Բալիում դատարանը շվեյցարիացի 26-ամյա քաղաքացի Լուցիան Անդրին Ցգրագգենին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ կրոնական զգացմունքները վիրավորելու համար։ Տղամարդը սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել, որտեղ «Նյեպի»՝ հինդուիստական «Լռության օրվա» ընթացքում քայլում էր դատարկ լողափով և կատարվածը անվանում «խելագարություն»։ Տեսանյութը մեծ դժգոհություն էր առաջացրել տեղի բնակիչների շրջանում։
Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով ու մեդիտացիայով։ Սահմանափակումները վերաբերում են նաև կղզում գտնվող զբոսաշրջիկներին․ այդ օրը չեն գործում օդանավակայանն ու ինտերնետը, իսկ ժամանցային միջոցառումները սահմանափակված են։ Դատարանում զբոսաշրջիկը հայտարարել է, որ չի գիտակցել սահմանափակումների իրական չափը և ներողություն է խնդրել Բալիի բնակիչներից։ Դատարանը արձանագրել է, որ նրա արարքը վիրավորել է տեղի բնակիչներին և նրանց հավատը։