Գերմանիայում երկրամասային ղեկավարի թեկնածուն փորձում է ընտրողներին գրավել Tinder-ի միջոցով

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայի երկրամասային վարչապետի թեկնածու Դանիել Պետերսը փորձում է ընտրողներին գրավել արտասովոր եղանակով՝ Tinder ծանոթությունների հավելվածի միջոցով, հայտնում է DW-ն։

Մինչև սեպտեմբերի 20-ին կայանալիք երկրամասային խորհրդարանի ընտրությունները մնացել է մոտ մեկ ամիս, իսկ կուսակցությունը վարկանիշների հետ կապված լուրջ խնդիրներ ունի։

Պետերսը Tinder-ում պրոֆիլ է բացել՝ օգտատերերին ուղղված հետևյալ կոչով․ «Ինձ հետաքրքիր է ձեր կյանքը։ Եկեք քննարկենք, թե ինչն է անհրաժեշտ բարելավել»։ Միևնույն ժամանակ, կուսակցության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է, որ 45-ամյա քաղաքական գործիչը երջանիկ ամուսնացած է և անձնական ծանոթություններ չի փնտրում։

Ինքը՝ Պետերսը, հայտարարել է, որ հավելվածում իր հայտնվելն արդեն իսկ օգտատերերի ակտիվ արձագանք է առաջացրել։ Նրա խոսքով՝ պատասխանների քանակը հասնում է հարյուրավորների, ընդ որում՝ արձագանքների մեծ մասը դրական բնույթ է կրում։ Քաղաքական գործիչը կարծում է, որ շփման նման եղանակը միաժամանակ «և՛ ժամանցային է, և՛ տեղեկատվական»։

Նախընտրական արշավում Tinder-ի օգտագործումը քննադատության է արժանացել մրցակից կուսակցությունների կողմից։ Պետերսը, սակայն, իր պրոֆիլը համեմատել է սոցիալական այլ ցանցերում (օրինակ՝ Instagram-ում և Facebook-ում) ծավալած ակտիվության հետ։

ՔԴՄ-ի համար Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայի ընտրությունները խոստանում են բարդ լինել։ Ըստ հարցումների՝ կուսակցությունն այժմ ակնկալում է ձայների մոտ 10%-ը։ 2021 թվականի ընտրություններում նա ստացել էր 13,3%։

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղին հավակնում է աջակողմյան «Ալտերնատիվ Գերմանիայի համար» կուսակցությունը, որը շրջանցում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ), սակայն, ըստ կանխատեսումների, չի ստանա ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։

Գերմանական խոշորագույն կուսակցությունները հետևում են Ալտերնատիվ Գերմանյիայի համար կուսակցության հետ համագործակցությունից հրաժարվելու քաղաքականությանը, որը հայտնի է որպես «բրանդմաուեր»։ Հետևաբար, նույնիսկ ընտրություններում հաղթելու դեպքում կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա միայնակ կառավարություն ձևավորել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *