Բաքվի շանտաժն էլի անցավ․ ռուս նախարարի խորհրդականը հրաժարական է տվել

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը, ով նախկինում, Բաքվի պնդմամբ, հակաադրբեջանական հայտարարություններ էր արել, հրաժարական է տվել:

Չադաևը այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։

«Ես որոշել եմ կամավոր հիմունքներով հրաժարական տալ Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդականի պաշտոնից», – նշել է նա։

Չադաևի պնդմամբ, փոդքասթում Ադրբեջանի մասին իր արած հայտարարություններն իր անձնական կարծիքն են: Հասարակական գործիրը նաև նշել է, որ «չի կարծում, թե ճիշտ է, որ նման հայտարարությունները ազդեն միջպետական ​​համագործակցության վրա և խոչընդոտներ ստեղծեն երկրների համատեղ աշխատանքի համար»։

Ավելի վաղ գրել էինք, որ օգոստոսի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների՝ լրագրողների, այդ թվում՝ Չադաևի նկատմամբ՝ նրանց մեղադրելով «ահաբեկչության հրապարակային կոչերի մեջ»:

Նրանց թվում են «Մոսկվա 24» հեռուստաալիքի հաղորդավար Իվան Կնյազևը, քաղաքական խորհրդատու և մեդիա փորձագետ Սեմյոն Ուրալովը և Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը։

Ավելի վաղ Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված ռուսական լրատվամիջոցներում, ըստ ադրբեջանական կողմի, «Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ վերջերս արված սադրիչ հայտարարությունների հետ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *