ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարը

ԱՄՆ համախառն պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարի շեմը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի Ֆինանսների նախարարության տվյալներին։

Ռեկորդային ցուցանիշը խորացրել է բյուջետային աճող անհավասարակշռության վերաբերյալ փորձագետների մտահոգությունները, քանի որ սոցիալական ծրագրերի իրականացման և պարտքի սպասարկման ծախսերը զգալիորեն գերազանցում են բյուջեի եկամուտներին։

Ֆիննախի տվյալներով՝ երեքշաբթի օրվա դրությամբ չմարված պետական պարտքի ընդհանուր ծավալը կազմել է 40,047 տրիլիոն դոլար։ Դրանից 32,266 տրիլիոն դոլարը մասնավոր ներդրողների նկատմամբ պարտավորություններն են, իսկ 7,782 տրիլիոն դոլարը՝ ներպետական պարտքը։

ԱՄՆ պետական պարտքն ավելի քան կրկնապատկվել է տասը տարուց էլ պակաս ժամանակահատվածում․ 2017 թվականի հունվարին, երբ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը, այն կազմում էր 19,95 տրիլիոն դոլար։ Աճի հիմնական մասը գրանցվել է COVID-19 համավարակի շրջանում, երբ Թրամփի, ապա նաև Ջո Բայդենի վարչակազմերը կտրուկ ավելացրել են պետական փոխառությունները։ Մնացած աճը պայմանավորված է բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի մշտական գերազանցմամբ։

Փորձագետները զգուշացնում են, որ առանց ծախսերի կրճատման, հարկերի բարձրացման կամ այս միջոցների համադրման՝ ԱՄՆ-ն կարող է բախվել պարտքային լուրջ ճգնաժամի։ Միևնույն ժամանակ, ներդրողներն արդեն իսկ ավելի բարձր եկամտաբերություն են պահանջում երկարաժամկետ ամերիկյան պարտատոմսերի դիմաց։ Երեքշաբթի օրը երկարաժամկետ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է վերջին գրեթե 20 տարվա առավելագույն ցուցանիշին։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չորեքշաբթի օրը հայտարարել է 10-ից 30 տարի մարման ժամկետ ունեցող գանձապետական պարտատոմսերի հետգնման ծավալների ավելացման մասին (մեկ գործարքի համար առնվազն մինչև 4 միլիարդ դոլարով)։

Իրավիճակը բարդացնում է օտարերկրյա ներդրողների կողմից պահանջարկի նվազումը․ նրանց է պատկանում ամերիկյան գանձապետական պարտատոմսերի գրեթե մեկ երրորդը։ Սա նշանակում է, որ ամերիկյան պարտքի ավելի ու ավելի մեծ մասը պետք է գնորդներ գտնի երկրի ներսում, ինչը կարող է մեծացնել շուկայի տատանողականությունը։

Միայն հուլիս ամսվա ընթացքում ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է 432 միլիարդ դոլար. սա երկրի պատմության մեջ ամսական չորրորդ խոշորագույն դեֆիցիտն է։ 2026 ֆինանսական տարվա առաջին 10 ամիսների ընթացքում դեֆիցիտն արդեն գերազանցել է նախորդ ամբողջ ֆինանսական տարվա ցուցանիշը։

Ընդ որում, պարտքի սպասարկման ծախսերը շարունակում են աճել։ Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին 10 ամիսների ընթացքում պետական պարտքի տոկոսավճարները գերազանցել են Medicare ծրագրի ծախսերը՝ դառնալով Սոցիալական ապահովագրությունից հետո դաշնային բյուջեի երկրորդ խոշորագույն հոդվածը։

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության գնահատմամբ՝ Թրամփի օրոք ընդունված «One Big Beautiful Bill Act» օրենքը հեռանկարում պետական պարտքը կավելացնի ևս մոտ 4,7 տրիլիոն դոլարով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *