Մարիխուանա՝ թղթի փոխարեն. Հունաստանում բացահայտել են Թուրքիա 325 կգ թմրանյութերի մատակարարման ալիքը

Հունաստանի ոստիկանությունը՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի իրավապահ մարմինների հետ համատեղ, կասեցրել է միջազգային խմբավորման գործունեությունը, որը զբաղվում էր մարիխուանայի տեղափոխմամբ Ալբանիայից Թուրքիա, հայտնում է Kathimerini-ն։

Թմրանյութերը տեղափոխում էին բեռնատարներով՝ ներկայացնելով որպես վերամշակման համար նախատեսված թափոններ։

Գործողության շրջանակում Սալոնիկի շրջանում ձերբակալվել է երկու մարդ։ Բեռնատար ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերել են մոտ 325 կգ մարիխուանա, որը թաքցված էր վերամշակման համար նախատեսված թղթի և ստվարաթղթի ութ պալետներում։ Առգրավված խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատվում է ավելի քան 700 հազար եվրո։

Քննության տվյալներով, հանցավոր կազմակերպությունն օգտագործում էր միջազգային բեռնափոխադրումները՝ թմրանյութերը Ալբանիայից Հունաստանի տարածքով Թուրքիա հասցնելու համար։ Մարիխուանան թաքցնում էին վերամշակվող նյութերով օրինական բեռների ներսում՝ հույս ունենալով այդ կերպ խուսափել երթուղու ընթացքում ստուգումներից։

Ձերբակալվածներն օտարերկրյա քաղաքացիներ են։ Հյուսիսային Մակեդոնիայի իրավապահ մարմինների տվյալներով, նրանցից մեկն իրենց երկրի քաղաքացի է, երկրորդը՝ Կոսովոյի քաղաքացի։

Խմբավորման ևս մեկ ենթադրյալ մասնակցի նկատմամբ տրվել է ձերբակալման օրդեր։ Հետաքննական գործողությունները շարունակվում են Հունաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում և Կոսովոյում՝ անդրազգային ցանցի մյուս մասնակիցներին և մատակարարումների կազմակերպման մեջ նրանց հնարավոր դերը պարզելու համար։

Գործողությունը երկարատև հետաքննության և երեք երկրների իրավապահ կառույցների միջև տեղեկատվության փոխանակման արդյունք էր։ Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է՝ սխեմայի բոլոր մասնակիցներին բացահայտելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *