Հազարամյակներ առաջ հյուսիսային Կոլումբիայի բնակիչները ստեղծել են նախակոլումբիական Ամերիկայի ամենախոշոր հիդրոտեխնիկական համակարգերից մեկը՝ կազմակերպելով լայնածավալ աշխատանքներ առանց կենտրոնացված իշխանության և հարկադրանքի։ Այս եզրակացությանն են եկել Քեմբրիջի համալսարանի հնագետները և Կոլումբիայից ու Իսպանիայից նրանց գործընկերները։
Լա Մոխանա շրջանում՝ Կարիբյան ծովափին, ջրանցքների և գյուղատնտեսական դաշտերի համակարգը զբաղեցնում էր մոտ 500 հազար հեկտար տարածք՝ տարածքով համեմատելի Գրանդ Կանյոն ազգային պարկի հետ կամ մոտավորապես երեք անգամ մեծ, քան Լոնդոնի մակերեսը։ Այն օգտագործվել է մ.թ.ա. առաջին դարերից մինչև մոտավորապես XI դարը։
Մինչև այժմ համարվում էր, որ այսպիսի բարդ ենթակառուցվածքի կառուցումը պահանջում էր խիստ հիերարխիա և հզոր կառավարիչների մասնակցություն, որոնք ունակ էին կազմակերպել հազարավոր աշխատողների։ Սակայն Communications Sustainability-ում հրապարակված հետազոտությունը մատնանշում է մեկ այլ մոդել․ տեղական համայնքները կարող էին ինքնուրույն համակարգել աշխատանքները և համագործակցության հիման վրա խմբերի միջև ստեղծել լայնածավալ կառույցներ։
Արբանյակային պատկերների օգնությամբ գիտնականները մանրամասն ուսումնասիրել են Սուկրե դեպարտամենտի Սան Մարկոս մունիցիպալիտետում գտնվող մոտ 500 հեկտար մակերեսով մի հատված։ Նրանք գրանցել են 1,6 հազար բարձրացված դաշտերի և 63 հարթակների չափսերն ու ծավալը, որոնց վրա գտնվում էին բնակավայրերը։

Հետազոտողները մշակել են աշխատուժի ծախսերի հաշվարկման մեթոդ և եկել այն եզրակացության, որ ջրանցքների ու հողաշերտերի նման մեկ համալիր կարելի էր կառուցել երկու ամսից էլ պակաս ժամանակում՝ մոտավորապես չոր սեզոնի կեսի ընթացքում։
Հաշվարկների համար գիտնականները ելել են մոտ 1,6 հազար բնակչությունից և 800 հոգանոց հնարավոր աշխատուժից։ Միաժամանակ նրանք հաշվի են առել տեղափոխված հողի ծավալը, տեղական երկրաբանության առանձնահատկությունները, բնակչության խտությունը, հասանելի տեխնոլոգիաները և հողագործության ավանդական եղանակները։ Աշխատանքը բարդացնում էր ծանր կավային հողը, իսկ տարածաշրջանում այն ժամանակ մետաղական բահեր չկային։
Համակարգը միաժամանակ կատարում էր մի քանի գործառույթ։ Ուժեղ անձրևների ժամանակ ջրանցքները հեռացնում և վերաբաշխում էին ջրի մեծ ծավալներ, իսկ չոր ամիսներին օգնում էին պահպանել խոնավությունը։ Բարձրացված դաշտերը պաշտպանում էին գյուղատնտեսական հողերը հեղեղումներից և միաժամանակ ստեղծում էին ավելի բերրի տարածքներ մշակաբույսերի աճեցման համար։ Ջրանցքները կարող էին օգտագործվել նաև ձուկ որսալու համար։
Գիտնականների կարծիքով, ստացված տվյալները փոխում են պատկերացումները Լա Մոխանայի հնագույն բնակիչների հասարակական կառուցվածքի մասին։ Չնայած ենթակառուցվածքի մասշտաբին, տարածաշրջանում չկան պետության կամ կենտրոնացված իշխանության գոյության համոզիչ վկայություններ։ Հետազոտողները կարծում են, որ տեղական համայնքները կարող էին հորիզոնական սկզբունքով կազմակերպել բարդ նախագծեր՝ առանց միասնական իշխանի։
«Մեր տվյալները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս», — նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Ջասմին Վիերին Քեմբրիջի համալսարանից։ Ըստ նրա, տեղական համայնքները կարող էին ինքնուրույն կազմակերպել նման համակարգերի կառուցումը շատ կարճ ժամանակում։
Գիտնականները կարծում են, որ Լա Մոխանայի հնագույն բնակիչների փորձը կարող է օգտակար լինել նաև ժամանակակից Կոլումբիայի համար, որը միաժամանակ բախվում է ջրհեղեղների և երաշտների։ Ներկայումս իշխանությունները հաճախ փորձում են զսպել ջուրը ամբարտակների օգնությամբ, սակայն դրանք բազմիցս ավերվել են։
Մասնավորապես, Կարեգատո ամբարտակը 2021 թվականից ի վեր մի քանի անգամ ճեղքվել է՝ վնաս պատճառելով տեղի բնակիչներին և էկոհամակարգերին։ Հետազոտողները ենթադրում են, որ ջրի կառավարման հին սկզբունքների վերականգնումը՝ ժամանակակից պայմանների հաշվառմամբ, կարող է օգնել տեղական համայնքներին հաղթահարել կլիմայի փոփոխության հետևանքները։
Գիտնականների համոզմամբ, պետական աջակցությունն այս դեպքում կարող է անհրաժեշտ լինել, սակայն նման նախագծերի անմիջական կենտրոնացված կառավարումը պարտադիր չէ։ Հին համակարգը ցույց է տալիս, որ խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են լինել տեղական բնակիչների կոլեկտիվ գործողությունների արդյունք։