիայի ավանդույթն ու Եսենինի հիշողությունները։ Համաձայն Շահանե Տալյանի հիշողությունների, իր եւ Եսենինի հանդիպումը կայացել է 1924 թվականի դեկտեմբերին՝ Բաթումիում, երբ այդ քաղաք է ժամանել ռուս մեծ բանաստեղծը։ Նա այդ ժամանակ երիտասարդ կին է եղել, աշխատել է դպրոցում՝ որպես ուսուցչուհի, բնակվել քրոջ՝ Կատյայի հետ։ Ծանոթությունը կայացել է ընդհանուր մտերիմ մարդկանց միջոցով։ Տալյանը նկարագրում է, որ դասերից հետո տեսել է Եսենինին, ապա՝ ծանոթացել նրա հետ ընդհանուր ծանոթի՝ Ելիզավետա Յոֆեի բնակարանում։ Ծանոթությանը հետեւել են նոր հանդիպումներ եւ զբոսանքներ։ Տալյանը հատկապես հիշում է մի դրվագ իրենց հանդիպումներից։ Նկարագրել է այդ օրվա եղանակը՝ մռայլ, ծովի վրա սկսվող փոթորիկը։ Բանաստեղծն առաջարկել է զբոսնել բուլվարով եւ կարդալ իր բանաստեղծություններից մեկը։ Այդ ժամանակ էլ կարդացել է «Շահանե, դու իմ Շահանե» բանաստեղծությունը, իսկ հետո՝ երկու թղթի թերթերը, որոնց վրա գրված է եղել բանաստեղծությունը, Եսենինն իր ստորագրությամբ փոխանցել է կնոջը։ Գրականության ոլորտի մասնագետները սա համարում են շատ կարեւոր դրվագ, քանի որ այն վկայում է պատմական վավերականությունը, որն ավելի կարեւոր է, քան գրական միֆը, որը կարող էր ձեւավորված լինել արդեն տասնամյակներ անց։
Մասնագետները պարզել են նաեւ Շահանե Տալյանի կենսագրությունը։ Նա ծնվել է 1900 թվականի ապրիլի 22-ին, Ախալցխեում՝ Ներսես Համբարձումյանի եւ Մարիամ Կարակաշյանի ընտանիքում։ Տալյան ազգանունը կրել է ավելի ուշ։ Որոշ փաստաթղթերում կրել է ամուսնու ազգանունը՝ Տերտերյան։ Դժվար է ասել՝ նրանց միջեւ սիրավեպ եղել է, թե ոչ։ Կան մասնագետներ, որ այդ մասին վկայում են, կան մասնագետներ, որ՝ ոչ։ Ակնհայտ է, որ, ամեն դեպքում, փոխադարձ հետաքրքրություն եւ համակրանք, գուցե նաեւ որոշակի կապ՝ որոշակի ժամանակով, եղել է։ Սակայն չենք պնդի, թե դա կարելի է բուռն սիրավեպ անվանել, նաեւ չենք հերքի՝ անցյալի սիրային ուրվականները թողնելով անցյալին։ Շահանե (հայկական բուն հնչողությամբ՝ Շահանդուխտ) Տալյանն ապրել է երկար ու պահպանել է հիշողությունները Եսենինի մասին՝ դառնալով մեծ բանաստեղծի արեւելյան մոտիվներով շարքի քնարական հերոսն ու նաեւ ներշնչանքի աղբյուրը։