Իսրայելը ի վիճակի չէ ինքնուրույն պատերազմ վարել Իրանի դեմ և հակամարտության մեջ է մտել բացառապես ԱՄՆ-ի աջակցությամբ՝ փաստացի հանդիսանալով Վաշինգտոնի և Արևմուտքի «պրոքսի ուժը»։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան ներկայացուցիչ և քաղաքական վարչության պետի տեղակալ բրիգադային գեներալ Յադոլլահ Ջավանին, հաղորդում է Mehr-ը։
Ջավանիի խոսքով՝ բարձրագույն հրամանատարության վերջին նշանակումները արտացոլում են Իրանի պաշտպանական դոկտրինի նկատմամբ «տրանսֆորմացիոն» մոտեցումը։ Նոր ղեկավարները, որոնք իրանա-իրաքյան պատերազմի վետերաններ են, ավագ հրամանատարների զոհվելուց հետո մարտում ապացուցել են իրենց արդյունավետությունը։
Նա նշել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեի նշանակումների մասին հրամանագրերը պարունակում են ներկա պայմաններին հարմարեցված ձևակերպումներ։ Որպես հեռատես մոտեցման օրինակ՝ նա վկայակոչել է «Բասիջ» ուժերի ղեկավարի պաշտոնում Հոջաթոլէսլամ Հոսեյն Թաեբի նշանակման հրամանագրի դրույթները, ներառյալ «հետախուզական ցանց» և «յուրաքանչյուր իրանցի՝ Բասիջի մարտիկ» հասկացությունները։
Ջավանին ընդգծել է, որ գեներալ-մայոր Ահմադ Վահիդիի գլխավորությամբ ԻՀՊԿ-ի հրամանատարության առջև դրված է «առավելագույն զսպում» ապահովելու և նոր դիրքավորում ձևավորելու խնդիր, որի դեպքում պաշտպանական գործողությունները կարող են նաև հարձակողական բնույթ ստանալ։
«Մենք երբեք պատերազմի նախաձեռնողը չենք եղել, սակայն քանի որ գտնվում ենք հակամարտության էպիկենտրոնում, և թշնամին հնարավորություններ է փնտրում, հակառակորդը պետք է դասեր քաղի այս հրամանագրերից և դրանց ուղերձներից. մեր զինված ուժերն անցնում են տրանսֆորմացիոն մոտեցումների», — հայտարարել է Ջավանին։
«Թշնամին պետք է իմանա, որ չի կարողանա մեր դեմ անակնկալ գործողություններ իրականացնել և մեզ անակնկալի բերել։ Հնարավոր է՝ հենց նա պետք է սպասի ռազմավարական անակնկալների», — հավելել է նա։