«Կասեի, որ պետք է թողնել նրանց խղճին, բայց մենք չենք թողնի»․ Զախարովան՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ Ուկրաինայի մերձեցման մասին

Մեր հասարակությունն անվերապահորեն անընդունելի է համարում Նախագահ Զելենսկու ռեժիմի հետ ֆլրիտը, հատկապես երբ դա արվում է մեր գործընկերների և դաշնակիցների կողմից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, թե իբր իր երկիրն ավանդ է ունեցել հետխորհրդային երկրների «անցյալում ձեռք բերած անկախության գործում»։

Բացի այդ, Զելենսկին նշել էր Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին և ընդգծել «երկար դադարից հետո» Հայաստանի հետ կապերի վերականգնումը։

Զախարովայի խոսքով՝ իր հնչեցրած դիրքորոշումը պատկանում է ոչ միայն երկրի պետական կառույցներին, այլև ողջ հասարակությանը։

«Սա այն հարցն է, երբ մեր քաղաքացիները, որոնք բառացիորեն թիրախավորված են կիևյան ռեժիմի ահաբեկչական հարձակումների կողմից և հստակ գիտակցում են այդ ռեժիմի նեոնացիստական էությունը (որն այժմ դրանք դավանում են բացահայտորեն), հարց են տալիս․ իսկ ինչպե՞ս է, որ որոշ երկրներ, պաշտոնական ներկայացուցիչներ, պետական ծառայողներ ու քաղաքական գործիչներ չեն տեսնում այդ ամենը։ Այն երկրները, որոնք, կրկին ընդգծեմ, մեր դաշնակիցներն են, գործընկերներն ու բարեկամները․․․

Մենք, անշուշտ, դատապարտում ենք Կիև կատարած այցերը և ահաբեկիչների պարագլուխների հետ եղբայրացումը։ Նրանք բացահայտ հայտարարում են ռուսական ամեն ինչ ոչնչացնելու իրենց նպատակի մասին, ամեն օր գնդակոծում են մեր երկրի քաղաքացիական օբյեկտները և սպանում խաղաղ բնակիչների՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների։ Բացի այդ, նրանք սարսափելի վճրագործություններ են կատարում և արդարացնում հիտլերյան Գերմանիայի բանդերական աջակիցներին։ Ի դեպ, հենց այդ նույն Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար իրենց կյանքն են տվել Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների ու ազգությունների միլիոնավոր քաղաքացիներ։

Բացարձակապես անհնար է հասկանալ, թե հանուն ինչի է պետք հյուրընկալել ուկրաինական խունտայի ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակցել քաղաքականացված, այսպես կոչված, հավաքներին, և դեռ մի բան էլ ամբիոն տրամադրել՝ Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Սրան լուռ հետևե՞լ, թե՞ երես թեքել ու ձևացնել, թե չենք լսել կամ չենք տեսել։ Այս հարցը բոլոր նրանց համար է, ովքեր անում են դա։

Կասեի՝ պետք է թողնել իրենց խղճին, բայց մենք չենք թողնի։ Մենք, անշուշտ, կոչ ենք անելու նրանց խղճին, բայց չենք ձևացնի, թե այս ամենը չենք նկատում։ Որովհետև նրանք պետք է լիովին հաշիվ տան իրենց, թե ինչ ռիսկերով է հղի նման քաղաքականությունը, այդ թվում՝ մեր երկրի հետ հարաբերությունների համատեքստում։

Ակնհայտ է, որ Կիևի լիովին սնանկացած բռնազավթիչին վայել չէ խոսել այլ երկրների անկախության մասին։ Նրանց կառավարման հետևանքով Ուկրաինան վերջնականապես կորցրեց (թեև ինձ դուր չի գալիս այս ձևակերպումը, ես կարծում եմ, որ հենց Զելենսկին է Ուկրաինային զրկեց) անկախության վերջին նշույլները և լիովին նստեց արևմտյան հովանավորների ֆինանսական, տնտեսական ու ռազմատեխնիկական «ասեղի» վրա։ Նա երկիրը տասնամյակների կախվածության մեջ գցեց, ոչնչացրեց այն ամենը, ինչ կոչվում էր ժամանակակից ուկրաինական պետականություն, որը նոր էր ձևավորվում և առաջին քայլերն էր անում 20-րդ դարի վերջին ու 21-րդ դարի սկզբին։

Նա ամեն ինչ ոչնչացրեց։ Ամեն ինչ բառացիորեն աղավաղեց ու ապականեց», — հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *