Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) նախարարները պատրաստել են ծայրահեղ շոգի և երաշտի հետևանքների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, հաղորդում է Tagesschau-ն։
Փաստաթղթում, որը ներկայացվել է ռեկորդային ջերմաստիճանների և ջրի պակասի ֆոնին, մասնավորապես առաջարկվում է փոփոխել երկրի Հիմնական օրենքը, որպեսզի ամրագրվի դաշնային իշխանությունների, երկրամասերի և համայնքների համատեղ պատասխանատվությունը կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար։
Ծրագրի հեղինակները նշում են, որ կլիմայական փոփոխությունների հետևանքները Գերմանիայում դառնում են ավելի ու ավելի նկատելի։ Շոգից և երաշտից բացի, երկիրը բախվում է անտառային հրդեհների, գետերի ծանծաղման, ջրի պակասի, հորդառատ անձրևների և ջրհեղեղների։
Հիմնական առաջարկներից մեկը Սահմանադրության մեջ «կլիմայի փոփոխությանը հարմարվելու և բնության պահպանության համատեղ խնդրի» մասին դրույթի ներառումն է։ ՍԴԿ նախարարների կարծիքով, դա թույլ կտա դաշնային կառավարությանը մշտական և իրավաբանորեն երաշխավորված հիմքով մասնակցել այն նախագծերի ֆինանսավորմանը, որոնք վերաբերում են երկրամասերի և համայնքների իրավասությանը։
Առաջարկն արդեն տարաձայնություններ է առաջացրել իշխող կոալիցիայի ներսում։ ՔԴՄ/ՔՍՄ միությունը նախկինում հանդես էր եկել Հիմնական օրենքը փոխելու դեմ։ Շրջակա միջավայրի հարցերով ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության փոխնախագահ Կլաուս Մակը հայտարարել է, որ նախ անհրաժեշտ է հստակ սահմանել իշխանության տարբեր մակարդակների լիազորությունները և բացատրել, թե ինչ լրացուցիչ օգուտ կտա սահմանադրական փոփոխությունը՝ արդեն գոյություն ունեցող ֆինանսավորման մեխանիզմների համեմատությամբ։
ՍԴԿ ծրագիրը նախատեսում է նաև շոգից պաշտպանության համազգային ծրագրի մշակում և մի շարք անհետաձգելի միջոցառումներ։ Մասնավորապես, առաջարկվում է միավորել գործող դաշնային ֆինանսավորման ծրագրերը և միջոցներն ուղղել ծերանոցների ու հիվանդանոցների բարձր ջերմաստիճաններին հարմարեցմանը, շենքերի արդիականացմանը և դրանց գերտաքացումից պաշտպանությանը։
Առանձին ուշադրություն է դարձվում աշխատողների պաշտպանությանը ծայրահեղ շոգից, ինչպես նաև հարմարվողականության բնական միջոցառումներին՝ գետերի, ճահիճների և այլ էկոհամակարգերի վերականգնմանը։
ՍԴԿ-ում ընդգծում են, որ տեղի ունեցողի տնտեսական հետևանքներն այլևս հնարավոր չէ անտեսել։ Փաստաթղթի համաձայն, Գերմանիան մինչարդյունաբերական ժամանակաշրջանից ի վեր տաքացել է մոտ 2,5 աստիճանով, իսկ Եվրոպան ընդհանուր առմամբ տաքանում է աշխարհի մյուս տարածաշրջաններից ավելի արագ։