Ավստրալոպիթեկներից մինչև Homo sapiens․ գիտնականն առաջարկում է բոլորին միավորել մեկ ցեղի մեջ

Մարդու էվոլյուցիայի մասին ժամանակակից պատկերացումները պահանջում են վերանայել մեր հնագույն նախնիների դասակարգումը․ նման կարծիք է հայտնել Մոնաշի համալսարանի հետազոտող Յան Թոուլը։ American Journal of Biological Anthropology ամսագրում հրապարակված հոդվածում նա առաջարկում է Homo ցեղի մեջ ներառել վերջին 4–5 միլիոն տարիների ընթացքում ապրած մարդկանց բոլոր հայտնի տեսակներն ու նրանց մերձավոր բրածո ազգակիցներին։

Մարդու էվոլյուցիան հաճախ պատկերում են հաջորդական շղթայի տեսքով՝ կապկանման նախնիներից մինչև ավստրալոպիթեկներ, ապա Homo-ի վաղ ներկայացուցիչներ և, ի վերջո, ժամանակակից մարդ՝ Homo sapiens: Սակայն վերջին տասնամյակների բրածո գտածոները ցույց են տալիս շատ ավելի բարդ պատկեր, որտեղ տարբեր խմբերի միջև սահմաններն այդքան էլ հստակ չեն։

Թոուլի համոզմամբ՝ ավանդական դասակարգումն էլ ավելի շատ խնդիրների է բախվում։ Մասնավորապես, Homo, Australopithecus և Paranthropus ցեղերը պարտադիր չէ, որ առանձին էվոլյուցիոն ճյուղեր ներկայացնեն։ Բացի այդ, այն հատկանիշները, որոնք նախկինում օգտագործվում էին դրանք տարանջատելու համար, այժմ դժվար է հավաստի համարել։

Պատմականորեն Homo ցեղը կապում էին համեմատաբար մեծ ուղեղի, գործիքների զարգացած կիրառման, ինչպես նաև անատոմիական ու վարքագծային որոշակի առանձնահատկությունների հետ։ Սակայն այսօր հայտնի են Homo-ի ներկայացուցիչներ, որոնք ունեցել են շատ փոքր ուղեղ, իսկ բարդ վարքագիծը, ամենայն հավանականությամբ, բնորոշ է եղել նաև ավստրալոպիտեկներին ու պարանտրոպներին։

Ուստի հետազոտողն առաջարկում է ընդլայնել Homo հասկացությունը՝ դրա մեջ ներառելով այն տեսակները, որոնք այժմ վերագրվում են Australopithecus-ին և Paranthropus-ին։ Նրա կարծիքով՝ այս մոտեցումն ավելի լավ կարտացոլի իրական էվոլյուցիոն կապերն ու թույլ կտա խուսափել դասակարգման մշտական վերանայումից (նոր բրածոներ հայտնաբերելուն զուգընթաց)։

Ժամանակակից կարգաբանությունը քայլ առ քայլ ձգտում է օրգանիզմները դասակարգել՝ ըստ դրանց ծագումնաբանական իրական կապերի՝ մեկ խմբում միավորելով ընդհանուր նախնուն և նրա բոլոր սերունդներին։ Սակայն մարդու էվոլյուցիայի պարագայում այս սկզբունքը դեռևս հետևողականորեն չի կիրառվում։

Նոր մոդելը չի նշանակում, թե բոլոր հնագույն մարդիկ նույնն են եղել։ Ընդհակառակը, այն ընդգծում է մարդկային էվոլյուցիայի բարդությունն ու ոչ գծային բնույթը։

Թոուլի խոսքով՝ որքան շատ են գիտնականները տեղեկանում մեր նախնիների ու նրանց մերձավոր ազգակիցների մասին, այնքան ակնհայտ է դառնում, որ պարզ «էվոլյուցիոն սանդուղքի» մասին սովորական դարձած պատկերացումը չի համապատասխանում բրածո տվյալներին։

Եթե առաջարկն ընդունվի, այնպիսի խմբերն, ինչպիսիք են Australopithecus-ը և Paranthropus-ը, այլևս չեն դիտարկվի որպես Homo-ից առանձին ցեղեր և կներառվեն անհամեմատ ավելի ընդարձակ Homo ցեղի կազմում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *