«Հրապարակ». Սրիկայից մինչեւ չուչել. Շշպռելու նուրբ արվեստը

Իշխանափոխությունից հետո Հայաստանի խորհրդարանական իրականությունում ամենալուրջ ճակատամարտերը վաղուց արդեն մղվում են ոչ թե օրենքների նախագծերի, դրանց վրա տաժանակիր աշխատանքի, այլ … բառերի շուրջ։

Առանձին վերցրած բառերի հետեւից ընկնելն ու Ազգային ժողովի աշխատանքն անպտուղ քննարկումների վերածելը հեշտ է, հարմար է, ահռելի դիտումներ է ապահովում, շարիկ գլորելուց չի շեղում ու, ամենակարեւորը՝ ազատում է մարդկանց մտածելու եւ լուրջ աշխատանք կատարելու պարտականությունից։

Իսկապես, ինչո՞ւ խորանալ բարդ թվերի, իրավական նրբությունների մեջ, օրենքներ գրել ու խմբագրել, եթե կարելի է մի քանի նիստ շարունակ պարզել, թե ով ում ինչ բառով «կնքեց»։ Սա «նոուհաու» է, որը ծնվել է 2018 թվականից հետո: Բազմաթիվ բառեր, վիրավորական կամ արտառոց արտահայտություններ երկար ու հոգեմաշ լեզվակռիվներ ու կրքեր են բորբոքել, էթիկայի հարցերի առարկա են դարձել:

«Սրիկա» եւ «սրիկայաբար» բառերը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո խորհրդարանում լարեցին իրավիճակը, ի վերջո՝ հունից հանեցին ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանին, հարամելով նրա` բարեվարքության քարոզը, որով նա սկսել էր իր պաշտոնավարումը: Ի վերջո, նա կիրառեց «սրիկա» որակումը` եթե «սրիկան» վիրավորանք է, ապա, ըստ Ռուբինյանի, Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի, իսկ եթե վիրավորանք չէ, ուրեմն նորմալ է, որ նրան էլ այդպես անվանեն։ Իր խոսքի մեջ Ռուբինյանն ուղիղ ձեւով Ղազարյանի հասցեին ասաց. «Մի սրիկա ասեց՝ սրիկա»։

«Սրիկայի» նման մի բառ էլ պեղեց կոկորդիլոսագետը՝ «թքած ունենալ»: Օգոստոսի 17-ի նիստում ՔՊ պատգամավոր Գարիկ Սարգսյանը խոսեց «թքած ունենալու նուրբ արվեստի» մասին, ապա ցիտեց Ռաֆայել Պատկանյանի «Հայերուս թուքը» բանաստեղծությունը: Այս լիրիկական զեղմանն էր նրան ներշնչել Սամվել Կարապետյանի ամիսներ առաջ արած արտահայտությունը՝ «թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցերի վրա էլ»: Գարիկ Սարգսյանը փորել, գտել էր այն: Հետաքրքիրն այն է, որ փոխանակ ընդդիմությունը նման բաներ հիշի, ՔՊ-ն է պեղում, վերհիշում: Բայց «Հայերուս թուքը» լսելով, ընդդիմադիր պատգամավոր Վրույր Այվազյանն էլ՝ «Ուժեղ Հայաստանից», հիշեց Ալեն Սիմոնյանի թուքը՝ ասելով. «Երբ թքելու մասին խոսք է գնում, ինձ մոտ մի քաղաքական գործիչ է ասոցացվում: Կարծում եմ՝ բոլորիդ մոտ նույն զգացողություններն են»: Ալեն Սիմոնյանի պատասխանը չհապաղեց։ «ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները` անունները չեմ գրում, քանզի դրանք ձեզ ոչինչ չեն ասի, մինչ օրս կռիվ են տալիս ԱԺ դահլիճում իմ շողքի հետ, բայց թքիցս վերեւ չեն կարողանում, միեւնույն է, բարձրանալ»,- գրեց նա իր ՖԲ էջում՝ ընդդիմադիրներին անվանելով փոքրիկ ծաղրածուներ եւ այլն:

Սա «գիժ, գիժը դու ես» դասական սկզբունքով ծավալվող երկխոսություն է, որն ավարտ չունի: Անվերջ կարելի է կրկնել՝ «չէ, դու ես», ինչը եւ հիմա տեղի է ունենում:

Էլի հիշարժան բառեր ենք ունեցել, որոնք խառնել են դաշտը:

Գագիկ Ծառուկյանի տանն ու բիզնեսներում իրականացված խուզարկությունների թեմայով «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հեգնանքով ասել էր. «Էդ մարդու չուչելներն էլ գողացան․․․ առյուծները՝ ոչինչ, կարթնացնեն, հետները կտանեն Ազգային ժողով»: ՔՊ-ն ընդդիմադիրներին վիրավորելու նոր էներգիա ստացավ։ «Ասում է՝ չուչելները խի՞ տարան։ Տարել են, որովհետեւ այդ ամենը պետությունից ու ժողովրդից թալանված փողերով է արվել, եւ օրենքի առաջ պատասխան տալիս խրտվիլակների հետեւում թաքնվել չի ստացվի»,- հակադարձում է նույն Սարգսյան Գարիկը, իսկ Սիմոնյան Ալենը, թե՝ «Խորհրդարանը կենդանաբանական այգի կամ թանգարան չէ, որ այստեղ առյուծների ու չուչելների թեմաներով քաղաքական շոուներ կազմակերպեք»։

Այլ բառեր էլ են եղել: «Դավաճան, կապիտուլյանտ»՝ 2020 թվականի պատերազմից հետո խորհրդարանում ընդդիմության կողմից ամենահաճախ օգտագործվող բառերն էին իշխանության հասցեին, որոնց ծեծկռտուքներ էին հետեւում, նիստերն էին ընդհատվում: Բայց ինչ ուզում ես ասա՝ վիրավորանքներ հասցնելու գործի դափնեկիրը վարչապետ Փաշինյանն է: Է՛լ շնաբարո դուրսպրծուկներ, է՛լ ժուլիկներ ու շուլերներ, է՛լ կախաղան կհանեինք, երկրից կվտարեինք, է՛լ ԱԱԾ-ի պադվալները կլցնեմ, է՛լ թաթիկները կկտրենք, է՛լ աստվածաշնչյան վիրավորանք՝ մարգարիտներ շաղ տալ խոզերի առաջ:

Այս ողջ խորհրդարանական «լեզվաբանությունը», իհարկե, պատահական չի ծնվել։ Սա հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թելադրած քաղաքական ոճն է, տարիներով ձեւավորած մթնոլորտն ու կանոնը՝ ամենատարբեր հնարքներով հանրությանը ֆռռացնել, սեփական մեղքերն ու ձախողումները մշտապես գցել ուրիշների վրա, իսկ ընդդիմախոսներին էլ ամենաթունդ բառապաշարով շշպռել ու բերանները փակել։ Արդյունքում ստեղծվել է մի իրականություն, որտեղ ամենասուր բառն ասողը կամ վերջին հայհոյանքը հնչեցնողը դառնում է օրվա հերոսը, իսկ երկրի իրական խնդիրները մնում են լուսանցքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *