Հեծանվորդի հարվածից հետո Կոմոյի քաղաքապետն արգելել է պատմական կենտրոնում իրականացվող հեծանվային երթևեկությունը

Իտալական Կոմո քաղաքի քաղաքապետ Ալեսանդրո Ռապինեզեն սեպտեմբերից կարգելի հեծանվորդներին երթևեկել պատմական կենտրոնի մոտ 30 փողոցներով այն բանից հետո, երբ ինքն ընկել է էլեկտրական հեծանվի անիվների տակ, գրում է The Guardian-ը։

Նոր կանոնների համաձայն՝ թե՛ սովորական, թե՛ էլեկտրական հեծանիվ վարողները ստիպված են լինելու իջնել հեծանվից և ոտքով անցնել Կոմո լճի ափին գտնվող պատմական պարսպապատ կենտրոնի այդ հատվածները:

Որոշումն անմիջապես արժանացել է տեղացիների և քաղաքական գործիչների քննադատությանը, ովքեր քաղաքապետին մեղադրում են անձնական միջադեպով առաջնորդվելու մեջ: Ակտիվիստներն արդեն ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել արգելքը, իսկ սեպտեմբերի կեսերին ծրագրում են զանգվածային հեծանվարշավ անցկացնել սահմանափակում մտցված փողոցներում:

Քաղաքապետը չի էլ հերքում, որ որոշման համար հիմք է դարձել իր մասնակցությամբ պատահարը: Նա պատմել է, որ հունիսին, երբ դուրս էր գալիս քաղաքապետարանից, իրեն էլեկտրական հեծանիվ է հարվածել (միջադեպի մեղավորն այդպես էլ չի պարզվել): Ստացվել է այնպես, որ հենց նույն օրը քաղաքային իշխանությունները քննարկում էին կենտրոնում երթևեկության սահմանափակումների հարցը:

Ռապինեզեի պնդմամբ՝ քայլն անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար, հատկապես եթե հաշվի առնենք զբոսաշրջիկների հոծ հոսքը: Սահմանափակումը վերաբերում է բոլոր տեսակի հեծանիվներին, քանի որ իտալական ճանապարհային երթևեկության կանոններով էլեկտրական և սովորական հեծանիվների միջև տարբերակում չկա: Ինչ վերաբերում է վարձույթով տրվող էլեկտրական ինքնագլորներին, սպա դրանք Կոմոյի կենտրոնում արգելվել էին դեռևս 2022 թվականին:

Որոշման հակառակորդներն ընդգծում են, որ արգելքը տարածվելու է նաև պատմական կենտրոնի ամենալայն փողոցների վրա, որոնք լճին միացնող ամենաարագ երթուղիներն են: Բացի այդ, սահմանափակումը լուրջ խնդիրներ է ստեղծելու առաքիչների և այն խանութների համար, որոնց գործունեությունը կախված է ապրանքների առաքումից:

Քննադատները կարծում են, որ քաղաքապետը պետք է պայքարեր առանձին վարորդների վտանգավոր վարքագծի դեմ, այլ ոչ թե ընդհանուր արգելք դներ: «Nova Como» տեղական հասարակական կազմակերպության նախագահ Վինչենցո Ֆալանգան նշել է, որ Ռապինեզեի վարչակազմը «անհատական խնդիրները վերածում է հավաքականի»:

Այնուամենայնիվ, քաղաքապետը մտադիր չէ հրաժարվել իր որոշումից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *