Mercedes-Benz-ը թարմացրել է C-Class-ը՝ մոդելային շարքում պահպանելով բենզինային և դիզելային շարժիչները։ Թարմացումը պայմանավորված է բնապահպանական պահանջների խստացմամբ և ներառում է արտաքին տեսքի, սրահի, էլեկտրոնիկայի ու ընթացային մասի մեջ կատարված փոփոխություններ, գրում է Autocar-ը։
Ընկերությունում թարմացված C-Class-ն անվանում են «մինի S-Class»։ Ավտոմեքենան ստացել է եռաթև աստղի տեսքով լուսային նոր տարրեր, որոնք ծանոթ են մոդելի էլեկտրական տարբերակից, ինչպես նաև հավելյալ լուսավորություն ռադիատորի ճաղավանդակի շուրջ։ Ընդ որում, ունիվերսալը պահպանել է նախկին հետևի լույսերը։

Նոր դիզայնը մոտեցնում է բենզինային և էլեկտրական C-Class-ները, ինչն արտացոլում է էլեկտրամոբիլների նկատմամբ Mercedes-ի փոխվող մոտեցումը։ Էլեկտրական EQE և EQS մոդելների համեմատաբար թույլ վաճառքներից հետո գերմանական արտադրողն աստիճանաբար հրաժարվում է էլեկտրամոբիլների առանձին դիզայնից և տեսողականորեն ավելի նման է դարձնում տարբեր ուժային ագրեգատներով մոդելները։
Այնուամենայնիվ, սովորական C-Class-ն էապես տարբերվում է իր էլեկտրական անալոգից։ Այն ավելի ցածր է, իսկ տանիքն ունի նվազ կտրուկ թեքություն։ Mercedes-ում ընդգծում են, որ դիզայնը պետք է մոդելը տեսողականորեն դարձնի ավելի սպորտային՝ ավելի խոշոր GLC քրոսովերի և զուսպ E-Class-ի ու S-Class-ի համեմատ։
Սրահում հայտնվել է նոր ղեկ՝ քրուիզ-քոնտրոլի կառավարման ֆիզիկական անջատիչով և աուդիոհամակարգի առանձին կարգավորիչով։ 12,3 դյույմանոց թվային գործիքային վահանակը և 11,9 դյույմանոց կենտրոնական էկրանը պահպանվել են, սակայն այժմ աշխատում են MBUX մուլտիմեդիոն համակարգի չորրորդ սերնդի հիմքով։
Գլխավոր տեխնոլոգիական թարմացումը դարձել է արհեստական բանականությամբ ձայնային ասիստենտը։ Այն օգտագործում է ChatGPT-ի, Google Gemini-ի ու Microsoft Bing-ի տեխնոլոգիաները և կարող է պատասխանել ավելի բարդ հարցերի, քան ձայնային կառավարման նախկին համակարգը։

Ուժային ագրեգատներն արտաքնապես մնում են գրեթե նույնը, սակայն ճարտարագետները վերամշակել են յուրաքանչյուր շարժիչ՝ հաշվի առնելով «Euro 7» բնապահպանական ստանդարտի ապագա պահանջները։
Միևնույն ժամանակ, ավելացել են հզորության և պտտող մոմենտի ցուցանիշները։ Թոփային C300e լիցքավորվող հիբրիդային տարբերակը միայն էլեկտրական քարշակով կարող է անցնել մինչև մոտ 114 կիլոմետր։
Մոդելային շարքում պահպանվում են սովորական բենզինային և դիզելային տարբերակները, ինչպես նաև դիզելային շարժիչներով լիցքավորվող հիբրիդները։
Ճարտարագետները թարմացրել են նաև ընթացային մասը։ Ավտոմեքենան ստացել է ավելի կոշտ ամորտիզատորներ, որոնք, Mercedes-ի տվյալներով, պետք է բարձրացնեն մանևրելիությունը՝ առանց բարձր արագությունների դեպքում հարմարավետության կորստի։
Չնայած կրոսովերների աճող ժողովրդականությանը՝ C-Class-ը մնում է Mercedes-ի առանցքային մոդելներից մեկը։ Իր նախորդի՝ 190 մոդելի հետ միասին այն 1982 թվականից ի վեր աշխարհում վաճառվել է ավելի քան 12 միլիոն օրինակով։