Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ, աննախադեպ ճնշում է և իրական խոշտանգում ինչպես նրա, այնպես էլ նրա երեխայի ու ամբողջ ընտանիքի համար։ Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Մեկնաբանելով Արեգնազ Մանուկյանին քրեակատարողական հիմնարկից վանդակապատ մեքենայով տեղափոխելու կադրերը՝ Զոհրաբյանը այս վերաբերմունքը համեմատել է իրավապահ մարմինների ընտրովի մեղմության հետ աղմկահարույց քրեական գործերով անցնողների նկատմամբ, ինչպես նաև հիշել է եվրոպական պրակտիկայից նմանատիպ դեպքեր։

«Ես դիտում էի այդ կադրերը, թե ինչպես էին Արեգնազ Մանուկյանին վանդակապատ մեքենայով քրեակատարողական հիմնարկից տեղափոխում «Աբովյան»։ Եվ հիշեցի բոլորովին այլ կադրեր, թե ինչպես էին Փարաքարի մարդասպանին ուղեկցում՝ քիչ էր մնում կապուչինո ու մերսում առաջարկելով, որպեսզի նա հանգիստ հասնի Քննչական կոմիտե։ Շատ տարիներ առաջ Ստրասբուրգում, երբ ես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն էի և ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, քննարկվում էր Լիտվայից մի դեպք, երբ կնոջը ձերբակալել էին քաղաքական գործով և մեկ շաբաթ չէին թույլատրել տեսակցել անչափահաս երեխայի հետ։ Երբ նրան բերել էին քաղաքական հանձնաժողովի նիստին, բոլորը ոտքի էին կանգնել և ծափահարում էին նրան, իսկ եվրոպական կառույցներն անմիջապես խիստ բանաձևեր էին ընդունել միայն այն պատճառով, որ երեխային մեկ շաբաթ թույլ չէին տվել տեսնել մորը։ Իսկ Արեգնազի հետ ի՞նչ են անում։ Թքած ունեն Քրեական դատավարության օրենսգրքի վրա՝ արել են ամեն ինչ, որպեսզի նրան պահեն լիակատար մեկուսացման մեջ», – հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։

Նախկին պատգամավորը նաև քննադատել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, եվրոպական ինստիտուտներին և տեղական իրավապաշտպան ՀԿ-ներին՝ մեղադրելով նրանց երկակի չափանիշների և իշխանության քաղաքական ընդդիմախոսների իրավունքների խախտումները անտեսելու մեջ։ «Այսօր միջազգային կառույցներն ու հիմնադրամները մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը վերածել են աշխարհաքաղաքական սակարկության առարկայի։ Նրանք գալիս են այստեղ, գլխին շոյում, 118 միլիոն եվրո են խոստանում ու հեռանում։ Մեզ ժամանակին ստիպում էին օրենքով ամրագրել, որ կալանքը պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում։ Իսկ հիմա նայեք, թե ինչ է տեղի ունենում. բանտերը գերբնակեցված են։ Ո՞ւր են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բոլոր այն կազմակերպությունները, որոնք նախկինում կուրծք էին ծեծում և միջազգային կոնվենցիաներով էին ճոճում։ Ինչո՞ւ է հիմա լիակատար լռություն։ Եթե դրա համար գրանտ չեն տալիս, ուրեմն ձայնալարե՞րն էլ չեն աշխատում։ Այս ամենը իրական խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար, որն այսօր նշում է իր 14-ամյակը։ Բայց հենց որ այս ռեժիմը դադարի իրենց պետք լինել, նրանք երեք վայրկյանում կսթափվեն», – եզրափակել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը հուլիսի 9-ին իր տանը խուզարկությունից հետո երկու ամսով կալանավորվել էր՝ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ ՔԿՀ-ից Մանուկյանը նամակ էր ուղարկել, որտեղ հայտարարել էր իր անմեղության մասին, ինչպես նաև բողոքել էր արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման և 14-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ կապ հաստատելու հնարավորության բացակայությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *