Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խիստ դատապարտել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի հայտարարությունները, որը կոչ էր արել ամեն օր սպանել տասնյակ «թշնամիների», հաղորդում է Bild-ը։ ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Սեբաստիան Հիլլեն նրա խոսքերը անվանել է «մարդատյաց և միջազգային իրավունքին հակասող» և հայտարարել, որ դրանք «անընդունելի են»։
Բեն-Գվիրը ՀԱՄԱՍ-ի նախկին պատանդ Ռոմ Բրասլավսկու հետ փոդքաստում հայտարարել է, որ անհրաժեշտ է «ամեն օր սպանել 30–40 թշնամու»։ Նա նաև ասել է, որ Գազայի հատվածում կան մարդիկ, որոնք «արժանի չեն ապրելու»։ Միևնույն ժամանակ, նրա խոսքերից պարզ չէր՝ նա խոսում էր բացառապես մարտիկների, թե ընդհանուր առմամբ պաղեստինցիների մասին։
Նախարարի հայտարարությունները դատապարտել են նաև Գերմանիայի հրեական կազմակերպությունները։ Հրեաների կենտրոնական խորհրդի ղեկավար Յոզեֆ Շուստերը հայտարարել է, որ Բեն-Գվիրի խոսքերը «տրամագծորեն հակասում են հրեական արժեքներին և վնասում Իսրայելի հեղինակությանը»։ Գերմանա-իսրայելական ընկերակցությունը նույնպես դրանք անվանել է «մարդատյաց և անպատասխանատու»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առայժմ հրապարակայնորեն չի մեկնաբանել Բեն-Գվիրի խոսքերը։ Ինքը՝ նախարարը, հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով, իսկ նրա խոսքերը բազմիցս դարձել են Իսրայելի կառավարության ներսում սկանդալների պատճառ։