Ինդոնեզական հեռավոր կղզիներից մեկում հնագետները հայտնաբերել են մոտ 4 հազար տարվա նկարազարդ քարե սալիկ, որն ավստրոնեզական գեղանկարչական ավանդույթի շարժական արվեստի ամենահին հայտնի նմուշն է։ Դրա վրա պատկերված են կենտրոնաձիգ կարմիր շրջաններ՝ արև հիշեցնող ճառագայթներով։
Գտածոն արվել է հետազոտողների միջազգային խմբի կողմից՝ Արևելյան Ինդոնեզիայի Վետար կղզում գտնվող Հուքնաուր ժայռապաստարանի պեղումների ժամանակ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Ավստրոնեզական գեղանկարչական ավանդույթը հայտնի է Արևելյան Ինդոնեզիայում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում տարածված ժայռապատկերներից՝ հիմնականում այն շրջաններից, որտեղ խոսում են ավստրոնեզական լեզուներով։ Սակայն նման նկարների մեծ մասն արված է անմիջապես քարանձավների ու ժայռապաստարանների պատերին, ինչի պատճառով էլ դրանց հստակ տարիքը որոշելը բարդ է։
Վետարի քարե սալիկը դարձել է հնագիտորեն հաստատված առաջին գտածոն, որը ցույց է տալիս, որ բնորոշ պատկերներն արվում էին ոչ միայն անշարժ մակերեսներին, այլև տեղափոխելու համար նախատեսված իրերի վրա։
Այն շերտի ռադիոածխածնային վերլուծությունը, որում գտել են սալիկը, ցույց է տվել, որ այն պատրաստվել է մոտ 4090–3900 տարի առաջ։ Սա այն շրջանն է, երբ ավստրոնեզական ժողովուրդներն ակտիվորեն բնակեցնում էին Հարավարևելյան Ասիայի կղզիներն ու Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածը։
Հետազոտողները ենթադրում են, որ նման շարժական խորհրդանիշները կարող էին ունենալ սոցիալական և ծիսական կարևոր նշանակություն։ Ի տարբերություն քարանձավի պատի նկարի՝ նման առարկան կարելի էր վերցնել ճանապարհորդության, փոխանցել մեկ ուրիշի կամ տանել մեկ այլ կղզի։
Հնագետների խոսքով՝ խորհրդանիշները կարող էին արտահայտել ընդհանուր ինքնություն, պատկանելություն որոշակի խմբի կամ աշխարհընկալման պատկերացումներ։ Արև հիշեցնող նմանատիպ պատկերներն ավելի ուշ հանդիպում էին նաև նավակների ու այլ առարկաների վրա և կարող էին ծառայել որպես պաշտպանության ու խմբային պատկանելության նշաններ։
Հատկապես կարևոր է գտածոյի տեղը։ Սալիկը հայտնաբերվել է այնպիսի շերտում, որտեղ կավագործական իրեր դեռ չկային։ Սա նշանակում է, որ Վետարում ավստրոնեզական գեղարվեստական ավանդույթը ի հայտ է եկել ավելի վաղ, քան խեցեգործությունը։
Հնագետների համար սա էապես փոխում է վաղ ավստրոնեզական էքսպանսիայի մասին պատկերացումները։ Խեցեգործությունը երկար ժամանակ համարվում էր այն հիմնական նյութական նշաններից մեկը, որոնցով հետևում էին այս ժողովուրդների տեղաշարժին։ Հիմա պարզվում է, որ մարդկանց ու տեխնոլոգիաների հետ մեկտեղ կարող էին տարածվել շատ ավելի քիչ ակնհայտ բաներ․ խորհրդանիշներ, պատկերացումներ և կոլեկտիվ ինքնություն։
Ավստրոնեզացի ծովագնացները հին աշխարհի ամենատպավորիչ վերաբնակիչներից էին․ նրանք բաց ծովով կտրում-անցնում էին հազարավոր կիլոմետրեր և բնակեցնում Հարավարևելյան Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի բազմաթիվ կղզիներ։