Տարեկան 500 մլն դոլարի արտահանում և ազգային ԱԲ լաբորատորիա. Կառավարության նոր թիրախները

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

BanksNews.am ուսումնասիրել է փաստաթուղթը և առանձնացրել բարձր տեխնոլոգիական արտադրության (Deep Tech) զարգացման ու Արհեստական բանականության (ԱԲ) էկոհամակարգի ներդրման հիմնական ուղղությունները:

1. Բարձր տեխնոլոգիական արտադրություն (Deep Tech) և Ռազմարդյունաբերություն

  • Հայաստանը դիրքավորվելու է որպես խոր տեխնոլոգիաների մշակման, արտադրության և արտահանման կենտրոն՝ հետազոտությունից մինչև սերիական արտադրություն:
  • Մարզային տեխնոլոգիական պարկեր. Գյումրու և Վանաձորի օրինակով կստեղծվեն նոր մարզային տեխպարկեր, որոնք կծառայեն որպես ինկուբացիոն, ինժեներական, լաբորատոր փորձարկման և նախատիպավորման հարթակներ:
  • Ֆինանսավորում և Scale-up. Կձևավորվի ստարտափների ֆինանսավորման ամբողջական շղթա՝ գաղափարի փորձարկման դրամաշնորհներից մինչև աճի կապիտալ, լիզինգ և «նորարարական լուծումների առաջին գնորդի» մեխանիզմներ:
  • Կիսահաղորդիչներ և միկրոէլեկտրոնիկա. Զարգացվելու են չիպերի նախագծման, ներկառուցված համակարգերի, փորձարկման և առաջադեմ փաթեթավորման կարողությունները՝ խորացնելով Հայաստանի դերը գլոբալ արժեշղթայում:
  • Միջազգային ընկերություններ. Իրականացվելու է միջազգային առաջատար տեխնոլոգիական հսկաների R&D և արտադրական ստորաբաժանումները Հայաստանում տեղակայելու քաղաքականություն:
  • Ռազմարդյունաբերություն. Կշարունակվեն պետական ներդրումները երկակի նշանակության տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտում՝ երկարաժամկետ պետական գնումների և համատեղ արտադրությունների միջոցով:
  • Հիմնական թիրախ. Մինչև 2031 թվականը ապահովվելու է Հայաստանում մշակված առնվազն 20 բարձր տեխնոլոգիական արտադրանքի անցումը սերիական արտադրության, իսկ ոլորտի տարեկան արտահանման ծավալը հասցվելու է առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի:

2. Արհեստական բանականություն (AI) և Ազգային ենթակառուցվածքներ

ԱԲ-ն դիտարկվում է որպես տնտեսության արտադրողականության և պետական կառավարման բարձրացման առանցքային գործիք:

  • ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ. Ոլորտը համակարգող նախարարության ներքո կստեղծվի մասնագիտացված գրասենյակ, որը կկարգավորի ԱԲ ազգային քաղաքականությունը, հաշվարկային ռեսուրսների հասանելիությունը և միջազգային համագործակցությունը:
  • Ազգային AI լաբորատորիա. Կստեղծվի առնվազն մեկ ազգային լաբորատորիա՝ AI engineering-ի, խելացի թվային համակարգերի և Deep-Tech նախատիպավորման R&D աշխատանքների համար:
  • «AI գործարանների պարտեզ» (Garden of AI Factories). Կձևավորվի ԱԲ գործարանների, գերժամանակակից տվյալների կենտրոնների (Data Centers) և հաշվողական ենթակառուցվածքների փոխկապակցված էկոհամակարգ՝ ապահովված անհրաժեշտ էներգետիկ և կապի ռեսուրսներով:
  • Հայերենի բաց AI ենթակառուցվածք. Կստեղծվեն հայերենի համար որակյալ տվյալաշարեր, խոսքի և տեքստի ճանաչման/սինթեզի գործիքներ, լեզվական մոդելներ (LLM), որոնք հասանելի կլինեն գիտական, կրթական և բիզնես ոլորտներին:
  • Աշխատաշուկա և վերապատրաստում. Պարբերաբար կգնահատվի ԱԲ-ի ազդեցությունը աշխատաշուկայի վրա. կներդրվեն աշխատողների վերամասնագիտացման, գործատուների համաֆինանսավորմամբ հմտությունների զարգացման և վճարովի պրակտիկայի ծրագրեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *